ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Հարցազրույց եմ տվել իրանական «ILNA» լրատվականին: Խոսել եմ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ներկայացրել եմ, թե դա ինչ կապ ունի հայ–իրանական սահմանի նկատմամբ թուրք–ադրբեջանական նկրտումների հետ: Ասել եմ, պատահական չէ, որ Լաչինի միջանցքը փակվեց Իրանի սահմանների երկայնքով թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումից անմիջապես հետո:
Ասել եմ, որ հայկական հանրային տիրույթում Իրանի դիրքորոշումը սահմանի անխախտելիության հարցում շատ մեծ գնահատականի է արժանացել, Իրանը դիտվում է որպես դաշնակից:
Հիշեցրել եմ դեռևս 2020 թ. դեկտեմբերին Էրդողանի հայտնի քառատողը, որով տարածքային հավակնություններ էին ներկայացվում Իրանի նկատմամբ: Ասել եմ, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը ոչ միայն անվտանգային լուրջ խնդիրներ է ստեղծել ՀՀ–ի ու Արցախի շուրջ, այլև Իրանի համար: Հայերը երբեք թույլ չէին տա, որ Իրանի հարևանությամբ Իսրայելը ռազմական ներկայություն ունենար: Մինչդեռ Բաքուն ու Անկարան Իսրայելին բերեցին Հարավային Կովկաս՝ ուղիղ Իրանի քթի տակ: Այդ ֆոնին նաև ներկայացրել եմ Բաքվում Իսրայելի դեսպանի վերջին հարցազրույցը, որով նա առաջարկում էր համատեղ ճակատ ստեղծել Իրանի դեմ:
Կարդացեք նաև
Հարցազրույցի վերջում նաև պատմական ակնարկ եմ կատարել Խամսայի մելիքությունների վերաբերյալ և հիշեցրել, թե ինչ կարևոր դերակատարում է ունեցել Արցախը Իրանի համար՝ թուրքական էքսպանսիոնիզմը զսպելու հարցում: