ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած երթը քիչ առաջ մեկնարկեց Մատենադարանի մոտից՝ դեպի ՀՀ կառավարության շենք:

Members of the ARF Armenian Youth Union hold a protest march from Matenadaran heading to the RA Government building
«Եղել ենք, կանք ու լինելու ենք Արցախի, Արցախի ժողովրդի կողքին, Արցախի ինքնորոշման կողքին, արցախահայերի կողքին, ովքեր ամուր կանգնած իրենց հողում՝ ոչ մի վայրկյան նահանջի մասին չեն մտածում: Հանուն Արցախի մեր պայքարն ու պահանջները շարունակում են մնալ»,- երթի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Սեւակ Նազարյանը:
Նա նկատեց, որ վերջին օրերին, Բերձորի միջանցքին փակ լինելուն զուգընթաց, Հայաստանում տարբեր խմբեր ցույցեր արեցին՝ միջազգային տարբեր կազմակերպությունների, դիվանագիտական հաստատությունների առաջ՝ միջազգային հանրության ուշադրությունը Արցախի ուղղությամբ կենտրոնացնելով՝ ձեւակերպելով, որ միջանցքի փակումը բերում է Արցախում հումանիտար աղետի եւ հայ ժողովրդին՝ իր բնօրրանում ցեղասպանելու նպատակ է հետապնդում:
«Բոլոր այս գործողությունները շատ տեղին, ճիշտ ժամանակին եւ, վստահ եմ, նաեւ արդյունավետ են եղել: Բայց այսօր, մենք այստեղ ենք՝ մեղավորության սլաքնն ուղղելու՝ դեպի ՀՀ փաստացի իշխանություն»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ՀՀ գործող իշխանությունն է հիմնական մեղավորը նրա, որ Արցախը, արցախցին, հայ մարդիկ այսօր հայտնվել են նման իրավիճակում:
Կարդացեք նաև
Երթը կանցնի Մաշտոց-Ամիրյան փողոցներով՝ մինչեւ ՀՀ կառավարության նստավայր:
«Կամ լուծեք այս հարցը, կամ, եթե չեք կարող՝ հեռացեք իշխանությունից», – ՀՀ կառավարությանն այս պահանջով կդիմեն ՀՅԴ-ական երիտասարդները:
Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Արցախ», «Պայքար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ