Լրահոս
Օրվա լրահոսը

Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՔԿ որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ

Դեկտեմբեր 28,2022 14:20

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ։

Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել անցնող տարվա ընթացքում երկու հանձնաժողովների անդամների կատարած գերհագեցած և նվիրված աշխատանքը։

Ընդգծելով Որակավորման հանձնաժողովի դերը Քննչական կոմիտեն որակյալ կադրերով համալրելու, քննիչների առաջխաղացման և ատեստավորման գործընթացներում՝ նա նշել է, որ հանձնաժողովի անդամների ընդգծված պահանջկոտ, անաչառ և արդար մոտեցման արդյունքում քննիչ դառնալու հայտ ներկայացնող քաղաքացիները, ատեստավորվող քննիչները սկսել են շատ ավելի պատասխանատու մոտենալ քննական գործընթացներին, իրենց ինքնազարգացմանը։ Վերջինս դարձել է համակարգը որակյալ, բանիմաց, պատասխանատու մասնագետներով հագեցնելու կայուն մեխանիզմ։

2022թ. ընթացքում Որակավորման հանձնաժողովի աշխատանքը բարդ է եղել հատկապես այն պատճառով, որ ատեստավորման գործընթացը խտացվել է տարվա երկրորդ կեսին՝ նպատակ ունենալով բարձրացնել հուլիսի 14-ից ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերին քննիչների տիրապետման մակարդակը։

Կարգապահական հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել նաև քննիչների կարգապահական խախտման հարցերի քննարկումներում հանձնաժողովի կողմից պրոֆեսիոնալիզմի, անաչառության բարձր նշաձողերով առաջնորդվելու իրողությունը։ Այն խիստ կարևոր է հարուցվող կարգապահական վարույթների, ինչպես նաև կիրառվող պատասխանատվության միջոցների արդարացիության մեջ քննչական կոմիտեի ծառայողների համոզվածության ձևավորման տեսանկյունից։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ հանձնաժողովի արդարացի արձագանքն ունի կարգապահական խախտումների համար զսպող և նախականխող նշանակություն։

Արգիշտի Քյարամյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու հանձնաժողովների՝ ՀՀ քննչական ծառայության ներկայացուցիչ չհանդիսացող անդամներին՝ բազմազբաղ լինելով հանդերձ հանձնաժողովների նիստերին բարեխղճորեն մասնակցելու, իրենց մասնագիտական աջակցությամբ որակ և օբյեկտիվություն հաղորդելու համար։

Որակավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Արմեն Խաչատուրյանը և Կարգապահական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը վստահեցրել են, որ նույնպիսի նախանձախնդրությամբ և սկզբունքայնությամբ աշխատանքները շարունակելու են նաև հետագայում։

Արգիշտի Քյարամյանը երկու հանձնաժողովների անդամներին իրենց կատարած հսկայածավալ և արդյունավետ աշխատանքի համար արժանացրել է խրախուսական պարգևատրումների, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ։ Իսկ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած չորս ներկայացուցչից: Հանձնաժողովների անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031