Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր տնտեսական աճի պայմաններում իրական աշխատավարձի մակարդակը աճում է բավական համեստ տեմպով. «ԼՈՒՅՍ»

Դեկտեմբեր 28,2022 16:54

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Հարկ է արձանագրել, որ՝

  • ՀՀ տնտեսական աճի տեմպը շարունակում է մնալ բավական բարձր մակարդակում, սակայն արդյունաբերության ոլորտում գրանցվել են բացասական զարգացումներ, ինչը ցույց է տալիս, որ անկայունության ռիսկերը պահպանվում են: Նոյեմբերին գրանցվել է ՏԱՑ-ի որոշակի դանդաղում, պայմանավորված նախորդ տարվա բարձր աճի առկայությամբ (բազայի էֆեկտով), սակայն կուտակային ՏԱՑ-ը մնացել է բավական բարձր մակարդակում՝ հունվար-նոյեմբերին կազմելով4%: Միևնույն ժամանակ, արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում, ինչը մտահոգիչ է, քանի որ բարձր տնտեսական աճը հիմնականում գրանցվում է ծառայությունների և առևտրի աճերի հաշվին, որոնք կայուն չեն, և շոկերի չեզոքացման պարագայում (ՌԴ քաղաքացիների արտահոսքի դեպքում) կարող են կտրուկ անկում ապրել՝ տնտեսությանը թողնելով արդեն իսկ «թուլացած» ներուժով և նույնպիսի արտահանելի հատվածով:
  • Ֆինանսական համակարգի զարգացումները մտահոգության առիթ են ստեղծում: Բանկային համակարգում կտրուկ աճել են ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները, մինչդեռ արտարժութային վարկերը նվազել են: Փոխարենը, բանկերը ներգրավված արտարժութային ավանդների դիմաց տրամադրում են դրամային վարկեր: Հետագայում դրամի արժեզրկման պարագայում, բանկերի պորտֆելում կտրուկ կաճի ավանդների ծավալը և կնվազի վարկերի ծավալը՝ հանգեցնելով ֆինանսական կայունության հետ կապված խնդիրների: Մյուս կողմից էականորեն աճում են ձեռնարկությունների ավանդները բանկերում և նվազում է բանկերի կողմից ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը, ինչը կարող է խոսել ներդրումային ակտիվության նվազման մասին: Վերջինս ևս բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից:
  • Բարձր տնտեսական աճի պայմաններում իրական աշխատավարձի մակարդակը աճում է բավական համեստ տեմպով, իսկ պետական հատվածում՝ նույնիսկ նվազում է: Հունվար-հոկտեմբեր ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում աճել է0%-ով, 4.2%-ով պետական հատվածում և 17.0%-ով ոչ պետական հատվածում: Նույն ժամանակահատվածում, սպառողական գների միջին մակարդակն աճել է 8.7%-ով, ինչը նշանակում է, որ անվանականից իրականի վերածելու դեպքում ընդհանուր տնտեսությունում աշխատավարձի իրական աճը կկազմի 4.9%, իսկ պետական հատվածում՝ կնվազի 4.1%-ով: Ստացվում է, որ այս ժամանակահատվածի իրական ՏԱՑ-ի պայմաններում իրական աշխատավարձերը աճել են շուրջ 3 անգամ ցածր տեմպով, իսկ պետական հատվածում, որտեղ ներառված են նաև ուսուցիչները և պետական հաստատություններում աշխատող բժիշկները, իրական աշխատավարձը նվազել է նախորդ տարվա համեմատ: Այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ ընթացիկ տարվա տնտեսական աճը ներառական չէ և մեծացնում է անհավասարությունը, քանի որ, եթե աճը չի ուղղվում աշխատավարձերի բարձրացմանը, ապա ուղղվում է շահույթների մեծացմանը: Իսկ շահույթ ստանում են առավելապես հարուստ խավի ներկայացուցիչները:

2022թ. հունվար-նոյեմբեր ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031