Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի և Էրդողանի դարաշրջանները փլուզվում են»․ Գարեգին Չուգասզյան

Դեկտեմբեր 28,2022 13:08

«2022-ին աշխարհին պարզ դարձավ, որ 2020-ի 44-օրյա պատերազմն ընդամենը նախապատրաստական մի դրվագ էր 2022-ի ռուսական արկածախնդրության համար»,-տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը։

Ըստ նրա՝ ռուսները կարող էին կանխատեսել արևմտյան շրջափակումը, ինչպես նաև երթևեկի վերացումը, հնարավոր պատժամիջոցները, ուստի նրանց պետք էր օր առաջ ցամաքային երթևեկի համար դեպի Թուրքիա, պատժամիջոցները շրջանցելու այլընտրանքներ ստեղծել։ Նա այս առիթով ասաց․ «Հարավային Կովկասում նման միջանցք կարող էր լինել Արցախում ռուսական զորքերի տեղակայումը և Մեղրիի միջանցքի ստեղծումը ռուս-թուրքական ցամաքային երթևեկի համար։ Ռուսական հաշվարկները հենվում էին 2022-ի՝ Կոնգրեսում ընտրությունների վրա, որ թրամփականները կարող են վերադառնալ։ Սխալ հաշվարկներ էին, որ Արևմուտքը միասնական հանդես չի գա, Կիևում ծաղիկներով են իրեն դիմավորելու։ Աշխարհը ՌԴ-ին պատասխանեց ռամշտենյան կոալիցիայի ստեղծումով, երբ 55 երկրներ օգնում են Ուկրաինային»։

Համեմատելով ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ միջազգային հանրության արձագանքն ու այդ արձագանքը 2020-ին, ասաց․«Լրիվ այլ արձագանքներ էին։ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը ինչպես միշտ իրենց պարտականությունները չկատարեցին, 2020-ի՝ Արևմուտքի լռությունն այս տարի այլ պատկեր ստացավ։ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայով Ադրբեջանը այսպես ասած ջրերն էր ստուգում կոնգրեսյան ընտրություններից առաջ, մտածում էին, որ իրենց կհաջողվի կրկնել 2020-ի պատերազմի արդյունքների արբեցումը, բայց նրանց հաշվարկներն արևմուտքի մասով սխալ դուրս եկան»։

Գարեգին Չուգասզյանը վստահեցրեց՝ 2022-ին ապացուցվեց, որ ՀՀ-ն աշխարհաքաղաքական հետաքրքրություն է ներկայացնում։ Իրանի հետ հարաբերությունների առիթով ասաց․ «Իրանաադրբեջանական հռետորական փոխհրաձգությունն այս տարի աննախադեպ էր»։

Ամփոփելով՝ Գարեգին Չուգասզյանն ասաց, թե կարող ենք հստակ ասել, որ ուկրաինական պատերազմի արդյունքում հետխորհրդային դարաշրջանն ավարտվեց և ավարտվում է ՌԴ-ի համար շատ բացասական արդյունքներով։ Ու շարունակեց․ «ՀՀ-ում չկա որևէ ուժ, որը չգիտակցի՝ ռուսական փորձը՝ վերականգնել կայսրությունը, տապալված է։ ՌԴ-ի նահանջի պայմաններում նա հայի ու հայության շահերը վերածել է մանրադրամի։ Իրենք փորձում էին նահանջը ոչ թե Արևմուտքով լցնել, այլ թուրքերին ներքաշել տարածաշրջան։ Թունելի վերջում թուրք-ռուսական աքցանն է, որը ստեղծվել էր 2020-ին, բայց 2022-ին թունելի վերջում լույս հայտնվեց։ Դեռ այդ աքցանը շարունակվում է։ Բուն իրադարձությունները դեռ լինելու են 2023-ին»։ Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ հիմնական մարտահրավերներից է Իրանում քաղաքական անորոշության հեռանկարը, այն, որ հազարավոր ռուսահայերի տանում են դեպի ուկրաինական պատերազմի մսաղաց և համաշխարհային լարվածության բարձրացման վտանգը 2023-ին․«Պուտինի և Էրդողանի դարաշրջանները փլուզվում են, և դրա փլուզումով նոր հեռանկարը պետք է տեսնենք ու պատրաստվենք մեր նոր կյանքը կառուցել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031