«Այս տարի բանակում 265 զոհ ենք ունեցել, մեծ մասը մարտական, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում։ Հուսով եմ՝ մինչեւ տարեվերջ այդ թիվը չի փոխվի։ Ունենք տարածքային կորուստներ՝ 140-160 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքից չի վերահսկվում Հայաստանի Հանրապետության կողմից։ Ունեցել ենք նաեւ դիվանագիտական կորուստներ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա դիվանագիտական կորուստներից առանձնացրեց Արցախի ինքնորոշման իրավունքի՝ որպես խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքի բացակայություն միջազգային փաստաթղթերից, Մինսկի խմբի պարալիզացում․ «Սա այս իշխանության մեղքը չէ, բայց Նիկոլը մեղքն է՝ պարալիզացված Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտների պարագայում հիմնավորել ԱԺ դահլիճում, թե ինչու նա, մեկ է, պետք է շարունակի երկկողմ կամ եռակողմ ձեւաչափերով ծախել Արցախը։ Փոխանակ դնի լեգիտիմ պահանջ, ակնկալիք, խնդրանք միջազգային գերհզոր ուժերին՝ վերականգնել Մինսկի խմբի օպերատիվությունը, գործունեությունը, Նիկոլ Փաշինյանն ինքը հիմնավորեց, որ ինքը չի պատրաստվում սպասել Մինսկի խմբի համանախագահության վերագործարկմանը եւ գնաց տարբեր մայրաքաղաքներում երկկողմ, եռակողմ գործարքների։ Մյուս դիվանագիտական կորուստը՝ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն, ձեւակերպում 2022 թվականին ընդունված փաստաթղթերի մեջ չկա։ Լեռնային Ղարաբաղը, որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ, Փաշինյանի դիտավորյալ քաղաքականության արդյունքում դուրս է եկել միջազգային փաստաթղթաշրջանառությունից։ Արցախի ժողովուրդ չկա այդ փաստաթղթերում, կա Ղարաբաղի հայ բնակչություն»։
Ընդդիմության գործունեությանն անդրադառնալով՝ Աշոտյանն ասաց՝ ընդդիմությունը չի հասել իր նպատակին․ «Պրոցեսը գնում է, բայց արդյունքը դեռեւս չկա, խարույկը չի մարել, եւ այդ կայծից կարող է բոց առաջանա»։
Աշոտյանի կարծիքով․ «2018-ի իշխանազավթումը աշխարհաքաղաքական վերադասավորումների մի մասն էր»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ