ՀՀԿ խորհրդի անդամներ Հայկ Դերզյանն ու Տիգրան Վարդանյանը «Հենարան» ակումբում խոսեցին արդեն երկու շաբաթ Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ պահելու, Ստեփանակերտում կազմակերպված համաժողովրդական հանրահավաքի մասին, ամփոփեցին անցնող քաղաքական տարին:
«Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքով արցախցիները ապացուցեցին, որ անկոտրում են եւ ոչ-ոք իրենց չի կարող հպատակեցնել` ոչ ադրբեջանցիները, ոչ էլ Հայաստանի իշխանությունը բռնազավթածները: Հերթական անգամ արցախցիք ցույց տվեցին, որ պայքարելու են իրենց արժանապատվության, սեփական պետության համար: Հայաստանում ապրողները եւս պետք է միանան, որովհետեւ, կարելի է ասել, սկիզբը կա արցախյան պայքարի երկրորդ փուլի համար, որը կարելի է անվանել ազատագրական: Մենք բազմիցս նշել ենք. ոչ-ոք չի ասել, որ մենք մեր հողերը պետք է մեկ անգամ ազատագրենք: Ու թող որեւէ մեկը, սկսած Նիկոլ Փաշինյանից, հույս չունենա, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում»,-ասաց Տիգրան Վարդանյանը:
Հայկ Թերզյանը ավելացրեց. «Ստեղծված իրավիճակը պետք չէ դիտարկել որպես առանձին նոր փորձանք: Եթե ընդհանուր իրավիճակը գնահատենք, ապա բախվել ենք մի վիրուսի` նիկոլավիրուսի: Այնպես որ, պետք է խորամուխ լինել ողջ հիվանդության վրա, որը գործող իշխանությունն է, այն իշխանությունը, որը նոյեմբերի 9-ին ստորագրել է խայտառակ փաստաթուղթ: Մենք այդ ժամանակ ոչ մեկ անգամ պնդել ենք, որ այդ փաստաթղթի ստորագրումը եւ նման ընթացքը բերելու է պարտության շարունակականության, անգամ ավելի մեծ պարտությունների, քան կարելի է պատկերացնել: Եվ ականատես եղանք, թե ինչպես Հայաստանը սկսեց զիջումների գնալ եւ Արցախի հարցում, եւ հենց Հայաստանի: Տեսանք Գորիս-Կապան ճանապարհահատվածի, Սեւ Լճի, Փառուխի, Աղավնոյի եւ Բերձորի զիջումները: Հիմա էլ Լաչինի միջանցքի խնդիրն է: Սրա համար է, որ այս գործընթացն առանձին չի կարելի դիտարկել: Այն սկսվել է նոյեմբերի 9-ից, սակայն իրական պրոցեսը սկիզբ է առել դեռեւս 2018 թվականին հակաարցախյան շարժումով, երբ ժողովրդին խաբելով, մարդկանց մոլորեցնելով եկավ այն իշխանությունը, որը շարունակում է ամեն ինչ զիջել եւ հիմա մեզ կանգնեցրել է փաստացի ավելի բարդ իրավիճակի առջեւ: Այս պահի դրությամբ մենք մնացել ենք մենակ ողջ աշխարհի առաջ: Այս իշխանությունը աղետ է բերել մեր երկիր: Իսկ նրանք, ովքեր աղետ են բերել, ճգնաժամ են առաջացրել, չեն կարող հակաճգնաժամային ծրագրեր իրականացնել, որպեսզի աղետը վերացնեն: Այսինքն, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն ավելի շատ ատում է արցախցիներին, քան իր հայրենիքն է սիրում, եթե, իհարկե, սիրում է:
Տարին մենք ամփոփում ենք փոսում: Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը հիմա գտնվում են փոսում եւ այդ փոսը շարունակում է խորանալ գործող իշխանության ձեռքով: Եվ մեր պայքարի նպատակը դա թույլ չտալն է»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ