44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած եւ զոհված հերոս Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանն այսօր որդու լուսանկարը ձեռքին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր անում: Նա հայտարարություն էր տարածել ու դիմել որդեկորույս մայրերին՝ խնդրելով միանալ:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «2020-ից հետո ես Նոր տարի չեմ անում: Քանի որ դա ընտանեկան տոն է, ես նշում եմ իմ տղայի մոտ՝ իր շիրիմի կողքը: Ինձ համար դժվար է իմ տղայի նկարին նայել, շատ-շատ դժվար է: Միայն ինձ նման ծնողները կհասկանան, թե դա ինչ տանջալի է: Այս ակցիայով ցանկացել եմ անցուդարձ անողներին, որոնք գալու են տոնածառի մոտ ուրախանալու, հիանալու լույսերով, եւս մեկ անգամ ասելու, որ պարտավոր են հիշել մեր տղաներին: Այս տղաները զոհվել են հայրենիքի համար: Նա գիտակցաբար է գնացել եւ զոհվել: Նա էլ էր ուզում ապրել, ուներ 7 ամսական երեխա, ուզում էր իր երեխային, որպես հայր, մեծացնել, դաստիարակել: Բայց երբ օրհասական ժամը հասունացել էր, նրա համար հայրենիքի հողը ավելի կարեւոր է եղել, քան երեխան, իր ծնողը, որովհետեւ գիտակցել է՝ եթե ինքը զոհվի, բայց հայրենիքը մնա, իր երեխան էլ կապրի, ծնողն էլ կապրի: Բոլորը կշարունակեն իր գործը»:
Օհանջանյանի մայրը պատմեց, որ երբ գնում էր ռազմի դաշտ, կնոջն ասել է՝ ես գնում եմ, որ ժամանակը գա, իմ որդին չգնա:
Կարդացեք նաև
Այս ցույցով Օհանջանյանի մայրն ուզում է, որ մյուսները սթափվեն, որովհետեւ հայրենիքը միայն իր որդունը չէր, որ զոհվեց, իսկ մենք մաս-մաս կորցնում ենք հայրենիքը: Որդու զոհվելուց հետո մոր համար Արցախի հողը է՛լ ավելի է սրբացել. «Այնտեղ շաղախվել է մեր տղաների արյունը, ո՞նց կարելի է թույլ տալ, որ այդ հողի վրա թուրքը քայլի: Մի՞թե դուք հայ չեք, խիղճ չունեք, այնտեղի բնակչությունը ինչքան ժամանակ է՝ շրջափակման մեջ է: Տոնածառով էլի հիացեք, Նոր տարի նշեք, բայց դուք պատկերացնո՞ւմ եք այնտեղ ինչ է կատարվում: Մի՞թե հնարավոր չի ազգովի մի անգամ վերջապես ոտքի կանգնել ու ցույց տալ աշխարհին, որ մենք ուժ ենք, ունենք հայրենիք: Թող հայ ազգը նշի Նոր տարին, ինձանից խլել են այդ նոր տարիները, ես ընդհանրապես տոն օր չունեմ: Թող ոչ մեկը ինձ չասի՝ կյանքը շարունակվում է, ժամանակը կբուժի, ո՛չ»:
Ըստ տիկին Օհանջանյանի, մեր դժբախտությունները սկսեցին այն ժամանակ, երբ սկսեցին մտածել, թե Արցախը բեռ է, կամ՝ իմ տղան ինչո՞ւ գնա ծառայի Արցախում, երբ սկսեցին անտարբեր լինել, թե՝ Արցախում ինչ ուզում է լինի: Նա մի օրինակ բերեց. «Կողքիս մի անձնավորություն ասեց՝ հեսա Մեղրին էլ կտան, Կապանն էլ կտան, մյուսն ասեց՝ չէ, չեն տա ոչ Մերին, ո՛չ Կապանը, հանգիստ եղիր: Ես շրջվեցի եւ ասացի՝ ոչի՞նչ, որ Արցախն են ուզում տալ, բա այդ դեպքում էլի՞ հանգիստ մնանք: Ասում է դե Արցախն է, թող արցախցին մտածի: Եթե մեր շրջապատում կան այսպիսի մտածելակերպ ունեցող մարդիկ, ես իմ պարտքն եմ համարում, որ նմանատիպ մարդկանց ուղեղը ոնց լվացել են, նույն ձեւով մտցնենք ուղեղը, որ հայրենիքը ոչ մի բանի հետ չենք կարող փոխել: Ես ատում եմ այն մարդուն, որն ապրում է արտասահմանում ու չի մտածում, որ հայրենիք ունի, մտածում է՝ այստեղ լավ , ապրեմ: Թող ապրեն, բայց այս տղաների հիշատակը պիտի վառ պահեն: Ես եկել եմ այստեղ ոչ թե դա խնդրելու, այլ պարտադրելու»:
Արման Օհանջանյանի մոր կոչին մյուս որդեկորույս ծնողները չեն լսել ու չեն միացել: Նա ասաց. «Մենակ էլ լինեմ՝ գալու եմ, հարյուր հոգով էլ լինեմ՝ գալու եմ: Արմանիս նկարին նայելով՝ այն փոքր երեխան էլ պետք հասկանա, որ մեր ազգի հետ շատ վատ դեպք է եղել, որ հետագայում հայրենիքի արժեքն ինքը իմանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ