Այսօր տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազությունն՝ ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի 1-ին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի, Ռուզաննա Բեգլարյանի, Մհեր Վաչագանի Ղազարյանի, Արև Վաչագանի Ղազարյանի, Արամ Աշոտի Դանիելյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով նախնական դատական նիստը (նախագահող դատավոր Ա․ Ղարսլյան)։
Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունը նոյեմբերի 21-ին հաղորդագրություն տարածեց՝ ըստ որի՝ «հսկող դատախազի՝ նոյեմբերի 14-ի և 16-ի որոշումներով՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին)»։
Aravot.am-ը Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ որո՞նք են իրենց հակափաստարկները կապված դատախազության ներկայացրած հիմքերի հետ։ Նա նշեց, որ մոտ երկու ժամ տևած նախնական դատական նիստի ընթացքում հայցի հիմքն ու առարկան է ճշտվել։ Այնուհետև ասաց, որ իրենց հակափաստարկները կներկայացնեն դատաքննության փուլում՝ դատական նիստի ժամանակ։ Մեր հարցին՝ ի՞նչ կարող է փոխանցել այս պահի դրությամբ իրենց տեսակետների և հիմնավորումների հետ կապված, Մհեր Հակոբյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ պայքարը շարունակվում է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ