Ամանորյա տոնակատարություններով պայմանավորված՝ տնտեսական գործունեության որոշակի ոլորտներում ակնկալվում է իրացման շրջանառությունների կտրուկ աճ: Այս նպատակով ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը դեկտեմբերի 28-ից մինչև 2023թ. հունվարի 2-ը նախաձեռնում է հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության շուրջ 550 օբյեկտում կանխարգելիչ միջոցառումներ` այցելությունների միջոցով:
Նախատոնական ու տոնական օրերին, ինչպես փորձն է ցույց տալիս, տնտեսվարողների իրացման շրջանառությունների ծավալների աճին զուգընթաց, կարող է ավելանալ նաև վարձու աշխատողների քանակը: ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին ցույց տալ իրական պատկերը: Հարկային մարմինը նաև ակնկալում է, որ կհայտարարագրվեն կորպորատիվ և ավանդական միջոցառումներին մասնակցող հանդիսավարներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին վճարվող եկամուտները, այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում նրանց վճարված եկամուտները:
Ամանորյա տոնակատարությունների ընթացքում այս մշտադիտարկումները ՊԵԿ-ի աշխատակիցները տնտեսվարողների մոտ կիրականացնեն՝ առանց խոչընդոտելու ու միջամտելու տվյալ օբյեկտների բնականոն գործունեությունը: Արդյունքները հետագայում համադրվելու են հարկ վճարողների կողմից ցույց տրված համապատասխան ցուցանիշների հետ, եթե կլինեն անհամապատասխանություններ, ապա այդ մասին տնտեսվարող սուբյեկտը կծանուցվի, իսկ ռիսկային հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ կանցկացվեն պարբերաբար` արդեն 2023 թվականի ամբողջ հարկային տարվա ընթացքում:
Կարդացեք նաև
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին