Արտո Արմոյի Գրիգորյանը Արցախից է՝ Հադրութից, պատերազմի մասնակից է, ունի երկու անչափահաս երեխաներ, որոնց այս պահին պահում է եղբայրը: Հարազատներ չունի:
Այս տարվա փետրվարի 22-ից գտնվում է Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Նրա խնդրի մասին տեղյակ են թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, թե վարչապետի աշխատակազմում, հանրապետության դատախազությունում, իսկ հակակոռուպցիոն կոմիտեում նրա մի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՔԿՀ բժշկի նկատմամբ:
Նա ունի տեսողության խնդիր: Առանց ակնոց ոչինչ չի տեսնում: Դիմել էր բժշկին ակնոց տրամադրելու համար, սակայն հարկ չեն համարել տրամադրել:
Կարդացեք նաև
Կալանավորն ասում է, որ մարտին հայտարարել էր ջրադուլ, ութ օր գտնվել է ջրադուլի մեջ, իսկ մայիսի 31-ին հայտարարել էր անժամկետ հացադուլ: Ջրադուլում գտնվելու ժամանակ կորցրել էր գիտակցությունը, տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց: Այնտեղ ասում են, որ պետք է անհապաղ վիրահատվի, ուղեգիր են գրում, որը վերցնում են ուղեկցողները:
Հետագայում «ուղեգիրը» կորում է: Կալանավորն ասում է, որ անսպասելի տեղեկանում է, թե իբր Հայկական ակնաբուժական նախագծերի շրջանակներում հետազոտվել է:
Նա մայիսի 31-ին սկսած հացադուլը հունիսի 30-ին դադարեցնում է մի պայմանով, որ կտանեն ի վերջո հետազոտման: Նրան տանում են Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, Ելենա Մալայանը հետազոտում է, ասում, երեք ամիս հետո նորից կստուգվի, կորոշվի վերջապես վիրահատության մասին: Ի դեպ, վիրահատությունը պետպատվերի շրջանակներում կարող է լինել, որպես պատերազմի մասնակցի:
Հոկտեմբերի 13-ին նրան չեն տանում հետազոտման,ապա խորհուրդ տալիս հետազոտվել մեկ այլ ակնաբույժի մոտ, ինչից հրաժարվում է:
Այս տարեվերջյան հացադուլի պահանջներից մեկն այն է, որ իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ, քանի որ կալանավորի պնդմամբ՝ իր հանդեպ թշնամաբար են տրամադրված, բժշկի դեմ քրեական գործ հարուցվելու պատճառով: Կալանավորը նամակ էր ուղարկել մեր լրատվամիջոցին տասն օր առաջ, տեղ չէր հասել, իսկ նրան տրամադրված հեռախոսազանգն էլ անսպասելի շուտ ավարտվեց:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հարցին, ինչ են ձեռնարկել, ինչու չեն վիրահատել, պատասխանեց․ «Կալանավոր Արտո Գրիգորյանը դեկտեմբերի 12-ին հացադուլ է հայտարարել: Պատճառն առողջական խնդիրն է: Թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի՝ դիմեք բժշկական ՊՈԱԿ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ