Լրահոս
Օրվա լրահոսը

Էս պետականությունը լաբորատորիա չէ. ՔՊ-ական պատգամավորը սահմանադրական բարեփոխումների մասին

Դեկտեմբեր 27,2022 21:21

Էս պետականությունը լաբորատորիա չէ, մենք չենք կարող սահմանադրական  լուծումներ գտնել-բերել, հորինել,  դնել Հայաստանում, զուտ  քանի որ մեր մոտ ինչ-որ մեխանիզմ չի գործում, ամեն տեղ գործում է, մեր մոտ չի գործում: Այսպես սկսեց իր ելույթը ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր կայացած  Սահմանադրական բարեփոխումների  խորհրդի նիստին, երբ քննարկվում էր հանրապետության նախագահին առնչվող սահմանադրական լուծումների հարցը:

«Այսօրվա քննարկումները, ամբողջ խոսակցությունը  ոչ թե պայմանավորված է նրանով, որ նախագահի լիազորությունները քիչ է, այլ պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն, որոշ եվրոպական երկրներից շատերի՝ երկու ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը ստանում է մոտավորապես մանդատների 2/3-ը և սա որոշակի առումով խոչընդոտում է  որոշակի քաղաքական ընթացակարգերի իրագործմանը, որոնք օրինակ` իրագործվում են Գերմանիայում: Էդ, որ ասում եք, իշխանությունը չի ընտրի՝ իմանալով, որ ընդդիմության ներկայացուցիչն է, էհ ընդդիմությունն էլ, եթե չմիանա իշխանությանը չի ընտրվի էս ինչ կամ էն ինչ թեկնածուն: Սա խաղալու դաշտ է, կոնսենսուսի, կոմպրոմիսների որոնման դաշտ է: Եվ հետո, առաջնային մանդատով օժտելը՝ դուք պատկերացնու՞մ եք սա ինչի կարող է վերածվել: Մենք ըստ էության ունենալու ենք  իշխանության  երկու  աղբյուր, ընդ որում ավելի նոր իշխանության աղբյուրը հավակնելու է ավելի լավը լինել: Երրորդը, էն ինչ մենք այստեղ քննարկում ենք, ցավոք առկա պատկեր է, այն ինչ մենք տեսել ենք և կապված է վերջին զարգացումների հետ: Էդ գլխավոր շտաբի օրինակը, որ բերում-բերում-բերում եք, ես էլ ասեմ, գլխավոր շտաբում ճգնաժամ չկար, գլխավոր շտաբում ձևավորվեց ճգնաժամ, քանի որ նախագահը չկատարեց իր սահմանադրական պարտականությունները: Նախագահը պետք է, կամ իր ստորագրությունը դներ փաստաթղթի տակ, կամ ուղարկեր Սահմանադրական դատարան և ճգնաժամը կլուծվեր»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը և ցուցադրական աջ ձեռքով բռնելով ձախ ականջը՝ ասաց, «այ, սենց լուծումներ գտնել,  թե չեմ վիճարկում, բայց  օրենքն այդուհանդերձ ուղարկում եմ Սահմանադրական դատարան, լավամարդ-վատամարդ լինելու կոնցեպտը ի՞նչ կապ ունի սահմանադրական լուծումների հետ:

Եկեք հստակ հասկանանք, խոսում ենք զսպումների և հակակշիռների մասին, 1000 հատ այլ էլեմենտներ կան. Խորհրդարանի վերին պալատ կարելի է նախատեսել, կարելի է նախատեսել սահմանադրական օրենքներով քվեարկությունների այնպիսի ընթացակարգ , որին անպայմանորեն պետք է մասնակցի ընդդիմությունը  ու  մի քանի ձայն պարտադիր պետք է լինի ընդդիմությունից, 1000 ու մի մեխանիզմ կա: Հիմա իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ քվեարկության արդյունքներով, այդուհանդերձ այս օրակարգային 2-րդ հարցի զեկուցողները ([խոսքը՝ Դանիել Իոաննիսյանի և Արթուր Սաքունցի մասին է-խմբ.)  էնքան էլ չեն բավարարվել՝ փորձում են ռեաբիլիտացնել: Իրավական տեսանկյունից էլ սա ճիշտ գործընթաց չէ, որովհետև հավատացնում եմ ձեզ, այն բոլոր հարցերը, որ ունք այստեղ բարձրացվել է, մանրամասն ներկայացված է եղել և մենք մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք: Ես այս նիստը համարվում եմ ձախողված, որովհետև մենք   քննարկում ենք արդեն իսկ քննարկվածը»,-գնահատեց ԱԺ ՔՊ-ական պատգամավորը:

ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ քաղհասարակության ներկա ներկայացուցիչների ելույթներից այն տպավորությունն էր ստացել, թե նրանք 2018-21 թվականների ԱԺ նիստերից տեղյակ չեն, քանի որ չեն տեսել, թե ինչպիսի սուր քննարկումներ են տեղի ունեցել այնտեղ: Նրա կարծիքով, այդ խնդիրները պետք է լուծվի ոչ թե նախագահի, այլ խորհրդարանական ընդդիմության լիազորությունների մեծացման միջոցով:

Ավելի ուշ անդրադառնալով Վլադիմիր Վարդանյանի ելույթին՝ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  արեց. «Մարդը հաբռգել է կամ միշտ էլ հաբռգած է եղել, դա էլ է բախտի բան: 15 տարի հեզորեն աշխատել է Գագոյի կանտորայում, որ ՍԴ է կոչվում, երբ իր աշխատավայրի կողքին այդքան տարի ցուցարար էին ծեծում ու ջարդում՝ ծպտունը չենք լսել, մեկ էլ հեղափոխության բերումով հայտնվել է ՀՀ օրենսդիր ամենակարեւոր դիրքում, որ պիտի ավանգարդը լիներ բոլոր ու հատկապես դատաիրավական բարեփոխումների, հեչ էլ պատասխանատու չի զգում ձախողումների համար:

Այս մարդն էր, որ 2019 թվականին արդարադատության համակարգի ստեղծման հանրային պահանջի եւ դատավորների վեթինգի Փաշինյանի պնդումներից 56 օր անց նենգափոխում էր դատավորների վեթինգի իմաստը, ասելով թե. «Վուլգար վեթինգը նշանակում է՝ ստեղծվում է մի հանձնաժողով, որը կանչում է բոլոր դատավորներին և ասում է՝ դու լավ դատավոր ես, դու վատ դատավոր ես։ Ոչ, այդ մեխանիզմը հակասահմանադրական է, և մենք այդ ճանապարհով չենք գնալու։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ անցումային արդարադատության հարցում մենք որոնելու ենք հայաստանյան մոդելը, որովհետև ավելի լավ է ունենալ ուշացված անցումային արդարադատություն, քան ունենալ ձախողված անցումային արդարադատություն։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված կանոնակարգումները թույլ են տալիս այդ իրավիճակը, զտման իրավիճակը, այսինքն բարեվարքության ստուգման իրավիճակը իրականացնել պերմանենտ հիմքերով և դրա համար ստեղծված է համապատասխան կառույց, դա Բարձրագույն դատական խորհուրդն է։… Ես առաջ կարծում էի, թե մարդ է՝ չի հասկանում բարեփոխումների ու հատկապես դատաիրավական բարեփոխումների հրատապ եւ խորքային անհրաժեշտությունը, բավարար գիտելիք չունի: Հիմա ինձ պարզ է, որ շատ լավ էլ հասկանում էին ինքն էլ, ուրիշներն էլ, ուղղակի իր եւ համախոհների արժեհամակարգը չի հանդուրժում իրական արդարադատություն, ինքը Գագոյի ու Սերժիկի արժեհամակարգի կրողն է:

Ուրիշ ո՞վ է ուզում համագործակցել Վլադիմիր Վարդանյանի ու այդ մտածողության այլ քաղաքական գործիչների հետ: Արտահայտվեք՝ իմանանք»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031