«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2023թ. բյուջեն։
Հարկ է արձանագրել, որ՝
🔹2023թ.-ի համար նախատեսված եկամուտների ամբողջական հավաքագրումը խնդրահարույց է։ 2018-2021թթ. ժամանակաշրջանի բոլոր տարիներին Երևան քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրումը թերակատարվել է թե՛ հաստատված բյուջեի և թե՛ ճշտված պլանի մեծության համեմատ։ 2022թ. 9 ամիսների դինամիկայի պահպանման դեպքում սպասվում է, որ 2022-ը ևս բացառություն չի լինի։ Մինչդեռ, 2023թ.-ի բյուջեով նախատեսվում է, որ ընդհանուր եկամուտները 2022-ի ցուցանիշին գերազանցելու են 11.1%-ով։
🔹Կապիտալ ծախսերի 10%-ով նվազեցումը վկայում է քաղաքային իշխանությունների՝ ծախսերը բարձր արդյունավետությամբ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարելու անընդունակության մասին։ Կապիտալ ծախսերի կրճատման կառուցվածքային ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս՝ որոշ կարևոր ուղղություններով կատարվող կապիտալ ծախսերն առավել մեծ չափով են կրճատվելու։ Հարկ է ընդգծել, որ 2018-2021թթ. այս ուղղությամբ ծախսերը զգալիորեն թերակատարվել են։ Ամենայն հավանականությամբ դրանք կթերակատարվեն նաև 2022թ.-ին, քանի որ 2022թ. բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվության համաձայն երեք եռամսյակների ընթացքում կատարվել են այդ հաշվետվությունում ներկայացվող տարեկան ճշտված պլանով նախատեսված ցուցանիշի մեկ քառորդից քիչ կապիտալ ծախսեր:
🔹Ըստ իրականացվող ծրագրերի` բյուջեի ծախսերի ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս. ինչպես 2022թ.-ի, այնպես էլ 2023-ի բյուջեով նվազեցումներ են նախատեսված քաղաքային զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի ֆինանսավորման մասով, այն դեպքում, երբ ֆինանսավորումը չնվազեցված (առանձին դեպքերում՝ նույնիսկ ավելացված) որոշ ծրագրերի նպատակահարմարությունը ներկա պայմաններում այնքան էլ արդարացված չէ, կամ դրանց իրականացումը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր` վտանգելով բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:
Կարդացեք նաև
🔹Բյուջեի պակասուրդի պլանավորվող մեծությունն իրատեսական չէ։ Չնայած Երևան քաղաքի 2018-2021թթ. ժամանակահատվածի բոլոր տարիների բյուջեներով պլանավորվել է պակասուրդ, այնուամենայնիվ, բոլոր այդ տարիներին դրանք փաստացի եղել են հավելուրդային: Դատելով 2022թ. առաջին 9 ամիսների բյուջեի կատարման հաշվետվությունից՝ կարելի է ակնկալել, որ 2022-ին ևս բյուջեն հավելուրդային կլինի (2022թ. բյուջեով նախապես ծրագրված էր 4.3 մլրդ դրամի պակասուրդ, որը հետագայում, համաձայն Երևան քաղաքի 2022-ի բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության, տարեկան ճշտված պլանով բարձրացվել էր մինչև 24.3 մլրդ դրամ, մինչդեռ առաջին 9 ամիսների արդյունքներով փաստացի ձևավորվել է 1.5 մլրդ դրամի հավելուրդ)։
🔹Փաստերը վկայում են պլանավորման ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Այսպես, օրինակ՝ 2022-ի 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 28.10.2022թ.) նշվում է, որ ըստ տարեկան ճշտված պլանի 2022թ. բյուջեով նախատեսվում են 106.5 մլրդ դրամի եկամուտներ, 130.8 մլրդ դրամի ծախսեր և 24.3 մլրդ դրամ պակասուրդ, իսկ արդեն համաձայն Երևանի քաղաքապետի 2023թ. բյուջետային ուղերձի (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 16.11.2022թ.) ստացվում է, որ 2022-ի ճշտված պլանով նախատեսվում են 91.4 մլրդ դրամի եկամուտներ և 98.8 մլրդ դրամի ծախսեր։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նման էական ճշտման արդյունքում տրամագծորեն փոխվում է 2023թ.-ի բյուջեի վերաբերյալ ընդհանուր գնահատականը` պլանավորված ցուցանիշների արժանահավատության մասով։ Քաղաքապետի ուղերձում նշվում է, որ 2023-ի բյուջեի եկամուտները 2022-ի ճշտված ցուցանիշին գերազանցում են 13.7 մլրդ դրամով։ Մինչդեռ, 2022թ. 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում նշված ճշտված պլանի ցուցանիշների հետ համեմատելու դեպքում ստացվում է, որ Երևան քաղաքի 2023թ. բյուջեով և՛ եկամուտները, և՛ ծախսերը զիջում են 2022-ին (ընդ որում, ծախսերը զգալիորեն՝ 25.3 մլրդ դրամով կամ 19.3%-ով)։ Տարվա ընթացքում մի քանի անգամ սովորական գործելաոճ դարձած բյուջեի էական ճշտումներ կատարելուց հետո, միևնույն է, փաստացի ցուցանիշները հեռու են մնում պլանավորված ցուցանիշներից։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ