Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին․ Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ

Դեկտեմբեր 28,2022 12:59

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նիստին տեսակապի միջոցով մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրեցին Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։

Նիստի մասնակիցները քննարկեցին ստեղծված իրավիճակը, շեշտվեց Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբման անհրաժեշտությունը: Ներկայացվեցին Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, Հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև Հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվեց ակտիվ աշխատանքներ տանել՝ իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:

ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն հայտնեց անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2021-2022թթ. ընթացքում Հիմնադրամը Արցախում արդեն իսկ իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, ավելի քան 52 կմ տարբեր ռազմավարական ճանապարհներ և մի քանի համայնքներում խմելու ջրի ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացման տասնյակ ծրագրեր:

***

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031