Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստ կլինի 2023 թվականին։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու հերթական նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն՝ ի պատասխան ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հարցի։
Վարդանյանն այսօր ասաց՝ շուտով «Իմ քայլը» թիմի կառավարման 5-րդ տարին կլրանա, խոստումներից՝ մետրոյի կայարան ունենալը կյանքի չի կոչվել։
«Երբ հնգամյա զարգացման ծրագրում կար մետրոյի կայարանը, եւ երբ 2019-ին Մարությանը բոցաշունչ ելույթներ էր ունենում, ես ասում էի՝ չեմ հավատում, դուք բոլորդ եւ թիմի համակիրներն ինձ գրում էիք՝ տականք, լաչառ, չար մարդ, դու չես ուզում մետրոյի կայարան ունենանք, կտեսնես, որ կունենանք։ Ունեցա՞նք»,-ասաց Վարդանյանը։
Քաղաքապետ Սարգսյանն էլ պատասխանեց․ «Ինչպես տեսնում եք՝ մետրոյի կայարան դեռ չունենք»։
Կարդացեք նաև
Ապա նա ներկայացրեց, թե աշխատանքները որ փուլում են՝ հայտարարվել է մրցույթ, նախագծող կազմակերպությունը կա, նախագծման փուլում է, մինչեւ շինաշխատանքները սկսելը՝ դեռ բավական շատ աշխատանք կա անելու․ «Բայց համայնքային եւ պետական բյուջեից 1,8 մլրդ դրամ՝ 4 մլն դոլար ենք ծախսում, որպեսզի ունենանք նախագծանախահաշվային փաստաթուղթ։ Շինարարական բոլոր կապիտալ ծախերի համար պարտադիր պետք է ունենանք այս փաստաթուղթը։ Նախատեսվում է՝ նախագիծը պատրաստ կլինի 2023 թվականի հուլիս ամսին։ Երեք փուլով է։ Հիմա երկրորդ փուլի ընդունման-հանձնման գործընթացում ենք, որից հետո պիտի քննարկվեն ֆինանսական աղբյուրները, թե որ ֆինանսական աղբյուրներով են լինելու շինաշխատանքները, ու հետո կհայտարարենք մրցույթ։ Մեր նպատակն է ունենալ մետրոյի կայարան, ու դրա համար աշխատում ենք»։
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ