Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ գործենք հանուն հայկական ֆուտբոլի․ Կայացավ ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը

Դեկտեմբեր 28,2022 20:16

Դեկտեմբերի 28-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը։

Ժողովի օրակարգի հաստատումից հետո ուղերձով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Հարգելի գործընկերներ,

Մինչ բուն ուղերձի հատվածին անցնելը, ցանկանում եմ կարճ տեղեկատվություն հաղորդել այն հարցի շուրջ, որը բոլորին առաջին հերթին է հետաքրքրում։ Այո, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը շատերի կարծիքով ուշանում է, բայց դա կապված է բազմաթիվ գործոնների հետ, որոնցից ամենակարևորը, մարզչի բարձր որակավորումից զատ, թեկնածուների մոտիվացիան հասկանալն է։ Թեկնածուների հետ հարցազրույցների ընթացքում մենք փորձում ենք նաև հասկանալ՝ արդյոք նրանք գիտակցում են գալիք ընտրական փուլի կարևորությունը Հայաստանի հավաքականի և մեր ֆուտբոլային հանրության համար։ Կան բազմաթիվ դետալներ, որոնք առավել շատ ենք կարևորում հենց այս պահին և նախընտրում ենք ընտրությունը կատարել մի փոքր ավելի ուշ, սակայն համոզված լինել, որ այն մարզիչը, որը կգլխավորի ազգային հավաքականը, գիտակցում է թե՛ պահի, թե՛ զարգացման կարևորությունը։ Այնուամենայնիվ, նշեմ, որ մենք մոտ ենք թեկնածուների հետ բանակցությունների ավարտական փուլին, և կարծում եմ, որ ՀՖՖ նորընտիր գործկոմի անդամներն առաջին իսկ նիստում կքննարկեն և կընտրեն մարզչին։

Արմեն Մելիքբեկյան

Իսկ այժմ, անցնելով ուղերձիս, ցանկանում եմ ընդգծել, որ իմ նախագահության 3 տարիների ընթացքում ես և այն թիմը, որը հավաքվել է ֆեդերացիայում, ավելի շատ փորձում է աշխատել, գործել, քան խոսել։ Երբ ես ասում եմ թիմ, նկատի ունեմ նաև ՀՖՖ 2 տասնյակ անդամներին, որոնց աջակցությունը շատ քիչ բացառությամբ մենք զգում ենք։ Գրեթե բոլոր անդամների հետ մենք առարկայական քննարկումներ ենք վարում, վիճաբանում ենք, համաձայնում ենք կամ չենք համաձայնում միմյանց հետ, բայց այդ վիճաբանություններից շատ հաճախ մտքեր ենք դուրս բերում, որոնք հետագայում տաբեր նախագծերի ենք վերածում։ Եվ այսպես, մենք, ինչպես և մեր անդամներից շատերը, նախընտրում են ավելի շատ գործել, քան խոսել։ Անցնող տարվա ընթացքում մենք և մեր գործընկեր ակումբները հսկայական աշխատանքներ ենք տարել, օրինակ, մանկապատանեկան ֆուտբոլում երեխաների ներգրավվածության կամ ենթակառուցվածքների զարգացման առումով։ Եվ ընդգծեմ, որ այդ աշխատանքները իրականում չափելի են և համադրելի, համադրելի են ՀՖՖ ժողովի կողմից 2019-ին ընդունված ռազմավարության հետ։

Եվ, օրինակ, այդ ռազմավարության համաձայն, մինչև 2025 թվական կազմակերպված մանկապատանեկան ֆուտբոլում ներգրավված 6-18 տարեկան խաղացողների քանակը պետք է ավելացվի՝ 5,000-ից դառնալով 10,000։ Այս պահին մենք ունենք 8 հազարից ավել գրանցված ֆուտբոլիստ, և այս թիվը աճելու է ենթակառուցվածքների աճին զուգահեռ։ Սա նշանակում է որ մենք գործում ենք, ոչ թե խոսում։

Ի դեպ, ենթակառուցվածքների մասին։ Ըստ ռազմավարության, մենք պիտի ավելացնենք մինչև 2025 թվականը միջազգային հանդիպումների անցկացման համար նախատեսված և ՈՒԵՖԱ-ի կողմից հավատարմագրված մարզադաշտերի քանակը՝ 4-ից դարձնելով 8։ Արդեն ավելացրել ենք 3-ը՝ Արմավիր, Վանաձոր, Աբովյան, արդիականացրել ենք Գյումրիի մարզադաշտը՝ ավելացնելով լուսավորություն։ Այժմ լուսավորության համակարգ ենք տեղադրում Շենգավիթի մարզադաշտում, որը նույնպես կարող է հավատարմագրվել ՈՒԵՖԱ-ի կողմից։ Ի դեպ, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ Շենգավիթի մարզադաշտը մասնավոր ներդրման փայլուն օրինակ է, ինչը մեծապես նպաստում է ֆուտբոլի զարգացմանը։ Այս ամենը նշանակում է, որ մենք գործում մենք, ոչ թե խոսում։

Ռազմավարության կետերից մեկն ասում էր, որ պետք է շարունակել մարզերում ֆուտբոլի դպրոցների հիմնադրման և կառուցման ծրագրերը՝ դրանց թիվը հասցնելով նվազագույնը 10-ի։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ գալիք տարվա ընթացքում նախատեսում ենք սկսել ֆուտբոլի 4 նոր դպրոցի կառուցում։ Ծրագիրը մի շարք առումներով աննախադեպ է, այդ ակադեմիաներից 3-ը կառուցվելու են մարզերում , իսկ ավելի շատ մանրամասներ ձեզ կտրամադրենք մոտ ապագայում։ Սա նշանակում է, որ մենք գործում ենք, ոչ թե խոսում։

Ռազմավարությունում ամրագրել ենք, որ պետք է ավելանա մարզերում մանկապատանեկան ակումբների մարզիչների քանակը՝ վերջիններիս թիվը պետք է հասցվի նվազագույնը 150-ի։ Պատկերացրեք՝ մենք արդեն 100-ից ավել որակավորված մարզային մարզիչներ ունենք։ Սա նշանակում է՝ գործել, ոչ թե խոսել։

Եվս մեկ օրինակ ռազմավարությունից։ Մինչև 2023 թվականը մենք պարտավորվել էինք հիմնել ՀՖՖ պրոֆեսիոնալ առաջնություններին ստորադաս կազմակերպված սիրողական ֆուտբոլի երկու առաջնություն ։ Մեկն արդեն հիմնվել է և հաջողությամբ ընթանում է, երկրորդն ունենալու ենք ամռանը։ Սա նշանակում է աշխատել, ոչ թե խոսել։

Մեկ օրինակ, երբ մենք դեռևս այդքան էլ մոտ չենք նախանշած նպատակին։ Մինչև 2025 թվականը մենք պետք է ավելացնենք մասսայական և սիրողական ֆուտբոլում ներգրավված հանրության թվաքանակը՝ հասցնելով այն 80,000-ի։ Այժմ ունենք դրա մոտ կեսը։ Այս առումով կրկին կարևորում ենք ենթակառուցվածքների զարգացումը։ Մասնավորապես, փոքր դաշտերի կառուցումն օգնել է, որպեսզի տարբեր տեսակի առաջնությունների, այդ թվում՝ դպրոցական առաջնության խաղեր անցկացնենք։ Գալիք տարում 2 կարևոր նպատակ ունենք այս ոլորտում, ևս 30 փոքր դաշտ կառուցել կամ սկսել կառուցել՝ ներգրավվելով Հայաստանի ևս 3 մարզ՝ Կոտայք, Արմավիր և Սյունիք, ու ավելացնել դպրոցական առաջնության մասնակից թիմերի քանակը։ Դա մեզ կօգնի մոտենալ այն թվին, որը նախանշել ենք ռազմավարության մեջ։

Այն ամենը, ինչ անում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր անդամների հետ համատեղ, մեծ ջանք է պահանջում։ Այս ամենը արվել է 2020 թվականից սկսած կովիդի, պատերազմի, աշխարհում անկայուն տնտեսական վիճակի պայմաններում, երբ, օրինակ, այսօր փոխարժեքի տատանման պատճառով մենք մեծ կորուստներ ենք կրում, քանի որ ՀՖՖ-ի եկամուտները հիմնականում արտարժույթով են, ինչը խանգարում է մի շարք ծրագրեր կյանքի կոչել։ Բայց մենք հաստատակամ ենք շարունակել աշխատել, փորձել շտկել մեր սխալները և էլ ավելի բարելավել այն, ինչ անում ենք։ Երբ ասում եմ՝ մենք, նկատի ունեմ գրեթե բոլոր անդամներին, որոնցից յուրաքանչյուրը իր կարողությունների չափով աջակցում է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը և ՀՖՖ-ի ռազմավարական նպատակների իրագործմանը։ Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր ավելի շատ գործում են, ոչ թե խոսում։ Այդ անդամները կազմում են հայաստանյան ֆուտբոլային ընտանիքի մեծամասնությունը։

Այս կարևոր տարում ցանկանում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք, որի պտուղները անպայման քաղելու ենք ապագայում։ Որովհետև մեր համատեղ ընտրած բանաձևը հստակ է՝ ավելի շատ ենթակառուցվածքներ, որի հետ մեկտեղ ավելանալու են մասսայական ֆուտբոլով զբաղվողները, նրանց քանակի ավելացումը լավագույններին բերելու է ֆուտբոլի դպրոցներ, իսկ այնտեղ էլ ֆուտբոլիստների քանակի ավելացումը բերելու է որակի բարձրացման։

Այսպիսով, իմ այսօրվա ուղերձն է՝ ավելի շատ գործենք հանուն հայկական ֆուտբոլի։

Բոլորիս հաջողություններ եմ մաղթում գալիք տարում։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Այնուհետև կայացավ Հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը, որից հետո ՀՖՖ ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությանը, որպես ՀՖՖ անկախ աուդիտոր, նշանակմանը:

Այնուհետև հաստատվեց ՀՖՖ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, և հայտարարվեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն:

ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Գործադիր կոմիտեի անդամներից առնվազն երեքը պետք է կին լինեն, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրվել են միայն 3 կին թեկնածուներ՝ Հասմիկ Ղարիբյանը, Գոհար Նավասարդյանը և Քնարիկ Գրիգորյանը, վերջիններս առանց քվեարկության ընդգրկվեցին Գործադիր կոմիտեի կազմում:

Այնուհետև տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներ ընտրվեցին.

Անդրանիկ Ադամյանը,

Վլադիկ Առաքելյանը,

Տիգրան Ղարաբաղցյանը,

Բագրատ Նավոյանը,

Արմեն Նիկողոսյանը,

Կարեն Շաբոյանը,

Արթուր Սահակյանը,

Դավիթ Սարգսյանը,

Տիգրան Վիրաբյանը,

Ժողովի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամների կազմից ՀՖՖ փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը, ով նաև հանդես եկավ ելույթի խոսքով:

Արմեն Նիկողոսյան

«Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության քվեի համար։ Շնորհավորում եմ բոլոր այն անդամներին, ովքեր ընտրվել են ՀՖՖ Գործադիր կոմիտեի կազմում։ Հիմա՝ մի քանի մտորումներ, որոնց մասին ուզում եմ կիսվել և անկեղծանալ։

Սա փոխնախագահի՝ իմ արդեն երրորդ ժամկետն է և ՀՖՖ Կանոնադրության համաձայն՝ վերջինը։ Հաջորդ ընտրություններում ես ոչ ցանկություն, ոչ իրավունք չունեմ ընտրվելու։

Ես չեմ պնդում, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում։ Ես չեմ պնդում, որ մենք ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես մենք կցանկանայինք։ Բայց հավատացեք՝ մենք փորձում ենք անել հայկական ֆուտբոլի համար ամեն ինչ։

Մեր առաջին ցանկությունն այն է, որ մեզ օգնեն՝ մեր սխալները ցույց տալով, և ոչ թե փնովելով։ Միշտ լինում են ընդդիմախոսներ, որոնք մշտապես ի հայտ են գալիս ընտրություններից առաջ: Սակայն վատ է, որ նույն ձայնագրությունը անընդհատ պտտվում է, ժողովրդի լեզվով ասած անընդհատ նույն пластинка-ն չի փոխվում: Թե մեղադրանքներն են նույնը, թե ուղղորդողները: Մենք արդեն լավ գիտենք, թե այս ելույթի նախորդ օրը ով ում հետ է հանդիպել և ինչ են խոսել, որովհետև եթե նայեք, բոլոր տեսակի ըննդիմախոսների, այսպես ասած, կարծիքները, մեկնաբանությունները եղել են նաև երկու տարի առաջ, երեք տարի առաջ, ոչինչ չի փոխվում: Չի փոխվում, որովհետև չկա ասելիք: Կա միայն ՀՖՖ-ին փնովելու ցանկություն: Այնինչ հավատացեք՝ մեզ հետ պետք է աշխատել, ցույց տալ մեզ մեր սխալները, և իրար հետ օգնենք առաջ տանել հայկական ֆուտբոլը: Կան նաև մեզ ուղղված մեղադրանքներ, որոնք չափը անցնում են: Քանի որ նախորդ իշխանությունների կողմից կիրառվող մեթոդները մեզ համար անընդունելի են՝ չկա ծեծ, չկա երկրից վտարել, մենք գնում ենք քաղաքակիրթ ճանապարհով և դիմում ենք դատարան:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ, ինչպես իր ելույթում նշեց նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ-ն շատ սերտորեն համագործակցում է ՀՀ Կառավարության հետ, և ես ասեմ, որ արդեն Կառավարության վաղվա նիստում կհաստատվի Կառավարության կողմից ՀՖՖ-ին աջակցության որոշումը, որը կազմում է մոտ 5 միլիարդ դրամ: Այդ միջոցներով Հայաստանի մարզերում կառուցվելու են ֆուտբոլի դպրոցներ, որոնք իրենց մեջ ներառելու են բոլոր համապատասխան ենթակառուցվածքները: Եթե մենք խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, այլ ոլորտների զարգացման մասին, ապա պետք է սկսենք ենթակառուցվածքներից:

Հայկական ֆուտբոլը բացառապես Պրեմիեր լիգան չէ: Խնդրում եմ հիշել սա: Հիշեք, որ հայկական ֆուտբոլը, առաջին հերթին, ֆուտբոլ խաղացող երեխաներն են: Մենք փորձելու ենք ի կատար ածել բոլոր այն ռազմավարական խնդիրները, որ մենք ունենք և որոնք հաստատվել են ՀՖՖ Ժողովի՝ ձեր կողմից: Բայց մենք դա չենք կարող անել առանց ձեր աջակցության:

Դիմում եմ բոլոր անդամներին. անկեղծ ասած, ինձ միևնույն է՝ ինձ կողմ, թե դեմ են քվեարկել: Ես հասկանում եմ նաև, որ կա անձնական հարաբերությունների խնդիր: Խնդրում եմ՝ սիրելով կամ չսիրելով ՀՖՖ ղեկավարությանը՝ փորձեք աշխատել հայկական ֆուտբոլի համար, այլապես դուք ձեզ կդնեք վատ իրավիճակի մեջ, ինչպես եղավ այսօր:

Համախմբվեք հայկական ֆուտբոլի շուրջ, քանի որ ՀՖՖ ռազմավարությունում առկա նպատակները հաստատել եք դուք: Իրագործողը մենք ենք՝ ձեզ հետ միասին:

Կրկին շնորհավորում եմ բոլորին, նոր տարում մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, որը մեզ շատ է պետք: Խաղաղություն ոչ միայն արտաքին աշխարհից, այլ նաև մեր ներքին կյանքում, որովհետև մենք անընդհատ արտաքին մարտահրավերները մոռանում և փորձում ենք իրար միս ուտել: Մենք այնքան խնդիր ունենք լուծելու, որ իրար հետ հարցեր լուծելու ոչ ժամանակ ունենք, ոչ ցանկություն:

Եկեք փորձենք մեր երկրի իրավիճակին համաքայլ գնալ և փորձել օգուտ տալ երկրին՝ լինելով ամեն մեկս այն տեղում, որտեղ կանք»:

Աղբյուր՝ ՀՖՖ պաշտոնական կայք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031