Մենք հիմա շատ ավելի ծանր վիճակում ենք, քանի որ կան արտաքին մարտահրավերներ՝ շատ ավելի ծանր, քան եղել են նախկինում և այս մարտահրավերներն ուղիղ իմաստով կապված են Հայաստանի Հանրապետության ապագայի հետ՝ սկսած ինքնիշխանությունից, վերջացրած մեր անվտանգային խնդիրներով: Այս մասին այսօր ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը` «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Մարդու իրավունքները Հայաստանում 2022-ին․ ի՞նչ են արձանագրել իրավապաշտպանները» թեմայով քննարկման ընթացքում։
«Եթե մենք գնում ենք Հայաստանի Հանրապետության սուվերենության կորստի, մնացած ամեն ինչը անիմաստ է: Մեր բոլորի գործողությունները լինելու են անիմաստ, եթե շրջանառության մեջ է դրվել միութենական միության կազմում հայտնվելու միտքը, որովհետև շատ կարևոր է հասկանալ, թե ում հետ ես դու միութենական միություն կազմում կամ ինչի դիմաց ես դու զիջում: Մենք զիջելու ենք մեր սուվերենությունը, որպեսզի մենք հայտնվենք Ռուսաստանի Դաշնության նման երկրի կազմում, որին ճանաչել են տեռորիզմին սատարող երկրի, մի երկիր, որտեղ որևէ մեկը իրավունք չունի խոսի, կարծիք հայտնի, որ ֆեյսբուքում լայք դնելու համար մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում, տարբերվող կարծիք ունեցող մարդկանց վերաբերյալ, կամ քրեական գործեր են հարուցվում, կամ ֆիզիկապես վերացնում են, որտեղ մի գիշերվա ընթացքում կարողանում են խոշոր սեփականատերերին զրկել իրենց ամբողջ ունեցվածքից, և ո՞ւր ենք մենք գնում, ինչի՞ դիմաց ենք մենք պատրաստ տալ մեր սուվերենությունը: Մնացած բոլոր հարցերը, ես համոզված եմ, որ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ մենք կարող ենք լուծել շատ արագ և կազմակերպված, եթե մենք ունենանք արտաքին անվտանգություն, եթե մեր սուվերենությունը պահպանված լինի և եթե ունենանք իշխանություն, որը ի վիճակի է գիտակցելու, թե ինչ խնդիրներ են մեզ սպասվում փոփոխությունների չգնալու պարագայում և լինի իշխանություն, որը պատրաստ է ճիշտ ուղղություններ ընտրել», -ասաց Նինա Կարապետյանցը:
Նրա խոսքով, այսօր որևէ ոլորտում փոփոխություն չկա, փաստացի արդարադատության ոլորտում տապալվել են բարեփոխումները, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկանց իրավունքներ շարունակվում են խախտվել, բանակում, հարաբերական խաղաղ պայմաններում, առկա են զոհված զինվորների գործեր, որոնք շարունակվում են տապալված մնալ:
Քննարկմանը մասնակցում էին նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ