2022 թվականի սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 22-ամյա Սարմեն Բեջանյանն Իջևան քաղաքից էր։ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում սովորելուն զուգահեռ նա ընդունվել էր նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ուսումնառության վերջին 3 ամիսներին՝ որպես սպա ծառայության էր անցել Վարդենիսում, ապա Ջերմուկում։
Սարմենի քույրը՝ Արևիկ Բեջանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ եղբայրը հուլիսից գտնվում էր դիրքերում, իսկ չարաբաստիկ դեպքից ընդամենը 3 օր անց պետք է իջներ դիրքերից։ «Սարմենը շատ ակտիվ,նպատակասլաց,ազնիվ,անչափ բարի և ընկերասեր էր։ Կարմիր խաչի կամավոր էր, օգնում էր բոլոր ծրագրերում և նախաձեռնություններում։ Սովորելուն զուգահեռ նա դասավանդում էր նաև մի քանի գյուղերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում։ Նա մեծ երազանքներ և նպատակներ ուներ։ Ծառայությունից հետո ցանկանում էր ուսումը շարունակել մագիստրատուրայում։ Շատ էր սիրում զբաղվել բարեգործությամբ և ընդհանրապես բնույթով շատ բարի էր։
Զոհվելուց հետո ընկերները պատմում էին, որ անգամ սպայական յուրաքանչյուր աշխատավարձին քաղցրավենիք, ուտելիք և ծխախոտ էր գնում իր դասակի զինվորների համար։ 2022թ․-ի սեպտեմբերի 12-ի լույս 23-ի գիշերը թշնամին մեծաքանակ զորքով և հատուկ ջոկատայիններով հարձակվել է դիրքերի վրա, կատաղի մարտեր են եղել։ Թշնամին մի քանի անգամ հետ է շպրտվել, սակայն գնահատելով իրավիճակը՝ հրամանատարության կողմից նահանջի հրաման է տրվել։ Սարմենը և մյուս հերոս տղաները չենթարկվելով հրամանին կռվել են մինչև վերջ»,- նշեց Արևիկ Բեջանյանը։
Կարդացեք նաև
Սարմենի հարազատները երկու շաբաթից ավելի փնտրել են նրան, ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ դիահերձարաններում: Մարմինը գտել են 17 օր անց և հուղարկավորել Իջևանում, ընտանեկան գերեզմանատանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ