Վերջերս տարօրինակ միջադեպ է գրանցվել Գյումրի քաղաքի պատմական հատվածում՝ Ղորղանյան 91/1 հասցեում գտնվող ոստիկանության Կումայրի բաժնի շենքի դիմաց։ Այս հասցեում ապօրինաբար, ինքնակամ տեղադրված ճանապարհային նշաններին ենթարկվելու պահանջը չկատարելու համար ձերբակալել, վարչական պատասխանատվության են ենթարկել ու քրեական հետապնդում են հարուցել քաղաքացի Խ․ժ․-ի նկատմամբ։
Aravot.am-ին էր դիմել նրա փաստաբան Շահեն Իկիլիկյանը՝ փաստաթուղթ ներկայացնելով առ այն, որ վերոնշյալ հատվածում ճանապարհային նշանները տեղադրված են առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ․ ոստիկանության ծառայողական մեքենաների կայանման համար Գյումրու համայնքապետարանի կողմից հողամաս չի հատկացվել, ավելին՝ Գյումրու քաղաքապետի կողմից «ծառայողական մեքենաների կայանման» ճանապարհային նշան և դեղին հոծ գծանշում կատարելու վերաբերյալ թույլտվություն չի տրամադրվել (Տես Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գրությունը):
Խ․Ժ․-ի փաստաբան Շահեն Իկիլիկյանը, դիմելով մեր խմբագրություն, ներկայացրեց հետևյալը․ «2022 թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 16։00-ի սահմաններում քաղաքացին ավտոմեքենայով գնացել է Գյումրի քաղաքի Ղորղանյան 91/1 հասցեում գտնվող ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին՝ անձնագիրը փոխելու նպատակով լուսանկարները անձնագրային բաժանմունք հանձնելու համար։ Ավտոմեքենան կայանել է ոստիկանության բաժնի մուտքի մոտ գտնվող առաջին ավտոկայանատեղիում և մտել անձնագրային բաժանմունք, որտեղ իրեն է մոտեցել ոստիկանության ծառայողը և պահանջել ավտոմեքենան դուրս բերել կայանատեղից՝ հայտնելով, որ այն նախատեսված է միայն բաժնի ծառայողական ավտոմեքենաների համար։ Ոստիկանության ծառայողին խնդրել է երկու րոպե ժամանակ տրամադրել լուսանկարը հանձնելու համար, սակայն վերջինս չի համաձայնել։
Կարդացեք նաև
Քաղաքացին, չցանկանալով հակառակվել ոստիկանի պնդմանը, դուրս է եկել բաժնից և ավտոմեքենան դուրս բերելով կայանատեղից, այն կայանել է բաժնի մուտքի գրեթե դիմաց և մոտեցել բաժնի մուտքի ճաղավանդակե դռանը՝ անձնագրային բաժանմունք մտնելու համար, սակայն դուռը փակ է եղել։ Ոստիկանության աշխատակցին խնդրել է բացել դուռն անձնագրային բաժանմունք գնալու համար, սակայն վերջինս մերժել է և պահանջել ավտոմեքենան դուրս բերել կայանված վայրից՝ պատճառաբանելով, որ նշված հատվածում կայանում չի թույլատրվում, քանի որ առկա է դեղին հոծ գծանշում։ Ոստիկանի կողմից քաղաքացու մուտքն անձնագրային բաժանմունք արգելելու պատճառով քաղաքացին հրել է ճաղավանդակե դուռը, որի արդյունքում ձեռքը ներս է անցել ճաղավանդակից և պատահաբար դիպել ոստիկանության ծառայողին։
Նշվածի կապակցությամբ քաղաքացին ձերբակալվել է, պարեկային ծառայողների կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, այնուհետև նախաձեռնվել է քրեական վարույթ և վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ իբրև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու՝ այն է․ ավտոմեքենան «դեղին հոծ գիծ» ճանապարհային արգելող գծանշման ազդման գոտուց դուրս չբերելու առիթով հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին»։
Փաստաբան Իկիլիկյանը նաև նշեց, որ իր կողմից 2022 թվականի նոյեմբերի 4-ին գրություն է ուղարկվել Գյումրու համայնքի ղեկավարին՝ խնդրելով տեղեկացնել, թե Գյումրի քաղաքի Ղորղանյան 91/1 հասցեում՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի դիմաց ծառայողական ավտոմեքենաների կայանման համար տարածք հատկացվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո՝ դրա, ինչպես նաև «Ծառայողական մեքենաների կայանման» ճանապարհային նշանը տեղադրելու և նույն բաժնի մուտքի դիմաց՝ մայթեզրերին դեղին հոծ գծանշում կատարելու վերաբերյալ համայնքապետարանի կողմից որոշումներ կայացվե՞լ են, թե՞ ոչ։
«2022 թվականի նոյեմբերի 21-ին Գյումրի համայնքի ղեկավարից ստացված թիվ 01//17811-22 գրության համաձայն՝ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի 91/1 հասցեի շինության հարևանությամբ (դեպի Ղորղանյան փողոց) ծառայողական ավտոմեքենաների կայանման համար Գյումրու համայնքապետարանի կողմից հողամաս չի հատկացվել, ինչպես նաև Գյումրի համայնքի ղեկավարի կողմից «ծառայողական մեքենաների կայանման» ճանապարհային նշան տեղադրելու և դեղին հոծ գծանշում կատարելու վերաբերյալ թույլտվություն չի տրամադրվել։
«Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի» 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1․ Կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.
Նույն հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.
1․ Իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում և թույլատրում է համայնքային ենթակայության ճանապարհների երթևեկության նշանների տեղակայումն ու հանումը: Երթևեկության այն նշանները, որոնց տեղադրումը համաձայնեցված չէ համայնքի ղեկավարի հետ, իրավական ուժ չունեն:
Իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելը ենթադրում է, որ իշխանության ներկայացուցիչը գործում է օրենքով և այլ իրավական ակտերով նրան վերապահված լիազորությունների շրջանակում: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանության ներկայացուցչի գործողությունները լինեն իրավաչափ, հակառակ դեպքում արարքը չի կարող գնահատվել որպես կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն:
Քանի որ Գյումրի քաղաքի Ղորղանյան 91/1 հասցեում գտնվող ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի դիմաց ծառայողական ավտոմեքենաների կայանման համար Գյումրու համայնքապետարանի կողմից տարածք չի հատկացվել, իսկ «Ծառայողական մեքենաների կայանման» ճանապարհային նշանը տեղադրելու և նույն բաժնի մուտքի դիմաց՝ մայթեզրերին դեղին հոծ գծանշում կատարելու վերաբերյալ Գյումրու համայնքի ղեկավարի կողմից թույլտվություն չի տրամադրվել, այսինքն՝ նշված երթևեկության նշանների տեղադրումը համաձայնեցված չէ համայնքի ղեկավարի հետ, հետևաբար դրանք տեղադրվել են ինքնակամ և իրավական ուժ չունեն։
Վերոնշվածը վկայում է այն մասին, որ պաշտոնատար անձ հանդիսացող ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացուն ներկայացրած պահանջները՝ ավտոմեքենան ոստիկանության բաժնի դիմացի կայանատեղից և նույն բաժնի մուտքի դիմացից դուրս բերելու վերաբերյալ իրավաչափ չեն, պահանջը ուղղված է եղել իրավական ուժ չունեցող ճանապարհային նշաններին ենթարկվելուն, ինչը չի բխել վերջինիս օրինական ծառայողական պարտականություններից, և նշված պահանջը չկատարելը չէր կարող անբարենպաստ իրավական հետևանքներ առաջացնել քաղաքացու համար, սակայն վերջինս օրենքի սխալ մեկնաբանման և կիրառման համար, ձերբակալվել և ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ այնուհետև վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Բացի այդ ոստիկանության ծառայողը չի գործել օրենքով և այլ իրավական ակտերով նաև այն հիմնավորմամբ, որ նա ոստիկանության բաժնի մուտքի դուռը կողպելով և Խ․ Ժ․-ին արգելելով մուտք գործել անձնագրային բաժանմունք, վերջինիս զրկել է ՀՀ սահմանադրության 39-րդ հոդվածով նախատեսված՝ ազատ գործելու և 40-րդ հոդվածով նախատեսված՝ ազատ տեղաշարժվելու իրավունքներից, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագրի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ անձնագրային գործողություններ կատարելու և անձնագիր ձեռք բերելու իրավունքից»,-ահազանգում է փաստաբանը։
Թեմայի շուրջ կլսենք նաև ՀՀ ոստիկանության պարզաբանումները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ