«Մեր աշխարհաքաղաքական վիճակը միշտ այսպիսին է եղել, որ սրացումներ են եղել եւ ժամանակավոր մեղմացում: Արցախյան պատերազմի ժամանակ եւ դրանից հետո էլ նույն խնդրի առաջ էինք, դա էր պատճառը, հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր ձեռնարկեցին ու փորձեցին Հայաստանը օժտել տնտեսական եւ էներգետիկ նոր հնարավորություններով: Դա պարսկական ճանապարհն էր: Կառուցվեց մեծ անցակետ, երկրորդ գազատարը Պարսկաստանից մտցվեց Հայաստան, քանի որ մյուս գազատարը վրացիները տարբեր պատճառաբանություններով փակում էին»,- «Հայելի» ակումբում նշեց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը:
Նրա խոսքով. «Պետք է Պարսկաստանի հետ շարունակել համագործակցությունը, գիտեք, որ երկաթուղի էր նախատեսվում կառուցել… Հայաստանն այն ժամանակ Պարսկաստանի միջոցով դուրս էր գալիս շատ լայն շուկա: Հիմա այս միջանցքը, որ ուզում են կառուցել, այս ճնշումը, որ Հայաստանի վրա գործադրվում է, նպատակը ոչ միայն թուրանական ծրագրի իրականացումն է, այլեւ այն, որ այլ աղետ է պարունակում՝ մեզ զրկում է այլ պետությունների՝ ասիական, արեւելյան, արաբական աշխարհի եւ այլ երկրների հետ շփումների հնարավորությունից, հսկայական շուկաներից»:
Հայագետի ձեւակերպմամբ. «Եվ Վրաստանի կողմից են ճնշում գործադրում Հայաստանի վրա, եւ՝ այս կողմից, գործադրողն էլ նույնն է՝ Արեւմտյան բլոկը: Արեւմուտքն այժմ չի կարողանում Ուկրաինայում իր առջեւ դրած խնդիրը կատարել, տապալվել է խայտառակ ձեւով: Ի դեպ, Վիետնամից սկսած՝ տապալվում է բոլոր պատերազմներում, նույնիսկ այն երկրներում, որտեղ նախօրոք հեղաշրջում է անում՝ Լիբիա, Սիրիա եւ այլն, մանր-մունր կղզիները չհաշված: Երբ դեմ է առնում ռուսական ժայռին, Արեւմուտքի խոփը չի հերկում»:
Հայկազուն Ալվրցյանն ընդգծում է. «Այս պայմաններում, երբ աշխարհն այս վիճակում է, փորձում են մեզ վրա քաղաքական եւ տնտեսական ճնշում գործադրել, իսկ Նիկոլ կոչեցյալը, որ իրեն վարչապետի տեղ է դրել, չի հասկանում, թե ինչ անի: Նույն շաբաթվա մեջ մեկ բռունցք է ցույց տալիս Ռուսաստանին, մեկ գնում ու համբուրում է ձեռքը: Ռուս քաղաքական գործիչները, վերլուծաբանները այլեւս չեն թաքցնում, որ չի բացառվում թուրք-ադրբեջանական ալյանսի դեմ Ռուսաստանի երկրորդ ճակատի բացումը, որովհետեւ նրանք շատ կարմիր գծեր են հատել: Մեծ կայսրությունները երբեք չեն ներում, երբ իրեն ժամանակավոր թուլությունների ժամանակ կամ անպատեհ պահերի փորձում են թիկունքից հարվածել: Առճակատումը, պայքարը հասկանալի են, երբ ունես հակամարտություն ու սկսում ես բացահայտ քո շահը պաշտպանել, բայց երբ դու թիկունքից փորձում ես հարվածել, չեն ներում: Ռուսաստանը եւս չի ների»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ