Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր գլխավոր պահանջը նա է, որ Ֆրանսիան գեղեցիկ խոսքերից նաև անցնի բուն գործողությունների»․ ֆլեշմոբ՝ Ստրասբուրգի Հանրապետության հրապարակում

Դեկտեմբեր 28,2022 11:55

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակում Place de la République) Ստրասբուրգի հայ համայնքի մի խումբ մտահոգ ներկայացուցիչներ կազմակերպեցին ֆլեշմոբ։

Aravot.am-ի հետ զրույցում ֆլեշմոբի կազմակերպիչներից Հայորդի երիտասարդաց միության հիմնադիր անդամներից Համլետ Հովսեփյանը տեղեկացրեց, քանի որ Փարիզում հավաքներ էին կազմակերպվում, իրենք էլ որոշեցին Ստրասբուրգում փոքրիկ տեղեկատվական ֆլեշմոբ կազմակերպել։

Խոսելով իրենց պահանջների մասին՝ նա ասաց․ «Մեր գլխավոր պահանջը նա է, որ Ֆրանսիան գեղեցիկ խոսքերից նաև անցնի բուն գործողությունների։ Հիմա եվրոպական շատ պետությունների կողմից մեզ սատարող գեղեցիկ խոսքեր են հնչեցվում։ Անգամ Ստրասբուրգի քաղաքապետարանի վրա Հայաստանի դրոշներն էին ծածանվում։ Բայց դա ի՞նչ տվեց մեզ, գրեթե ոչինչ։ Այ, օրինակ` Ուկրաինային կոնկրետ աջակցություն են ցուցադրում, մեզ գեղեցիկ խոսքեր շռայլում»։

Համլետ Հովսեփյանը նաև նշեց, որ Սուրբ ծննդյան տոների առթիվ անվտանգությունից ելնելով՝ Ստրասբուրգի կենտրոնական հատվածներում քաղաքապետարանի կողմից արգելված են հավաքները, այդ պատճառով որոշել են, որ իմաստ չունի հավաքվել եվրոպական հաստատությունների դիմաց։

Այս առնչությամբ ասաց․ «Երբ նրանք վերադառնան արձակուրդից, հավանաբար մի հզոր ցույց կկազմակերպենք այդ հաստատությունների դիմաց, բայց հուսանք՝ մինչ այդ ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհը կբացվի»։

Համլետ Հովսեփյանը նաև ցավով նշեց Հայաստան-սփյուռք կապերում գոյություն ունեցող խնդիրները։ Նա նկատեց․ «Այսօր ընդհանրապես այդ կապը գոյություն չունի։ Անգամ սփյուռքի տարբեր համայնքներ իրար հետ գրեթե կապ չունեն։ Պետք է համահայկական մի հարթակ ստեղծվի, որը կկառավարվի Հայաստանից։ Այդպես շատ ավելի արդյունավետ կօգտագործվի սփյուռքի ներուժը, թե չէ այսպես մեկը մյուսից անկախ գրեթե անարդյունք է մեր աշխատանքը»։

Միևնույն ժամանակ շեշտեց՝ Ստրասբուրգի հայությունը գիտակցում է, որ, նախևառաջ, մենք՝ հայերս պետք մտածենք մեր երկրի պաշտպանության մասին, հետո ուրիշից պահանջենք։ Համլետ Հովսեփյանը հավելեց․ «Ճիշտ է՝ պատերազմից հետո մի քանի բողոքի ցույցեր ենք կազմակերպել, բայց դրա հետ մեկտեղ դրամահավաքներ ենք կազմակերպել ու մեր սահմանապահների համար կարևոր սարքավորումներ ձեռք բերել։ Եթե անկեղծ լինեմ, այս բողոքի գործողություններն ու երթերը մեզ գրեթե ոչինչ չեն տալիս։ Մեր՝ այս վիճակից դուրս գալու միակ ելքը հզորանալն է։ Հիմա աշխարհի վրա իրեն հայ համարող յուրաքանչյուր մարդ միայն այդ ուղղությամբ պետք է մտածի։ Թե չէ մնացածը, ցավոք, ինքնախաբեություն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031