Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սննդային հոգեբուժություն․ ինչպես է սնունդն ազդում գլխուղեղի կառուցվածքի, հոգեկան առողջության և տրամադրության վրա

Դեկտեմբեր 28,2022 09:30

Երկար տարիներ նյարդակենսաբանները փորձում էին շտկել հնացած ենթադրություններն այն մասին, որ մարդու գիտակցությունը որոշվում է բացառապես ուղեղի գործունեությամբ։ Օրինակ «աղիների միկրոբիոմի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տրամադրությունը և ընդհանուր առմամբ հոգեկան առողջությունը սերտորեն կապված են մարսողական համակարգի միկրոօրգանիզմների էկոհամակարգի գործունեության հետ։

Ինչպես գրում են Neuroscience ամսագրի հետազոտողները, «Միկրոբիոմի փորձարարական փոփոխությունները կարող են ազդել էմոցիոնալ վարքագծի և դրա հետ կապված մտավոր գործունեության վրա, ինչպես նաև պաթոֆիզիոլոգիական դեր խաղալ գլխուղեղի հիվանդություններում՝ ներառյալ աուտիստիկ սպեկտրի խանգարումները, տագնապի վիճակը, դեպրեսիան, խրոնիկ գլխացավը»։

Open culture կայքը հայտնում է, որ Կալիֆորնիայի համալսարանի մանրէաբան Սարգիս Մազմանյանի հետազոտության արդյունքներով անգամ Պարկինսոնի հիվանդությունն է կապված աղիքային բակտերիաների հետ։ Գիտնականի կարծիքով, «Ծայրամասային նյարդային համակարգի նեյրոնների 70 %-ը գտնվում է աղիներում, իսկ աղիների նեյրոնները թափառող նյարդի միջոցով ուղղակիորեն կապված են կենտրոնական նյարդային համակարգի հետ»։

Աղիները նաև վառելիք են ապահովում գլխուղեղի համար, և դրա համար «մշտական պաշարի» անհրաժեշտություն կա, նշում է Եվա Սելհաբը Harvard Health ամսագրում. «Այդ «վառելիքը» ստացվում է այն մթերքներից, որոնք մենք ուտում ենք։ Եվ այն, ինչ պարունակում են դրանք, շատ կարևոր է։ Պարզ ասած՝ այն, ինչ դուք ուտում եք, ուղղակիորեն ազդում է գլխուղեղի կառուցվածքի ու գործառույթների վրա և ի վերջո՝ ձեր տրամադրության վրա»։

Յան Վերմեեր, «Կաթնավաճառուհին»

Այդ հետևությունները թույլ են տալիս ձևավորել սննդային հոգեբուժության հիմունքները։ Կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Ջուլիա Ռակլիջն իր դասախոսությունում ասում է՝ մեզ սովորեցրել են, որ «սնվելն ու դիետան մեծ նշանակություն չունեն հոգեկան առողջության համար»։ Ջուլիա Ռակլիջն, ինչպես և իր գործընկերների մեծամասնությունը, համարում էր, որ «միայն դեղամիջոցներն ու հոգեբուժությունը կարող են վերացնել կամ թեթևացնել հոգեկան խանգարումները»։ Սակայն հակառակ ապացույցների հանդիպելով՝ նա որոշում է սեփական հետազոտությունները սկսել ու ստանալ դեպրեսիայի մակարդակի կտրուկ նվազման ու դիետայի կապը բացահայտող հիմնավոր ապացույցներ։

Իհարկե, դա չի նշանակում, որ հոգեկան խանգարումների բուժման ժամանակ պետք է բացառել դեղամիջոցներն ու հոգեբուժությունն առհասարակ, սակայն սննդակարգում փոփոխություններ կատարելն անհրաժեշտ է։

Յան վան դե Վելդե, «Նատյուրմորտ. մի գավաթ գինի, ոստրե և կիտրոն»

Ինչպես հայտնում է Ջոյս Կավայը «The Independent»-ում, հայտնի է, որ «հոգեկան շատ խանգարումների հարուցման պատճառը գլխուղեղի բորբոքումն է, որի արդյունքում ուղեղի բջիջները մահանում են»։ Բորբոքումը, մասնավորապես, առաջանում է «սննդանյութերի՝ մագնեզիումի, օմեգա-3-ի, վիտամինների ու հանքանյութերի պակասի պատճառով»։

Սննդակարգերը, որոնք հիմնականում բաղկացած են շաքարից ու վերամշակված մթերքներից, նույնպես բորբոքման առաջացման պատճառ կարող են լինել։ «Բազմաթիվ հետազոտություններով է հաստատվել կապը ռաֆինացված շաքարով հարուստ դիետայի ու գլխուղեղի գործառույթների խանգարումների միջև, -գրում է բժիշկ Սելհաբը։- Դա նպաստում է էմոցիոնալ խանգարումների, օրինակ՝ դեպրեսիայի առաջացմանը»։

Ածխաջրերով հարուստ վերամշակված մթերքները, որոնք շատ աղքատիկ են սննդանյութերի պարունակության տեսանկյունից, թերսնման համաճարակ են ստեղծում բնակչության մեծամասնության շրջանում, քանի որ շատերը տպավորություն ունեն, թե լավ են սնվում, այնինչ իրականում ընդունված սննդի միջոցով չեն ստանում անհրաժեշտ սննդանյութերը։

Վինսենթ վան Գոգ, «Կարտոֆիլ ուտողները»

Թե ինչպես ենք մենք վերաբերվում սննդին ու հոգեկան առողջությանը, մեծ դեր ունեն ամենատարբեր գործոնները, այդ թվում՝ տնտեսության ու առողջապահության մակարդակը մեր երկրներում։

Գիտնականներն ուսումնասիրում են սնվելու կուլտուրան «ավանդական»՝ միջերկրածովյան ու ճապոնական հասարակություններում (որոնք կախված չեն մասսայական արտադրության մթերքներից)։ Հետազոտությունները պարզել են, որ այդ երկրներում դեպրեսիայի մակարդակը 25-35%-ով ցածր է։ Նրանց սննդակարգն առանձնանում է «բանջարեղենի, մրգերի, չվերամշակված հացահատիկեղենի, ծովամթերքի, անյուղ մսի ու կաթնամթերքի հարուստ պարունակությամբ», –գրում է Եվա Սելհաբը՝ խորհուրդ տալով հրաժարվել վերամշակված մթերքներից ու շաքարից, ինչպես նաև առաջարկելով ուշադիր լինել այս կամ այն մթերքի ազդեցությանը սեփական ինքնազգացողության վրա։

Օսիաս Բերտ Ավագ, «Նատյուրմորտ արտիճուկներով»

Փոխելով սննդակարգը՝ մարդը կարող է ազդել իր օրգանիզմի էկոհամակարգի վրա։ Ցավոք, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ փոխել սննդային սովորություններն ու նախասիրությունները։ Սակայն հոգեկան խանգարումներ ունեցող միլիոնավոր մարդկանց համար սննդային հոգեբուժությունը կարող է կյանքի որակը բարելավող հրաշալի տարբերակ լինել։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր՝ Open Culture, Harvard Health

Նկարների ընտրանին՝ Сameralabs-ի, գլխավոր նկարը՝ Միքելանջելո Մերիսի դա Կարավաջո, «Բաքոս»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031