«Ի վերջո 2008-ին էլ, երբ մշտադիտարկման այդ առաքելությունը մտնում էր Վրաստան, մի քանի ամսով էին մտնում, բայց առ այսօր իրենք գոյություն ունեն և ֆինանսավորվում են ԵՄ տարեկան բյուջեով։ Ուստի այս պարագայում նույնիսկ Արցախի հարցում, եթե ապագայում գործընթացները դեպի պատերազմ չտանեն, այլ դիվանագիտությունը հնարավորություն ստանա, ինչու ոչ, կարելի է նաև ձգտել նրան, որ հասնենք գործընթացների միջազգայնացմանը, և հիբրիդային մեխանիզմ նաև լինի ռուս խաղաղապահ առաքելությանը զուգահեռ նաև եվրոպացի դիտորդներ լինեն ոչ միայն ՀՀ տարածքում, հայ-ադրբեջանական սահմանին, այլև Արցախի մասով»,- Aravot.am-ի հարցին՝ այն, ինչ չհաջողվեց Վրաստանին, կարո՞ղ է հաջողվել Հայաստանին, այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, քաղաքագետ Ջոնի Մելիքյանը։
Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ իրատեսական համարո՞ւմ եք Արցախում եվրոպացի դիտորդների տեղակայման հնարավորությունը, նա պատասխանեց․ «Զուտ տեսականորեն հնարավոր է, բայց չէի ասի, որ շանսերը դրան հասնելու շատ են, քանի որ, եթե ՀՀ-ի մասով ՀՀ-ն միակողմանի կարող էր թույլտվություն տալ և իր տարածքում տեղակայեր եվրոպացի դիտորդներին, ապա Արցախի պարագայում նաև Ադրբեջանի պատրաստակամությունն է հարկավոր»։
Նա, փաստելով, որ Ադրբեջանը համաձայն չէ, որ անգամ ռուսներն այնտեղ լինեն և օր առաջ ուզում է ռուսներին դուրս հանել, նկատեց․ «Դժվար է պատկերացնել, որ այնտեղ նման մի բան կլինի։ Բայց պետք է նաև աշխատել այդ ուղղությամբ։ Կարևոր է այն, որ միջազգային իրավիճակը շուտ է փոփոխվում, և միգուցե ճիշտ աշխատանքի պարագայում աշխարհաքաղաքական որոշ փոփոխությունների ֆոնին շանսերն ավելանան, և դա հնարավոր դառնա։ Այսօրվա ուկրաինական ճգնաժամի ֆոնին շատ դժվար եմ ես պատկերացնում կտրուկ քայլեր թե´ տարածաշրջանի մեր պետությունների կողմից, թե´ դրսի խաղացողների։ Ոչ մեկ լուրջ քայլեր այս տարածաշրջանում պատրաստ չէ անել այն երկրներից բացի, որոնք այստեղ կան և իրենց նաև շահագրգռվածությունը չթաքցնելով՝ գործոն են այս տարածաշրջանում»։
Ջոնի Մելիքյանին հիշեցրինք ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն պնդումները, թե «Վրաստանը վաղուց ցանկանում է, ուզում է, դիմել է, 2008 թվականին անգամ ստացել է ՆԱՏՕ-ի Membership Agreement պայմանագիրը։ Եվ Արևմուտքը ո’չ ՆԱՏՕ են ընդունում, ո’չ զենք են ուղարկում, ո’չ ինչ-որ ուժեր են գալիս… Եթե Վրաստանի դեպքում չկան, ինչո՞ւ պիտի լինեն Հայաստանի դեպքում»։
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը՝ եթե անգամ Վրաստանին դա չի հաջողվել, ինչո՞ւ պետք է մեզ հաջողվի, Ջոնի Մելիքյանը պատասխանեց․ «Մենք ու Վրաստանն ունենք ՆԱՏՕ-ի գրեթե նույն հիմքը համագործակցության, նույն մակարդակի վրա ենք։ Իրենք համարվում են «ասպիրանտ երկիր», բայց դեռևս որևէ քայլով առաջ չեն անցել։ Այո, ունեն 2014-ի գագաթնաժողովով ընդունված Վրաստան-ՆԱՏՕ փաթեթ, որը տալիս է լայն հնարավորություններ կառուցվածք ստեղծելու, զորավարժությունների մասով գործիքակազմը շատ է, բայց 1990-ականներից սկսված համագործակցությամբ Վրաստանը ՆԱՏՕ-ի մասով անդամակցության ճանապարհին ավելի շատ չի առաջ անցել։ Առաջ է անցել ԵՄ հետ հարաբերություններում, քանի որ մենք ունենք մեր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն, իրենք ունեն ասոցացման համաձայնագիր, որն ունի տնտեսական բաղադրիչ մաս, խորը և համապարփակ առևտրի մասով է։
Չնայած հնչում են տարբեր քաղաքական գնահատականներ ՀՀ-ում, բայց չէի ասի, որ որևէ ձևով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց կա դրված։ Ուղղակի հասկանալով աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք էլ ավելի են լարվել ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին՝ ՌԴ-ի հետ ունենալով այն հարաբերությունների մակարդակը, ինչ կա այսօր, նաև շատ կարևոր է զուգահեռ այլ հարթակներում, այլ կառույցների հետ համագործակցությունը ևս պահել։ Բայց մեկը մյուսին չի հակասում, քանի որ մենք այս փուլում ՀԱՊԿ-ի, Եվրասիական միության անդամ երկիր ենք, և առ այսօր որևէ ձևով ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական հայտարարություն չկա, ԵԱՏՄ հայտարարություն չկա, ուստի այս ֆոնին պետք է ուղղակի ճիշտ գնահատել այն ամենը, ինչ ստանում ենք մասնակցությունից կառույցներին և ինչից կարող ենք զրկվել՝ դուրս գալով դրանցից։ Պետք է նաև հաշվարկներ արվեն, թե ինչ հնարավորություններ կան աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության հետ կապված, ինչ այլընտրանք կա։ Շահարկումները շատ են, քանի որ պարզ է՝ այսօր բարդ գործընթացներ են, բայց Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ այստեղ միայն պետության պատրաստակամությունը քիչ է անդամակցելու, տարածքային վեճերը, պետության զարգացման մակարդակը, բանակի զարգացման մակարդակը ՆԱՏՕ-ի պարագայում կարևոր ցուցիչներ են, որոնք տալիս են հնարավորություն անդամակցելու, մասնակցելու, որոշ կառույցների կամ անդամակցության ժամանակ ինչ-որ բարեփոխումներ կատարելու»։
Չցանկանալով մեկնաբանել քաղաքական գործիչների պնդումները՝ Ջոնի Մելիքյանը կարևորեց․ «Հայաստանն այսօր փորձում է առավելագույնը քաղել այսօրվա իրավիճակում՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին, թե ՀԱՊԿ-ին, բայց մյուս կողմից այն բացերը, որոնք կան առ այսօր, որոնք ստեղծվել են ուկրաինական ճգնաժամով, դրանք փակել՝ այլ գործիքակազմը օգտագործելով։ Զուգահեռ խաղաղապահ առաքելությանը Արցախում ադրբեջանական ագրեսիայի պատճառով մենք ունեցանք տարածքային կորուստ 2021-ից առ այսօր։ Նաև եղավ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը ևս հավելյալ մեխանիզմ էր հայկական կողմից ֆիքսելու այս գործընթացները, և եթե շարունակություն ստացավ այդ ծրագիրը, ապա այս պարագայում նույնիսկ Արցախի հարցում, եթե ապագայում գործընթացները դեպի պատերազմ չտանեն, այլ դիվանագիտությունը հնարավորություն ստանա, ինչու ոչ, կարելի է նաև ձգտել նրան, որ հասնենք գործընթացների միջազգայնացմանը և հիբրիդային մեխանիզմ նաև լինի ռուս խաղաղապահ առաքելությանը զուգահեռ նաև եվրոպացի դիտորդներ լինեն ոչ միայն ՀՀ տարածքում, հայ-ադրբեջանական սահմանին, այլև Արցախի մասով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ