Լրահոս
Օրվա լրահոսը

Այս սահմանադրությունը պետության զավթման սահմանադրություն է. Արթուր Սաքունց

Դեկտեմբեր 28,2022 15:40

Կարծում եմ՝ պետք է դիտարկել պետական ինստիտուտների գործունեությունը ներքին անվտանգության տեսակետից և արտաքին մարտահրավերները՝ անվտանգության տեսակետից՝ պետության կողմից պարտավորությունների կատարման վիճակը: Նման կարծիք հայտնեց այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Մարդու իրավունքները Հայաստանում 2022-ին․ ի՞նչ են արձանագրել իրավապաշտպանները» թեմայով քննարկման ընթացքում։ Նա առաջարկեց մարդու իրավունքների, ժողովրդավարական գործընթացների իրավիճակը քննարկել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, քանի որ նրա խոսքով, մարդու իրավունքներն և անվտանգային խնդիրները՝ համակցված վիճակով, այնքան ցայտուն չեն եղել, որքան այս ժամանակահատվածում:

«Կարողացա՞վ Հայաստանի իշխանությունն անցած այս տարում, հաշվի առնենք նաև 2021թ. ընտրություններով հանձնառված պարտավորությունների առումով, լուծել անվտանգային խնդիրները: Առաջին հերթին առանձնացնեք պաշտպանական խնդիրները: Ցավոք սրտի, պետք է ասենք, որ իշխանությունը գտնվում է նույն ռեժիմում, ինչ որ պատերազմից առաջ, շատ ավելի նվազ ռեսուրսների, շատ ավելի պակաս հնարավորությունների, բայց շատ ավելի մեծ մարտահրավերների առումով: Մի օրինակ բերեմ, սեպտեմբերի 13-14-ին, այդ երկու օրվա ընթացքում, մենք ունեցանք 224 զոհ, դա նույն թիվն է, որը մենք ունեին 44-օրյա պատերազմի ժամանակ, ի՞նչ է արվել պաշտպանության բնագավառում անվտանգային խնդիրների, զինվորական ծառայության կազմակերպվածության հետ կապված հարցերում, որպեսզի մենք կարողանայինք դիմագրավել առնվազն կանխելու, կորուստները նվազեցնելու կամ ընդհանրապես պատերազմի սպառնալիքը վերացնելու ուղղությամբ: Ես կարող եմ ասել, մեղմ ասած, ջանքերը բավարար չեն, եթե չասեմ, որ մենք չենք տեսել այդպիսի բարեփոխումներ»,- նշեց Սաքունցը:

Անդրադառնալով ոստիկանությանը, նա նշեց, որ առանձին դեպքերում ոստիկանությունը շարունակում է ոչ բարեվարք վերաբերմունք դրսևորել, խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության ուղղությամբ վիճակը ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է վատանում ՝ այն իմաստով, որ պատշաճ քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը չի գործում: «Այն վերաբերմունքը, որ պետությունը ձևակերպել է խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի խախտման դեպքերով քննության իրավունքը ո՞ւմ է հանձնված և ինչ տուրբուլենտային վիճակ էր, երբ հանձնում էին ԱԱԾ-ի քննչական վարչությանը, այնուհետև հակակոռուպցիոն կոմիտեին: Իրավունքի պաշտպանության նկատմամբ պետության հանձնառության կատարման առումով պետությունը չի գիտակցում և իր քաղաքականության հիմքում իրավունքի գերակայության պաշտպանությունը չի տեսնում»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:

Սահմանադրական բարեփոխումների հարցին պատասխանելիս՝ Արթուր Սաքունցը շեշտեց. «Այս սահմանադրությունը պետության զավթման սահմանադրություն է, մենք սա բազմիցս ենք ասել և հիմա կրկնում եմ, որ 2018թ. առաջին հերթին պետք էր դադարեցնել առնվազն այս սահմանադրության գործունեությունը: Հիմա գնում են բարեփոխման ճանապարհով, բայց խնդիրն այն է, թե ինչո՞ւ շուտ չարվեց դա: Քաղհասարակության ներկայացուցիչներս մասնակցում ենք այդ գործընթացներին, բայց ամբողջ հարցն այն է, արդյո՞ք երաշխավորվելու են փոխզսպման և հակակշիռների մեխանիզմները»:

Քննարկմանը մասնակցում էին նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը և «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031