Լրահոս
Օրվա լրահոսը

Երազանքների ծրագիր՝ Գյումրիում․ 85-ամյա ծննդատանը կկատարվի արհեստական բեղմնավորում

Դեկտեմբեր 28,2022 21:30

2023 թվականից Գյումրու 85-ամյա ծննդատանը կգործի արհեստական բեղմնավորման ծառայություն, որն, անխոս, կփոխի ժողովրդագրական պատկերը Շիրակի մարզում։

Այն բացառապես իրականացվելու է անվճար՝ անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակներում։

Օրերս առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն և «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը քննարկել են ռազմավարությունը։

Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, այս ծրագիրը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով։ Վարչապետը դեկտեմբերի 13-ին հանձնարարել էր մշակել անպտղության հաղթահարման պետական ծրագիրը 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ։ Շիրակն առաջինն է Հայաստանի Հանրապետության մարզերից, որտեղ կատարվելու է արտամարմնային բեղմնավորում։

Ըստ մեր զրուցակցի, ծառայությունը ոչ միայն հասանելի է լինելու գյումրեցիներին ու շիրակցիներին, այլ Լոռու ու Արագածի մարզերի բնակիչներին։ Այն նախատեսված է հատուկ կարգ ունեցողների համար, նրանց ցանկը կհրապարակվի Նոր Տարին սկսվելուն պես։

Արմեն Իսահակյանը նշեց նաև, որ այս ծառայության համար իրենք պատրաստվում են ձեռք բերել նորագույն սարքավորումներ՝ կառավարության և մյուս գործընկերների օժանդակությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ն միավորվել է Գյումրու ԲԿ-ի հետ և գործում է որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք։

«Մենք Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձագինեկոլոգիայի և ռեպրոդուկցիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանի հետ պայմանագիր ենք կնքել առ այն, որ Գյումրիում կունենանք մասնաճյուղ և կլինիկական օրդինատուրայում սովորող ուսանողները իրավունք կստանան իրենց պրակտիկան անցկացնել մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում։

Մեր ծննդատան 85-ամյակի առիթով սա ամենամեծ նվերն է, Գյումրու ծննդատունը հանդիսացել է դարբնոց Շիրակի մարզի բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների համար, այն նաև մեթոդական կենտրոն է, որտեղ տասնապատիկ անգամ ավելացել են գինեկոլոգիական բարդ վիրահատությունների թիվը, կատարվում են օնկո վիրահատություններ։ Ավելացրել ենք նաև վճարովի ծառայությունների թիվը, ավելացել է ծնունդների թիվը։ Այս բոլոր ձեռքբերումների ֆոնին նման ծառայություն ունենալը համարում են ամենակարևոր ձեռքբերումը»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Հիշեցնենք, որ փակվելու վտանգի տակ գտնվող, պարտքերի մեջ թաղված Գյումրու ծննդատունը Գյումրի բժշկական կենտրոնին միավորվելուց հետո վերանորոգվեց, անճանաչելի դարձավ ու կտրուկ ավելացան ծնունդների թիվը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031