BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանում դպրոցական ծրագրերում ուսուցանվող անհանդուրժողականության մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում զոհի ռազմական պաշտամունքը փոխարինվել է հաղթանակի ռազմական պաշտամունքով: «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն». սա այն կարգախոսներից մեկն է, որը սովորեցնում են երեխաներին տեղի որոշ դպրոցներում: Երեխաներին պարտադրված հայրենասիրական «միջոցառումները» ցույց են տալիս, թե, չնայած ռազմական գործողությունների ֆորմալ ավարտին, որքան հեռու են հարևան ժողովուրդները հաշտեցումից:
«Պատերազմից հետո գլխավորը, ինչի մասին մտածում եմ, այն է, որ պետք է երեխաների առաջ դեմքը պահել,- ասում է Ֆիքրեթը (անունը փոխված է), որը ուսուցիչ է Ադրբեջանի դպրոցներից մեկում: Երկար տարիներ նա երեխաներին դասավանդել է պատմություն՝ փորձելով շրջանցել սուր անկյունները. դպրոցական դասագրքերից չի մեջբերել առանձնահատուկ թշնամական դեպքերը և խրախուսել է երեխաներին գտնել տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ:
Ֆիքրեթի տնային գրասենյակը լի է պատմության մասին աշխատություններով՝ հին խորհրդային «գրադարակը» երեք շարքով լցված է գրքերով: Նա սիրում է իր մասնագիտությունը և երեխաներին, նրա համար կարևոր է երեխաներին վատ բան չսովորեցնել, բայց նաև չկորցնել աշխատանքը, բայց Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այդ հավասարակշռությունը գտնելն ավելի է բարդացել: «Բոլոր իրերը չէ, որ կարելի է անվանել իրենց անուններով, և դա բարդ է»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Մոտ 30 տարի առաջ Ադրբեջանը պարտվել էր պատերազմը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայերին, շրջան, որն անջատվել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից: Արդյունքում Բաքուն կորցրել էր վերահսկողությունը ոչ միայն Ղարաբաղի, այլև նրա շուրջ մի քանի այլ շրջանների նկատմամբ, ինչի հետևանքով այնտեղ ապրող հարյուր հազարավոր ադրբեջանցիներ փախստական էին դարձել:
2020թ. աշնանը տեղի ունեցած նոր պատերազմում Ադրբեջանը վերադարձրեց կորցրած տարածքների մեծ մասը, և յուրաքանչյուր քաղաքի վերադարձը՝ Ֆիզուլի, Զանգելան, Ջաբրայիլ, բուռն տոնախմբություն էր առաջ բերում Բաքվում: Այն բանից հետո, երբ գրավվեց Շուշան (Շուշի-«Առավոտ»)՝ Ղարաբաղի պատմական մայրաքաղաքը, երկիրը պատեց էյֆորիան. փողոցները ողողել էին ազգային դրոշները, իսկ խանութների ցուցափեղկերը, տների պատերը և պետական մարմինների միջանցքները՝ պատերազմում զոհվածների լուսանկարները:
Որոշ դպրոցներում և մանկապարտեզներում այդ էյֆորիան սկսեց ստանալ անհանդուրժողականության քարոզչության տեսք:
Նախկինում դպրոցականները նկարում էին զոհված երեխաների, իսկ հիմա՝ «Բայրաքթարներ»
Վերջին ամիսներին սոցցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր երեխաների հայրենասիրական «միջոցառումներից»: Դրանցից մեկում երկու շարքով շարված դպրոցականները «ուռա» բացականչություններով ձեռքերը վեր են բարձրացնում, երբ ուսուցիչները թվում են պատերազմում զոհված նախկին դպրոցականների անունները: Մյուսում արտաքինից մանկապարտեզի տարիքի տղաները կամուֆլյաժե հագուստով մտնում են դասարան՝ հենակներով և վիրակապված ձեռքերով ու ոտքերով:
Տեղի ալիքներից մեկի հեռուստառեպորտաժում երեխաները դպրոցի բակում խմբով բղավում են՝ «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն»: «Այս երեխաները վաղվա զինվորներն են, բժիշկները, ուսուցիչները. մեր երեխաները, որոնք վաղը առաջնագծում պետք է պաշտպանեն մեր երկիրը»,- մեկնաբանում է լրագրողը:
Հազիվ թե Ադրբեջանում որևէ մեկի մոտ կասկած առաջանա՝ ում մասին է խոսքն այդ վանկարկումներում: Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, որը տարբեր ժամանակներում անվանվել է գոյաբանական թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների կողմից, հազարավոր կյանքեր է խլել երկու կողմերից էլ:
«Հայամետ» բառն Ադրբեջանում գործնականում հայհոյանք է, իսկ հայկական արմատները՝ կոմպրոմատ: Վիրուսային տեսանյութերից մեկում տեղի հեռուստաալիքներից մեկի հաղորդավարը «հայամետ» է անվանում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին. նրա անունը «Բուրատինո» երգի ծաղրական կրկներգում բացականչում է մանկական երգչախումբը:
«Պատերազմից հետո գլխավորը, որ փոխվել է դպրոցում, «միջոցառումն է»,- ասում է ուսուցիչ Ֆիքրեթը: – Նախկինում մենք բոլորս միասին դժբախտ զոհ էինք, իսկ հիմա կրկին, բոլորս միասին՝ հերոսներ»: Համապատասխան մոտիվներ արտացոլված են նաև երեխաների նկարներում ու ձեռքի աշխատանքներում՝ շնորհիվ ուսուցիչների ցուցումների. թեև առանց նրանց էլ, ըստ Ֆիքրեթի, երեխաներն արձանագրում են մշտապես «իրենց ականջները լցվող տեղեկությունը»:
Եթե նախկինում աշակերտները նկարում էին Ղարաբաղի հայերի ձեռքով սպանված երեխաների, հիմա արդեն նկարում են խիզախ զինվորներին և «Բայրաքթարներ»՝ թուրքական անօդաչուները, որոնք կարևոր դեր խաղացին պատերազմում: Ֆիքրեթն ասում է, որ դա տեսնելիս, իրեն հուսահատությունն է պատում»: «Ընդհանուր առմամբ նրանք տոգորվում են դրանով: Նրանց դա դուր է գալիս, ինչպես խաղը, որտեղ նրանք ակտիվ մասնակցություն ունեն»:
«Ղեկավարությունը փորձում է գլխից վեր թռչել»
Հայրենասիրության դասերն ադրբեջանական դպրոցներում խորհրդային ժամանակներից հետո առաջին անգամ ներդրվել են 2013թ.. այդ ժամանակ ուսումնական տարվա առաջին դասը նվիրում էին «հայրենի երկրի, հայրենի գյուղի, հայրենի քաղաքի թեմաներին»: 2021թ. սկզբին պրոֆիլային նախարարությունում հայտարարեցին, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթ ուղղություն, և որ Ղարաբաղյան պատերազմի ուսումնասիրությունը պետք է դառնա դրա մի մասը:
Ֆիքրեթն ասում է, որ հայրենասիրության դասերն իր դպրոցում ներդրվել են միայն անցյալ տարի, և որ վերջին պատերազմն արդեն արտացոլվել է դպրոցական ծրագրերում, օրինակ` հաղթանակի թեմայով շարադրությունների մրցույթի տեսքով:
«Մեզ հրաման էր իջեցվել, որ ուսուցիչները պետք է երեխաներին ասեն, որ հաղթանակի մասին շարադրություններում պետք է ընդգծվի նախագահի դերը և ժողովրդի համախմբումը նրա շուրջ»,- ասում է Ֆիքրեթը: Ցուցումները, նրա խոսքով, իջեցվում են կամ բանավոր կերպով՝ անձամբ տնօրենից, կամ գրվում են ուսուցիչների չատում:
Այս տարի՝ ուսումնական տարին սկսելուց շատ չանցած, Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցան բախումներ, որոնց ժամանակ զոհվեցին տասնյակ զինվորներ երկու կողմերից: Ֆիքրեթի դպրոցում եղել է մեկ րոպե լռություն, որոշ երեխաներ եկել էին զոհված զինվորների լուսանկարներով, մյուսները՝ զինվորական համազգեստով:
«Գալիս են տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, և ղեկավարությունը փորձում է գլխից վեր թռչել, ցույց տալ, թե որքան լավ են իրենք կազմակերպել»,- պատմում է ուսուցիչը:
Հայրենասիրական միջոցառումները դպրոցներում անցկացնում են նաև հիշատակի օրերին. օրինակ, 1990թ. հունվարին խորհրդային զորքերը Բաքու մտցնելու օրը, երբ զոհվեցին քաղաքի ավելի քան հարյուր բնակիչ, 1992 թ. փետրվարին ադրբեջանական Խոջալու բնակավայրում հայկական ուժերի կողմից զանգվածային սպանությունների հիշատակի օրը, և, բնականաբար, Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի օրը:
Երբեմն դպրոցները կազմակերպում են հանդիպումներ շրջանի գործադիր իշխանության պաշտոնյաների, վետերանների և զոհերի ծնողների հետ: Օրինակ, մայիսի 8-9-ին եկել էին Երկրորդ համաշխարհայինի և Ղարաբաղյան պատերազմի վետերաններ: «Այնպես չէ, որ դրանք սգո արարողություններ են. դրանք այն մասին են, որ պետք է կյանքը տալ [հայրենիքին], և դրա կենդանի մարմնացումը զոհերի հարազատներն են,- ասում է Ֆիքրեթը: – Մի մայր ասում էր, թե իբր ես երջանիկ եմ, որ իմ որդին զոհվել է, և դուք էլ ամոթով չթողնեք»:
Այլ ուսուցիչներ և կրթական ոլորտի աշխատակիցներ, որոնք խնդրել են իրենց անունը չհիշատակել, նույնպես պատմել են իրենց դպրոցներում հայրենասիրական միջոցառումների մասին՝ հստակեցնելով, որ որոշ դեպքերում իրենց թույլատրվում է գործել սեփական հայեցողությամբ:
«Երկուսից հինգ տարեկան մեր երեխաներին. նրանք ամեն ինչ հասկանում են»
Հնարավորության դեպքում այդպես՝ սեփական հայեցողությամբ է գործում նաև Ֆիքրեթը: «Ես, իհարկե, սաբոտաժ եմ անում,- խոստովանում է նա և օրինակ բերում.- Ես պարտավորված է միջոցառում անցկացնել պատերազմի պատմության մասին: Դա անում եմ նվազագույն կերպով. չընդհանրացնել հայերին, չմեղադրել ողջ հայ ժողովրդին, չմեջբերել ստորացուցիչ պահերը և խոսել այն մասին, որ այն կողմում էլ կամ մարդիկ, որոնք ունեն հարազատներ, մայրեր: Եվ եթե նրանք ճիշտ չեն մտածում, նրանք մեղավոր չեն. նրանց այդպես են սովորեցրել: Ճիշտ այնպես, ինչպես մենք ենք հիմա խոսում հայերի մասին, նույն կերպ նրանք էլ հայկական դպրոցներում կարող են մտածել ադրբեջանցիների մասին»:
Որոշ ծնողներ նույնպես գործում են ըստ սեփական հայեցողության և պարզապես երեխաներին դպրոց չեն ուղարկում ղարաբաղյան հակամարտության հետ կապված օրերին:
«Ես տարբեր պատմություններ եմ լսել, հիմար ոտանավորներ, տեսել եմ [զինվորական] համազգեստով երեխաների լուսանկարներ, այնպես որ, որոշել եմ երեխային դպրոց չուղարկել. անգամ չգիտեմ՝ ինչ են անում մեր դասարանում, -ասում է տասնամյա մի աղջկա մայրը, որը խնդրել է չհրապարակել իր անունը:- Ինչ-որ մի հոբելյանական օր դաստիարակը ծնողներին խնդրել էր երեխաներին հագցնել զինվորական համազգեստ, եթե ունեն,- հիշում է ծնողներից մեկը, որի երեխան այժմ առաջին դասարանում է:- Այդ օրը ես պարզապես երեխային չուղարկեցի մանկապարտեզ»:
Մի հայր էլ, որի հնգամյա տղան սովորում է մասնավոր մանկապարտեզում, պատմում է, որ իրենց մոտ երեխաներն ամեն օր նախաճաշից առաջ երգում են հիմնը: Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի օրը երեխային տվել էին սովորելու հայրենասիրական ոտանավոր: «Դրես կոդը՝ սև-սպիտակ էր, բայց իրենք՝ ծնողները, երեխաներին զինվորական համազգեստ էինք հագցրել,- պատմում է նա:- Մի երեխա կար, որի հայրը շեհիդ է, բայց հենց նա զինվորական համազգեստով չէր»:
Շահնազ անունով մի դաստիարակ, որն աշխատում է Սումգայիթի մանկապարտեզներից մեկում, ընդհակառակը, ոչ մի բան սաբոտաժի չի ենթարկում: Հայրենասիրական դաստիարակության առաջադրանքները, նրա խոսքով, իրենց ուղարկվում է կրթության նախարարությունից:
Նրանց մանկապարտեզում նույնպես ընդունված է օրը սկսել ատելության վանկարկումներով: Երեխաներն այդ կարգախոսներն անգիր գիտեն, ասում է Շահնազը. «Մեր երեխաներին՝ 2-5 տարեկան. նրանք ամեն ինչ հասկանում են: Ավագ խմբերը շատ լավ են հասկանում»: Նա ոչ մի վատ բան չի տեսնում նման դաստիարակության մեջ և հպարտությամբ ցույց է տալիս՝ ինչ հավասար են կարողանում շարվել իրենց երեխաները:
Սումգայիթի լիցեյի գրականության ուսուցչուհի Եգիանա Սամադովան պատմում է, որ «հայրենասիրության քարոզչության հետ կապված որոշ տեքստեր» ներառված են կրթական ծրագրում, մյուս վարժություններն ընտրում են իրենք՝ երեխաները. օրինակ, կազմակերպում են կինոդիտումներ, հետո քննարկում են դրանք:
Սամադովան ասում է, որ «հայրենասիրության դաստիարակության» նյութերում չի նշվում՝ ով է թշնամին, և հավելում է, որ «աշակերտների մեջ սերմանում են ատելություն ոչ թե թշնամու, այլ թշնամու դաժանությունների հանդեպ»:
Այնուամենայնիվ, դպրոցական դասագրքերում ներառված որոշ տեքստեր հակասում են նրա խոսքին: Այսպես, գրականության 6-րդ դասարանի դասագրքի «Արյունոտ մանուշակ» պատմվածքում երեխան այսպիսի երազ է տեսնում. «Մորաքույր Սիրանուշը տխուր դեմքով խեղդում է իրեն: Քեռի Սուրենի ձեռքի սուր թրից արյուն էր կաթում: Արյունը թափվում էր իր ճակատին, գլխին, բայց ավելի շատ՝ աչքերին»:
Նույն՝ 6-րդ դասարանի ադրբեջաներեն լեզվի դասագրքում կա մի պատմվածք՝ «Փոքրիկ պատանդները», որում ասվում է. «Կատաղած հայերը ժանգոտած հարթաշուրթով կտրում էին նրանց լեզուն, ովքեր չէին ցանկանում կարդալ, մերկացում էին նրանց և ծաղրուծանակի ենթարկում»:
Գրականության մեկ այլ դասագրքում՝ արդեն 5-րդ դասարանի, կարճ պատմվածք կա՝ «Գողը» վերնագրով, որում պատմվում է այն մասին, որ հայերը տարիներով գողացել են ադրբեջանցիներից ամեն բան՝ երաժշտությունը, բաղադրատոմսերը, գորգերը, և վերջապես՝ Ղարաբաղը:
Պատմության գրքերում, սակայն, Ֆիքրեթի խոսքով, նման ուղերձները ձևակերպվում են ավել զգույշ: «Եթե նախկինում ավելի շատ էր ուղիղ ատելության խոսքը, հիմա դրանք ներկայացվում են այնպիսի բառերով, որոնք իբր մեր մասին ասում են հայերը»,- պատմում է նա:
Ի՞նչ է ատելության լեզուն
ՄԱԿ-ը ատելության լեզուն սահմանում է որպես «վիրավորական արտահայտություններ՝ ուղղված այս կամ այն խմբին կամ առանձին անձի դեմ՝ նրան բնորոշ գծերի հիման վրա (ռասսա, կրոն կամ սեռ), որը կարող է սպառնալ հանրության անդորրին:
BBC-ն խնդրել է Ադրբեջանի կրթության նախարարությանը մեկնաբանել ատելության վանկարկումները և դպրոցական դասագրքերի՝ վերը նշված օրինակները: Գերատեսչությունից ասել են, որ դա համարում են ոչ թե անհանդուրժողականություն, այլ «գեղարվեստական օրինակներ, որոնք արտացոլում են պայքարը, որ տարվում է միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»:
Սումգայիթի բնագիտական միջնակարգ դպրոցի տնօրենի՝ դաստիարակչական գծով տեղակալ Ատրաբա Տագիևան ասում է, որ «թշնամին մեկն է, և եթե չկա ատելություն թշնամու նկատմամբ, երեխան չի կարող հայրենասեր մեծանալ»: «Մենք պետք է հաշվի առնենք, որ հայերը մեզ հաղթել են պատմության ողջ ընթացքում: […] Հայերը մեր թշնամին են, և երեխաները դա պիտի իմանան»:
«Երեխաներին վախ, ատելություն և թշնամանք պարունակող զգացմունքներով դաստիարակելը չափազանց ռիսկային է երեխաների հոգեբանական վիճակի տեսանկյունից»,- ասում է հոգեբան Բելգին Թեմուրը:
«Դպրոցները և մի փոքր ավելի քիչ մանկապարտեզները եղել և մնում են հաստատություններ, որտեղ արմատավորված են պետական հայրենասիրությունը, թշնամու կերպարը»,- ասում է ադրբեջանցի սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը, որը հակամարտություններ է ուսումնասիրում: Նրա խոսքով, հետազոտությունները ցույց են տալիս, որ 8-12 տարեկանում ձեռք բերված գիտելիքները տպավորվում են հիշողության մեջ: «Նման գիտելիքներ հետո շատ դժվար է քննադատաբար վերաիմաստավորել: Առավել ևս, երբ դրա համար չկա սոցիալական և մշակութային միջավայր»:
Սոցիոլոգի խոսքով՝ նման քարոզչությամբ մարդկանց մեջ ձևավորվում է «անհանդուրժողականություն, ունակության բացակայություն՝ կոնկրետ մարդկանց մասին դատելու ըստ իրենց անձնական հատկությունների, ունակության բացակայություն՝ երկխոսության, և աշխարհի մասին պատկերացում են տալիս որպես տարածության, որտեղ միշտ պատերազմ է ընթանում, և որտեղ կյանքի իրավունքը պետք է պաշտպանել զենքը ձեռքին»:
Դա փոխելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը «պետք է փոխադարձաբար համաձայնվեն խաղաղությանը» և պոտենցիալ խաղաղության պայմանագրում ներառեն կետ փոխադարձ թշնամանքի արշավը դադարեցնելու մասին, ասում է քաղաքական վերլուծաբան և լրագրող Շահին Ռզաևը, որը մասնակցում խաղաղաշինական նախաձեռնությունների: «Իմ որոշ գործընկերներ, որոնք ցանկանում են երևալ ծայրահեղ հայրենասեր, կարծում եմ, կհետևեն այդ ցուցմանը, եթե դա լինի,- ասում է նա:- Եթե վաղը կառավարությունը հրաման տա դադարեցնել, ասի, որ մեր թշնամանքը հայ խաղաղ բնակչության հետ այս պահից ավարտված է, այդ նույն մարդիկ ի սրտե կկատարեն իրենց խնդիրը»:
Իսկ ի՞նչ է կատարվում մյուս կողմում
Ադրբեջանական դպրոցներում կատարվողը Հայաստանում ցույց են տալիս լուրերով: «Մեզ մոտ դա մատուցվում է այսպես. իբր, տեսեք, ինչ անառողջ հասարակություն է: Այստեղ դրան նայում են այնպես, որ կրկնել այն, ինչ տեղի է ունենում մյուս կողմում, պատշաճ չէ»,- ասում է հայ պատմաբան Տիգրան Զաքարյանը, որը նախկինում զբաղվել է դպրոցական դասագրքերում ազգայնական դիսկուրսի վերլուծությամբ:
Նրա խոսքով՝ նման աղաղակող օրինակներ, ինչպիսիք ադրբեջանական դասագրքերում են, իրեն չեն հանդիպել, իսկ «թշնամի» բառը օգտագործվել է հիմնականում ռազմական գործողությունների համատեքստում:
Դա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը պատրաստ է ներել Ադրբեջանին պատճառած վերքերի համար և պատասխանատվություն վերցնել սեփական մեղքերի համար:
9-րդ դասարանի պատմության դասագրքում, օրինակ, 20-րդ դարի սկզբին Հայաստանի մուսուլման փոքրամասնության հետ հայերի բախումները նկարագրվում է այսպես. «Հայկական պետությունը անհրաժեշտ որոշում կայացրեց ճնշել ապստամբությունները, և դա նպաստեց պետականության ամրապնդմանը և երկրի հայացմանը»:
Նույն դասագրքում ասվում է, որ 1980-90-ական թթ. հայերի բռնի արտաքսումն Ադրբեջանից ուղեկցվում էր թալանով, իսկ ադրբեջանցիներին Հայաստանին հանգիստ «դուրս էին բերում»: Նաև աշակերտներին պատմում են, որ 1992թ. Խոջալուում խաղաղ ադրբեջանցի բնակչության սպանությունները կազմակերպել են իրենք՝ ադրբեջանցիները (հատկանշական է, որ ադրբեջանական դասագրքերում էլ գրում են, որ 1988թ. Սումգայիթի ջարդերը կատարել են իրենք՝ հայերը):
2022թ. մայիսին Caucasus Edition ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները գրում են, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական դասագրքերում միֆերի և փաստերի ընտրությամբ ձևավորում է թեզ, որում կա «մենք»՝ «ազնիվ, իդեալական հերոսներ», և «ուրիշները»՝ «հավերժ գիշատիչներ և նենգ թշնամիներ»: Հայ հասարակության մեջ ադրբեջանցիներին հաճախ հավասարեցնում են թուրքերի հետ, որոնք պատասխանատու են 1915թ. հայերի զանգվածային սպանությունների համար (չնայած որ Ադրբեջանն այդ պահին Ռուսական կայսրության մաս էր, ոչ թե Օսմանյան, որտեղից տեղահանում էին հայերին):
«Բնիկներն այստեղ ադրբեջանցիներին անվանում են «թուրքեր»,- պատմում է լրագրող Մարկ Գրիգորյանը:- Դրանով իսկ կարծրատիպային ադրբեջանցիների վրա փոխանցվում են այն մտահոգությունները, վախերը, անվստահությունը, տագնապներն ու կասկածները, որոնք հանրության գիտակցության մեջ կապված են ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցած ցեղասպանության և զանգվածային տեղահանությունների հետ»:
Խղճի և դպրոցական ծրագրի արանքում
Ֆիքրեթը, ինչպես որ իր հայրենակիցների մի մասը, ակնկալում էր, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո ադրբեջանական հանրության «գեշտալտը» կփակվի և ատելության աստիճանը կնվազի:
Բայց երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել, սահմանին շարունակվում են փոխհրաձգությունները, իսկ Ղարաբաղը՝ դրա այն հատվածը, որը չի վերահսկում Բաքուն, հայտնվել է շրջափակման մեջ: Այդ ընթացքում ադրբեջանական բանակը միավորվում է թուրքականի հետ՝ հետ մղելու պոտենցիալ սպառնալիքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի կողմից:
Ֆիքրեթն ասում է, որ վախենում է նոր պատերազմից, հատկապես երբ Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմական դաշնակիցը, զբաղված է Ուկրաինայով և չի կարող իրեն թույլ տալ ներքաշվել օտար հակամարտության մեջ:
Ֆիքրեթի սեղանին դրված է ՏՏ-տեխնոլոգիայի մի քանի հատոր և իսպաներենի դասագիրք: Խղճի և դպրոցական ծրագրի միջև խուսանավելու կարիքից հոգնած՝ նա նախատեսում է փոխել մասնագիտությունն ու արտագաղթել:
«Նախկինում ինձ հանգստացնում էի այն մտքով, որ 40-ից գոնե 2-ին կօգնեմ, բայց հետո եռանդը մարեց, քանի որ տեսնում եմ այս միտումը և հասկանում, որ դա կաթիլ է օվկիանոսում,- ասում է Ֆիքրեթը:- Եվ այսպիսի պարադոքս. մի կողմից օգնում ես, մյուս կողմից դժվար է այդ ամենին հետևել»:
«Հայերի մոտ նույնպես եղել է հաղթողի բարդույթ՝ թե գործն արված է և ոչ մի զիջում Ադրբեջանին՝ ոչ մի թիզ հող, ոչ մի փոխզիջում, իսկ 26 տարի հետո տեղի ունեցավ ջախջախում,- շարունակում է նա: – Իսկ ի՞նչ երաշխիք, որ հակառակը չի լինի: Մենք չգիտենք, չէ՞, ինչ կլինի 20 տարի հետո: Դրա համար էլ մեզ և այս երեխաներին պետք է խաղաղություն»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ