Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պոտենցիալ դաշնակիցն այս պահին ՌԴ-ն է եւ Իրանը, իսկ Արեւմուտքը քաջալերում է Ադրբեջանի իշխանություններին

Դեկտեմբեր 28,2022 22:02

Aravot.am-ի զրուցակիցն է «Միացյալ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վարդան Այվազյանը

-Մոտ 20 օր է Բերձորի միջանցքը փակ է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով եւ խնդիրներով. 2022 թվականը բարդ իրավիճակում ենք ամփոփում, Ձեր կարծիքով, լուծումները մինչեւ տարեվերջ, հնարավո՞ր է նշմարել, թե՞ 2023-ին դեռ անակնկալներ են սպասվում մեզ:

-2023 թվականին մնում է մի քանի օր, կարծում եմ, մի քանի օրվա ընթացքում, երկնքից աստղեր հնարավոր չի լինի իջեցնել:

Ինչ վերաբերվում է Բերձորի խնդրի լուծմանը՝ լինելով իրավական խնդիր, նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այն տեղափոխվել է քաղաքական հարթություն եւ ցավալին այն է, որ քաղաքական կամքի դրսեւորման կամ որոշումներ ընդունելու հարցում, մեր երկրի իշխանություններն ազդեցություն չունեն: Ըստ էության, խնդրի լուծումը, 120 հազար ժողովրդի ճակատագիրը, մնացել է Ադրբեջանի քաղաքական պահանջների քմահաճությանը եւ ՌԴ-ի փաստացի հնարավորությանը, որպեսզի կարողանան դիմակայել արեւմտյան ճնշումներին: Եթե մենք ելնենք մեր հայրենակիցների շահերից, պետք է ցանկանանք, ամեն ինչով աջակցենք, որ րոպե առաջ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, որպեսզի հնարավոր լինի Բերձորի միջանցքով, հավուր պատշաճի ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը եւ կենսապահովումը:

-ՀՀ իշխանությունները հարցի լուծումը, կարծես, դեռ տեսնում են իրավական հարթությունում՝ նկատի ունեմ ՄԻԵԴ դիմումը եւ միջանկյալ որոշումը: Զուգահեռաբար, նաեւ ռազմական փորձագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ հարցը այլեւս ռազմական հարթություն է տեղափոխվում: Այս մասին ի՞նչ կասեք:

-ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում կայացրեց հօգուտ միջանցքը բացելու, բայց այն ի կատար չի ածվում ադրբեջանական իշխանության կողմից եւ երբ ես ասում եմ հարցը քաղաքական հարթություն է տեղափոխվել, հարցի լուծման ռազմական բաղադրիչը նույնպես նկատի ունեմ: Ուժի կիրառմամբ միջանցքի բացումը նույնպես քաղաքական որոշման արդյունք պետք է լինի ու հարցը դարձյալ մնում է գերտերությունների փաստացի հնարավորության տիրույթում: Եթե օբյեկտիվորեն նայենք՝ առաջին գերտերությունը, որը շահագրգիռ է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմամբ, ՌԴ-ն է: Մյուս կողմից՝ Արեւմուտքը սատարում է Ադրբեջանին՝ ընդդեմ ՌԴ-ի: Կյանքը ցույց է տվել, որ աշխարհաքաղաքականության մեջ, մեր 120 հազար հայրենակիցների կյանքը գրոշ չարժե: Օրինակը Սիրիան է. Արեւմուտքը՝ մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով ռազմական գործողություններ ծավալեց այդ երկրում եւ Սիրիայի մոտ մեկ միլիոն քաղաքացիներ սպանվեցին: Եթե սա մարդու իրավունքների պաշտպանություն է…

Ընդամենը փաստեմ, որ նույնն այսօր տեղի է ունենում արցախցիների հետ: Ուստի, կարեւոր է գերտերությունների ուշադրությունը հրավիրել, նրանց աջակցությունը ստանալ ու եթե անգամ ռազմական բաղադրիչի կիրառման անհրաժեշտություն լինի, այդ ամենը մոտիվացված լինի:

Իսկ թե ինչո՞ւ է հարցը տեղափոխվել իրավական տիրույթից քաղաքականի, ըստ իս, 1990 թվականից՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր, միջազգային իրավունքը վերացավ, աշխարհը երկբեւեռ աշխարհակարգից անցավ միաբեւեռի եւ միջազգային իրավունքի փոխարեն գործում են գերտերությունների սահմանած կանոնները: Այդ պատճառով, հիմա դիվանագիտական մեծ ջանքեր պետք է ներդրվեն, որպեսզի այդ սահմանված կանոնները հնարավոր լինի ծառայեցնել մեր շահերին:

-Իսկ հայկական կողմը ներդնո՞ւմ է բոլոր եւ բավարար ջանքերն, ըստ Ձեզ:

-Առաջին եւ անկեղծ տպավորությամբ՝ միանշանակ՝ ոչ, չի ներդնում: Իհարկե, բանակցությունների, պայմանավորվածությունների, խոստումների մասին մենք բավարար տեղեկատվություն չունենք եւ դատողություններ անել չենք կարող, բայց առաջին, արտաքին տպավորությունն այն է, որ մեր իշխանությունները գրեթե ջանք չեն գործադրում:

-Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ենթադրաբար որոշակի տեղեկատվության տիրապետում է, օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ չեն արձագանքում Արցախում ստեղծված իրավիճակին:

– Ինձ մոտ նույն տպավորությունն է, որ բավարար քայլեր չեն ձեռնարկվում: Զուտ մի քանի քայլեր՝ շղարշի համար՝ ՄԻԵԴ դիմում, ՄԱԿ-ի ԱԽ-ում խնդրի բարձրացում եւ այլն, շատ լավ հասկանալով, որ դրանք այսօր անատամ կառույցներ են, նրանց որոշումները չեն կարող խնդրին լուծում տալ: Դրանից բացի, որեւէ այլ ջանք, համենայնդեպս ես, չեմ տեսնում եւ, այս առումով, թերեւս կարելի է Արցախի պետնախարարի կարծիքը կիսել:

-ՀՀ իշխանությունների նպատակը ո՞րն է:

-Հավանաբար, իրենց սուբյեկտիվ ընկալմամբ, երբ միշտ հայտարարում են 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն իրենց կարմիր գիծն է, դա իրենցն է, մնացածն՝ իրենցը չէ ու փորձում են այդ միջոցով իրենց համար բաղձալի խաղաղությունն ապահովել: Ըստ իս, մեթոդաբանական առումով դա կհանգեցնի ճիշտ հակառակ էֆեկտի. որքան շատ տարածք զիջենք մեր թշնամուն, այդքան նրա ախորժակը բացվելու է եւ այդքան թե իշխանությունը, թե ժողովուրդը, կանգնելու են փաստի առջեւ: Այսինքն, ամեն ինչ զիջել, պահել 29.8 քառակուսի կիլոմետր եւ դա համարել խաղաղության պայման, ես կասեի դա առնվազն մոլորություն է, բայց թերեւս ավելի կոպիտ ասեմ՝ մանկամտություն:

– Հայաստանի միակ հույսն այս պահին կարծես ՌԴ-ն է ու ռուս խաղաղապահները, բայց ՄԱԿ-ի քննարկումներում ՌԴ ներկայացուցիչը ադրբեջանական թեզը հնչեցրեց՝ ասելով, որ միջանցքը մասամբ բաց է, նաեւ Սերգեյ Լավրովը նախատեց՝ Մոսկվայում, ԱԳ նախարարների հանդիպմանը Արարատ Միրզոյանի չմասնակցելը՝ ասելով, որ յուրաքանչյուր նման հանդիպումից խուսափելը բարդ իրավիճակ կստեղծի այդ կողմի համար: Մի տեսակ՝ պարադոքս է ստացվում:

-Այնպես չէ, որ ՌԴ-ն, երբ ինչ-որ քայլեր է ձեռնարկում, մեր սիրուն աչքերի համար է անում, դրանք, բնականաբար, իր աշխարհաքաղաքական շահերից են բխում: Պարզապես, խնդիրն այն է, որ Հայաստանի հետ աշխարհաքաղաքական շահերի քիչ թե շատ համընկում եւ այդ համատեքստում մեզ աջակցություն, հնարավոր է միայն ՌԴ-ից: ՌԴ-ի նման վարքագիծն, ըստ իս, պայմանավորված է նրանով, որ իրենք առաջին հերթին ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի իրենց երկրի հեղինակությունն ու վարկանիշը ապահովեն: Իսկ մնացած գործողությունները, որոնք պետք է կատարվեն, արդեն ածանցվում են իրենց երկրի վարկանիշին: Հիմնական ու գլոբալ պատճառը, որ ՌԴ-ն չի կարողանում այս խնդրին լուծում տալ, ըստ իս, իրենց կողմից այն մտավախությունն է, որպեսզի Կովկասում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ չբացվի: Կարծում եմ, սա նաեւ Ադրբեջանում են հստակ հաշվարկել եւ նման դեմագոգ միջոցներով՝ բնապահպանների անվան տակ, ուղղակի փորձում են սադրել ռազմական գործողություններ:

Կարծում եմ, իհարկե, չեմ էլ կասկածում արցախցիների ուժեղ կամքի վրա, եթե ցրտերը մի փոքր էլ սաստկանան, ադրբեջանցի՝ բնապահպան կոչեցյալները, արդեն չեն էլ կարողանա իրենց գործառույթները կատարել:

Միջազգային հանրությունը, որքան էլ իբր ճնշումներ է գործադրում, ըստ իս, դրանք էլ դեմագոգության նման մի բան են, արտաքին շղարշի համար, ցույց տալու համար, որ իրենք օբյեկտիվ են, մարդու իրավունքների շահերից են ելնում, բայց հնարավոր է, որ կուլիսներում քաջալերում են ադրբեջանական իշխանություններին եւ հովանավորում են նրանց վարքագիծը: Այնպես չէ, որ միջազգային կառույցների ասածները մենք միանշանակ եւ հալած յուղի տեղ պետք է ընդունենք: Պարզապես՝ ունենք այն, ինչ ունենք եւ այս պարագայում, մեր ունեցած եւ պոտենցիալ դաշնակիցները, քիչ թե շատ, ՌԴ-ն է եւ Իրանը: Ես նրանց այլընտրանք չեմ տեսնում:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031