2022 թվականի դեկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2022 թվականի չորրորդ նիստը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:
Օրակարգում ընդգրկված էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ Վայոց ձորի մարզի տուժած Ջերմուկ համայնքի շահառու ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ հարցը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց նիստի մասնակիցներին և ներկայացրեց օրակարգը: Մարզպետը նշեց, որ 2022 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնաս են կրել Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքները, անհատ ձեռնարկատերեր, համայնքի բնակիչներ և այլ համայնքներից Ջերմուկի հեռավոր արոտավայրերում գտնվող անասնապահությամբ զբաղվող սարվորները:
Կարդացեք նաև
Նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասը վերականգնելու կամ մեղմելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկի համայնքապետարանի համապատասխան վարչությունների մասնագետներ, կատարել է վնասների գնահատում:
Գնահատման արդյունքների հիման վրա ՀՀ կառավարությունը ֆինանսական օժանդակություն է տրամադրել վնասներ կրած և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից արձանագրված վնասները և օժանդակության գումարների չափերը:
Նիստի ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց նիստի մասնակիցների գալիք Ամանորը, մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ:
Վայոց ձորի մարզպետարան