«Հենց առաջին օրվանից մեր դիրքորոշումը եղել է հստակ՝ ռուս խաղաղապահներն ունեն մանդատ, առաքելություն, որը պետք է հստակ իրականացնեն, բայց դա չի նշանակում, որ այս շենքում նստածը պետք է ձեռքերը լվանա: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ինքն է ստորագրել, ինքը պատասխանատվություն ունի իր 120 հազար քաղաքացիների համար, հետեւաբար, մենք այդ մասին անընդհատ պետք է հիշեցնենք: Դուք չեք կարող անընդհատ ասել՝ մեղավոր են ռուսները, ղարաբաղցիները, նախկինները, ընդդիմադիրները եւ խուսափեք ձեր բուն պարտականությունից»,- ՀՀ կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ առաջին հերթին տվյալ երկրի իշխանությունն է կրում պատասխանատվություն՝ իր երկրի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար:
Իշխան Սաղաթելյանը մասնակցում էր ՀՅԴ ՀԵՄ կազմակերպած ցույցին եւ երթին:
Բերձորի միջանցքը փակ լինելու համատեքստում անդրադառնալով այն կուլիսային խոսակցություններին, որ դա ճնշում է հայկական կողմի վրա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք ստանալու համար, նա հստակեցրեց իրենց տեսակետը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից չի կարող միջանցք զիջվել: Իսկ ինչ մնում է Միութենական պետությանը միանալու մասին իբր ճնշումներին, ինչի մասին խոսեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ես չգիտեմ՝ դա ո՞ւմ երեւակայությունն է, ի՞նչ հարց է եւ ինչի՞ համար են անում: Թող ասեն՝ իրենցից ո՞ւմ են ճնշել, ո՞նց են ճնշել: Շատ հստակ ՌԴ-ից եղավ պաշտոնական արձագանք եւ, գիտեք, դժբախտություն է, երբ քո երկրի ԱԽ քարտուղարին ասում են՝ սադրիչ է»:
Առհասարակ Իշխան Սաղաթելյանի կարծիքով մարդիկ ոչ թե պաստառներով պետք է գային կառավարության շենք, այլ քարերով:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ