Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած, ո՞նց անեմ ես». հոր միակ ցանկությունն է՝ ստանալ որդու մարմինը». Forrights.am

Դեկտեմբեր 27,2022 17:42

Forrights.am. Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող 61-ամյա Հովիկ Խաչատրյանի հայացքի ուղղությունը հիմա միայն Կուտականի լեռներն են. սեպտեմբերյան կարճատև մարտերից հետո որդու՝ 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինն այնտեղ է՝ սկզբում զինվորական հագուստով էր, հիմա ոսկորներն են:

«Ամեն օր արցունքն աչքերիս, հելնում եմ տնից, նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած, ո՞նց անեմ ես: Ուրեմն չե՞ն կարա էդ երեխի մարմինը հանեն, բերեն, էս չորս ամիս է լացացնում են էս ժողովրդին», — Forrights.am-ին ասում է Խաչատրյանը:

Ժողովուրդը Շիրազի կինն է՝ Մարիամը, նրա երկու մանկահասակ երեխաները և մայրը: Ասում է՝ ամեն օր լուսացնում են լացով. «Արդեն չորս ամիս ա սարին ա, հողի վրա, հիմա էլ՝ ձյան տակ»: «Բա ես իրանց ըտենց ճիժ էի տվե՞լ», -մոր լացակումած խոսքերն են:

Շիրազի կինը՝ Մարիամը, պատմում է՝ ամուսինը արձակուրդ էր, երբ սեպտեմբերի 13-ի ուշ գիշերը նրան «պոստերից» տագնապ ահազանգով զանգեցին, կանչեցին:

«Ես երկու երեխու հետ մենակ էի, մեզ թողեց, գնաց: Ասեցի մի գնա, ասեց՝ որ ամեն մեկս սենց փախնենք, ո՞ւր կհասնի: Գնաց էդ գիշեր ու ասեց՝ չզանգես, ես կզանգեմ: Գնաց ու էլ չզանգեց», -պատմում է Մարիամը:

Հաջորդ օրն արդեն ամուսնու մահվան մասին գյուղում տարածված խոսակցություններին չի ցանկացել հավատալ, մտածել է՝ զորամասից հրամանատարությունը մի հուսադրող տեղեկություն կփոխանցի, բայց այդպես էլ չեն կապվել իր հետ:

Միայն որոշ ժամանակ անց, համածառայակիցների հետ խոսակցություններից պարզել են՝ ինչ է կատարվել Շիրազի հետ. «Զանգել, կանչել են, որ մեքենայով գնան դիրքեր օգնության, 12 հոգով, Շիրազն էլ հետը, գնում են դիրք, բայց պարզվում ա, որ էդ դիրքն արդեն թուրքինն ա եղել, երբ արդեն սկսել են դրանք կրակել մեքենայի վրա, 11 հոգի ծառայակիցները փախել են, Շիրազին թողել մենակ: Մեզ ասում են, որ մի քանի մետր դիրքից իջացրել են ներքև, բայց չէին կարա՞ իրանց հետ բերեին կամ՝ եթե ընդեղ թշնամին ա արդեն, ղրկում ես սպանում են, բա կարելի՞ էր էդքան իրար հետևից մարդ ղրկել»:

Հիմա 11 ծառայակիցներն էլ կենդանի են, իսկ Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի միջդիրքային գոտում է: Նրա հարազատները տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել են սկզբում՝ զինվորական հագուստով Շիրազին, հետո արդեն նրա ոսկորները:

«Ավելի ուշ թուրքերը բերել, ըտեղ պոստ են դրել: Գոնե եթե երրորդ օրը ասեին, էլի մի ձև կբերեինք երեխու մարմինը», -ասում է հայրը:

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031