Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դատական ակտն ուշ ուղարկելու համար՝ լիազորությունների դադարեցում, իսկ դատավորի անգործության հետեւանքով Նարեկ Գյոզալյանի ազատության իրավունքը խախտելու դեպքում՝ ոչ մի տույժ

Դեկտեմբեր 28,2022 16:19

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երկու էջանոց գրությամբ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սյուզան Խչեյանին տեղեկացրել է, որ ըստ  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142–րդ հոդվածի դրույթներով առերեւույթ չեն հիմնավորում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հանգամանքները։

Հիշեցնենք՝ Սյուզաննա Խչեյանը դիմել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարին ՝ խնդրելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝դատավորներ՝ Համլետ Ասատրյանի,  Սերժիկ Ավետիսյանի, Լիլիթ Թադեւոսյանի, Արթուր Պողոսյանի, Սամվել  Օհանյանի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքերով հարուցել կարգապահական վարույթ։

Փաստաբանի վստահորդ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Նարեկ Գյոզալյանը չի կարողանում դիմել պայմանական վաղաժամկետ ազատվելու համար, քանի որ նա դեռեւս չունի դատապարտյալի կարգավիճակ։ Նա անազատության մեջ է 2018թ.-ի փետրվարից։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հունիսի 6-ի դատավճռի (ԵԴ/0233/01/18)  համաձայն` նա մեղավոր է ճանաչվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով (ավազակություն) եւ դատապարտվել ազատազրկման՝  7 տարի ժամկետով։ 2021թ. հունվարի 18-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ստորադաս ատյանի կայացրած դատավճիռը թողել է նույնը։ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ դատարան բողոքարկել են դատավարության բոլոր կողմերը՝ պաշտպան Սյուզաննա Խչեյանը, դատախազն ու տուժողի ներկայացուցիչը։

Այս ընթացքում Նարեկ Գյոզալյանը  փաստացի կրել է դատավճռով  նշանակված  7 տարվա ազատազրկման պատժի՝ «ՀՀ  քրեական օրենսգրքով» սահմանված նվազագույն ժամկետը՝ 4 տարի 10 ամիս 6 օր: Վճռաբեկ դատարանի վարույթում քրեական այս գործը ընդունվել է 2021թ.-ի հուլիսին։

«Անհասկանալի են արդարադատության նախարարի պարզաբանումները այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները,  ԲԴԽ-ի որոշմամբ դադարեցվեցին սահմանված դատավարական ժամկետները խախտելու համար, ինչ հետեւանքով խախտվել էր հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը»,-ասում է մեր զրուցակիցը։

Փաստաբանը զարմացած է՝ ինչու իր վստահորդի պարագայում Գրիգոր Մինասյանը չի ցանկացել կարգապահական վարույթ հարուցել․ 15 ամիս է, Վճռաբեկ դատարանը չի կարողանում որոշում կայացնել, այն դեպքում, երբ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված է վճռաբեկ դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետ՝ 15 ամիս։

«Կարծես ընտրովի արդարադատություն է իրականացվում, եթե որոշ մարդկանց պետք է՝ ուրեմն ժամկետ է խախտվել, եթե պետք չի՝ օրենքի սահմանում է, եւ թող սպասեն։ Արդարադատության նախարարությունն ու ԲԴԽ-ն  դատավորների նկատմամբ անհամաչափ մոտեցում է ցուցաբերում։ Մի դեպքում, երբ դատական ակտերը ուշ ուղարկելու համար դատավորի լիազորություն են դադարեցնում, իսկ այս դեպքում, երբ դատավորի անգործության հետեւանքով խախտվել է անձի ազատության իրավունքը, գտնում են, որ կարգապահական խախտման հիմքեր չկան»,-ասում է Սյուզաննա Խչեյանը։

Մեր զրուցակիցը  պատկան մարմիններին մեկ անգամ եւս ահազանգում է՝  խախտվել են  ոչ միայն դատավարական ժամկետները, այլեւ կողմերի արդար եւ ողջամիտ ժամկետում դատաքննության հիմնարար իրավունքը, որից տուժում է Նարեկ Գյոզալյանը։

Սյուզաննա Խչեյանը առաջիկայում դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031