Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի ընտրությամբ, խորհրդարանական մեծամասնությունը նշանակում է իր համար ընդունելի և ցանկալի անձի, որը քաղաքական կամք չունենա. Իոաննիսյան

Դեկտեմբեր 27,2022 16:35

2015թ Սահմանադրությամբ կիսանախագահական ձևից անցում է կատարվել պառլամենտական կառավարման, սակայն Սահմանադրության առկա կարգավորումները, մասնավորապես օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների փոխզսպման և հակակշռման մեխանիզմները գործնականում չեն գործում: Այս մասին այսօր ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին:

«Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ վարչապետի և իշխող քաղաքական ուժի գործուն փոխզսպման մեխանիզմ գրեթե չկա կամ խորհրդանշական է: Ավելին՝ հանրապետության նախագահի ընտրությամբ ստացել ենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը նշանակում է իր համար ընդունելի և ցանկալի անձի, որը բնականաբար քաղաքական կամք չունենա (ռիսկ կա այդպիսի իրավիճակի) որևէ կերպ հակակշռելու կամ փոխզսպելու իրեն նշանակած քաղաքական ուժին, ի դեմս՝ Ազգային Ժողովի մեծամասնության և գործադիր իշխանության: Խորհրդարանական հանրապետության հիմնական առանձնահատկությունը նախագահական կամ կիսանախագահական հանրապետություններից այն է, որ խորհրդարանական հանրապետությունում գործադիր իշխանությունը ձևավորվում է Ազգային Ժողովի կողմից»,-նշեց նա:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, իրականության մեջ փոխզսպումների և հակակշիռների բաժանարար գիծը, գործող Սահմանադրությամբ, անցում է ոչ թե Ազգային Ժողովի և կառավարության, այլ խորհրդարանական մեծամասնության և դրանից կախման մեջ չգտնվող ուժերի, օրինակ` ԱԺ փոքրամասնության՝ ընդդիմության միջոցով: Մյուս կողմից, փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմի այլ դրսևորում է հանրապետության նախագահի և իշխող ուժի հակակշռումը, բայց եթե գործող Սահմանադրությամբ ընդդիմադիր խմբակցություններն ուղղակիորեն հնարավորություն է տրվել հակակշռել իշխանությանը որակյալ մեծամասնությանն ընտրվող պաշտոնատար անձանց ընտրությունների միջոցով, այդ մեխանիզմը չի գործում, եթե իշխող ուժը խորհրդարանում ունենում է որակյալ մեծամասնություն: Անգամ իշխող ուժի կողմից որակյալ մեծամասնություն չունենալու դեպքում անկախ մարմինների ղեկավար պաշտոններում կկարողանան նշանակվել միմիայն այն թեկնածուները, որոնք կունենան խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:

«Այլ կերպ ասած, դատական, ընտրական և անկախ սահմանադրական այլ մարմինների ղեկավար պաշտոնների, գործող կարգով, կարող են նշանակվել բացառությամբ այնպիսի անձինք, ովքեր ունեն քաղաքական մեծամասնության աջակցությունը: Այս իրավիճակում, բնականաբար առաջանում է ռիսկ, որ խորհրդարանական մեծամասնությունը դատական, ընտրական, հակակոռուպցիոն և սահմանադրական անկախ այլ մարմիններում ղեկավար պաշտոնների կնշանակի այնպիսի անձանց, որոնք չեն իրականացնի աջակցությունը վայելող և նույն քաղաքական թիմից ձևավորած գործադիր իշխանությանը պատշաճ հակակշռում: Միաժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահն անգամ նվազագույն բովանդակային լիազորություններ չունի, նրա լիազորությունները կրում են բացառապես ֆորմալ բնույթ, ըստ էության, այս իրավիճակում հանրապետության նախագահը ևս չի կարող պատշաճ հակակշիռ լինել: Դատական, ընտրական, սահմանադրական անկախ այլ մարմինների ղեկավար պաշտոնների գործող քաղաքական թիմից անկախությունն ապահովելու ու միաժամանակ հանրապետության նախագահի Սահմանադրության ապահովմանը հետևելու իրական գործառույթներ տալու նվազագույն մեխանիզմը՝ հենց նախագահին այդ մարմինների ձևավորման իրական մասնակցության ապահովումն է»,-առաջարկեց Դանիել Իոաննիսյանը, որը Արթուր Սաքունցի հետ՝ համատեղ ձևակերպել էր հանրապետության նախագահին առնչվող սահմանադրական լուծումների հարցը:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031