Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Գարնանը ժողովրդին ոտքի հանենք եւ ճանապարհենք այս իշխանությանը». Ալբերտ Բազեյան

Դեկտեմբեր 27,2022 15:10

ԱԺ նախկին փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը 44-օրյա պատերազմի պարտությունից հետո երկար է մտածել ու հանգել նրան, որ պետք է ձեւավորել համահայկական միացյալ դաշինք: Ըստ նրա, մի քանի կուսակցությունների դաշինքը ոչինչ չկարողացավ փոխել, ուստի պետք է միաբանվեն բոլորը:

«Մենք տեսանք «Հայաստան» դաշինքի արդյունքը. մեր ժողովուրդը ուներ երկընտրանք՝ կամ պետք է ընտրեր նախկիններին, կամ՝ Նիկոլ Փաշինյանին եւ, ցավոք, մեր ժողովուրդն իր ընտրությունը կատարեց՝ նախկիններին մերժելով եւ կրկին ընտրեց ՔՊ-ին: Իմ կարծիքով, այս շարժումը պետք է ձեւավորվի եւ նախկինները չպետք է առանձնապես մասնակցություն ունենան, նոր ուժեր են պետք: Համախմբումը՝ տարբեր անհատների եւ ուժերի, կարող է հույս ներշնչել հասարակությանը, որ կկարողանանք մի բան փոխել»,-այսօր «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ, որը վերաբերվում էր Հայաստանի հանրապետության եւ Արցախի հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ասաց Ալբերտ Բազեյանը՝ հավելելով, որ չորս տարվա ընթացքում չորս պաշտպանության նախարարի, ԳՇ պետի, ԱԱԾ պետի եւ այլ փոփոխությունները խոսում են կադրային ճգնաժամի մասին: Հիմա նաեւ սոցիալական ճգնաժամ է, իսկ երկրի ղեկավարին՝ ով ինչպես հասնում՝ պիտակավորում է, նա անգամ «Լուկաշենկոյի դեմ չի կարողանում խոսել»: Այս իրավիճակներից ելքը Ալբերտ Բազեյանը տեսնում է համախմբման մեջ. «Ձեւավորել համահայկական միասնական ճակատ, ներկայացնել եւ իրականացնել մեր ազգային եւ պետական շահերից բխող քաղաքական ծրագիր»:

Հայաստանի արտաքին քաղաքական գործընկերներ Ալբերտ Բազեյանը համարում է Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, այդ թվում նաեւ ՌԴ-ն, որի հետ դաշնակցային հարաբերություններ ունենք, թեեւ 44-օրյա պատերազմում Հայաստանին չօգնեց՝ Նիկոլ Փաշինյանին դիտարկելով արեւմտամետ:

Նա կոչ արեց գարնանը ժողովրդին ոտքի հանել եւ այս իշխանությանը ճանապարհել, իսկ առաջնորդը կամ առաջնորդները իր գնահատմամբ, կնշվեն գործընթացի ժամանակ, քանի որ եթե հիմա որեւէ մեկի անունը տրվի, կսկսվի նրան պիտակավորելու գործընթացը:

Շարժման նախաձեռնողներից Գեւորգ Գեւորգյանը համամիտ է Ալբերտ Բազեյանի հետ՝ մեկ բացառությամբ՝ այս պայքարում իր համար եղանակային եւ ժամանակային սահմանափակումներ չկան: Եթե հաջողեն եւ մինչեւ Նոր տարի ճանապարհեն այս իշխանությանը, դա իր համար կլինի լավագույն տոնը: Նա առաջարկեց՝ հենց այսօր լուծել կազմակերպական հարցերը եւ լծվել գործի:

«Նոր տարին առանց Նիկոլ է պետք անել»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031