«Խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ Ժնևում, երկրորդը՝ Վաշինգտոնում: Երրորդ փուլը (Մոսկվայում-խմբ.) տեղի չունեցավ հայկական կողմի հրաժարվելու պատճառով: Նաև տեղի է ունեցել սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի երեք նիստ: Ընդհանուր առմամբ ձեռք բերված առաջընթացը շատ սահմանափակ է, պատճառը հայկական կողմից ոչ կառուցողական և ոչ հետևողական դիրքորոշումն է»,- ասել է Բայրամովը՝ տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանազատումը և տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը երեք առանձին գործընթացներ են:
Ընդ որում, նա նշել է, որ Երևանից հաճախ հնչում են հայտարարություններ՝ ուղղված ներքին լսարանին: «Հայաստանը պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկի և կատարի իր պարտավորությունները: Մենք էլ մեր կողմից կշարունակենք ջանքերը, որպեսզի Հայաստանը կատարի պարտավորությունների իր մասը»,- ասել է նա:
Խոսելով հաջողությունների մասին՝ Բայրամովն առանձնացրել է այն փաստը, որ 2022թ. իրենց հաջողվեց վերահսկողություն սահմանել Սուս, Աղավնո և Բերձոր բնակավայրերի վրա: Ընդ որում, նա ընդգծել է, որ այնտեղից հեռացող հայերը ոչնչացրել են հարյուրավոր տներ:
Կարդացեք նաև
Նա նաև ասել է, որ նախկինի պես լուրջ խնդիր է մնում ականների սպառնալիքը: «Այս հարցի վերաբերյալ փաստաթղթերն ու նյութերը ուղարկվել են համապատասխան ատյաններ»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ