Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«8 տարվա ռմբակոծությունը» եւ «30 տարվա թալանը»

Դեկտեմբեր 28,2022 11:00

Ինչպես է քարոզչությունն օգտագործում կոգնիտիվ խեղումները

Վերջերս մի տեսագրություն ընկավ աչքովս: Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան առաջ կիրթ, կոկիկ հագնված մի խումբ ռուսաստանցիներ բողոքում էին Պուտինի սանձազերծած պատերազմի դեմ՝ բողոքում էին զուսպ, առանց ագրեսիայի: Իսկ մի կին, որը կադրում չի երեւում, բայց առոգանությունից կարելի է ենթադրել, որ հայ էր, բողոքողներին հայհոյում էր, բղավում էր՝ «Փառք Ռուսաստանին» ու ջանք չէր խնայում այդ համեստ ցույցը տապալելու համար: Բայց ամենահետաքրքիրն ինձ համար ոչ այնքան վեճի առարկան էր, որքան կնոջ փաստարկը՝ «8 տարի ուկրաինացիները Դոնբասը ռմբակոծում էին, իսկ դուք ձայն չէիք հանում»: Այդ «8 տարին» հենց այն պատումն է, որով արդարացվում է արյունալի պատերազմը, որը երկու կողմերից արդեն իսկ տասնյակ հազարավոր կյանքեր է խլել: «8 տարվա» մասին սուտը հաճախ կրկնում են նաեւ Պուտինի հայ երկրպագուները, որոնց տեղեկատվության հիմնական աղբյուրներն են Սոլովյովը եւ Սիմոնյանը:

Արդյո՞ք դա նշանակում է, որ Դոնբասը երբեք չի ռմբակոծվել: Ամենեւին՝ ոչ: 2014 թվականին Ուկրաինայի զինված ուժերն իսկապես անցկացնում էին, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն», որի ընթացքում նաեւ հրետանի էր օգտագործվում Դոնբաս ներխուժած ռուսական զորքերի եւ տեղական կազմավորումների դեմ: Չեմ կասկածում, որ այդ ընթացքում տուժել են նաեւ խաղաղ բնակիչները, այդ թվում նաեւ՝ երեխաները: Բայց «8 տարի ռմբակոծության» մասին թեզը քարոզչական սուտ է:

Այդպես է աշխատում քարոզչությունը: 1944 թվականին Արեւելյան Պրուսիայի Նեմերսդորֆ քաղաքի մոտ Խորհրդային բանակը գնդակահարել էր 11 գերմանացի խաղաղ բնակչի: Այդ փաստի հիման վրա Յոզեֆ Գեբելսը մի ամբողջ էպիկական կտավ էր ստեղծել՝ 60 գերմանացի կնոջ իբր բռնաբարելու, խեղելու, իսկ այնուհետեւ՝ գնդակահարելու մասին:

Այս առումով պուտինյան քարոզչության «8 տարվա ռմբակոծությունը» շատ նման է հայաստանյան պաշտոնական քարոզչության «30 տարվա թալանին»: (Բնականաբար, Հայաստանում գոյություն ուներ կոռուպցիոն համակարգ, որը վերահսկվում էր «ամենավերեւից», բայց երեք տասնամյակը ներկայացնել որպես բացառապես «թալանի տարիներ»՝ դարձյալ քարոզչական սուտ է): Մարդկանց հետ պետք է խոսել նրանց համար հասկանալի, որպես կանոն՝ պարզունակ լեզվով ու պատմել այնպիսի բաների մասին, որոնք առնչվում են նրանց ներաշխարհին: Սովորական ռուսաստանցու համար, վերջին հաշվով, միեւնույն է՝ Կիեւում նացիստնե՞ր են նստած, թե՞ սոցիալ-դեմոկրատներ: Կամ՝ ՆԱՏՕ-ն դեպի արեւե՞լք է ընդլայնվում, թե՞ դեպի արեւմուտք: Դրա համար էլ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Կրեմլի կողմից շրջանառվող թեզերը փոխարինվեցին ավելի հասարակ պատումներով. Ուկրաինան 8 տարի ամեն օր ռմբակոծում էր Դոնբասը, եւ այդ ամբողջ ընթացքում երեխաները նկուղներում էին ապրում՝ այդ պատմությունը շատ ավելի ընկալելի է:

Գոյություն ունի հայտնի կոգնիտիվ խեղում, որը հակիրճ կարելի է բնութագրել որպես գոյություն չունեցող, կեղծ այլընտրանքի պայմաններում «չարյաց փոքրագույնի» ընտրություն: Օրինակ, ռուսաստանցի մայրը մտածում է հետեւյալ կերպ. եթե իմ որդին խուսափի մոբիլիզացիայից, ապա նրան կարող են բռնել, պատժել, տանջել ողջ կյանքի ընթացքում: Իսկ եթե գնա պատերազմի, ապա կարող է ողջ մնալ, գուցե նրան առաջին գիծ չուղարկեն, կամ գուցե թեթեւ վիրավորվի ու վերադառնա:

Նույն խեղված «տրամաբանությունն» ունի հասարակ հայաստանցին: Նրան ստիպում են մտածել՝ ի՞նչն է ինձ համար ավելի վատ՝ որ ինձ թալանե՞ն, ինչպես 30 տարի թալանում էին, թե՞ որ Արցախում մարդիկ տառապեն: Մանավանդ, որ 30 տարի թալանողները հենց այնտեղից են: Եվ դեռ «համարձակվում են» հանրահավաք անել ու իրենց երեխաների ձեռքը օգնություն խնդրող պաստառներ տալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031