«Քաղաքական ուժերի ընդդիմադիր թվաբանությունը թույլ չտվեց, որպեսզի կարողանան տեր կանգնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ժողովրդի ցասմանը, որը լավագույն, համարժեք պատասխանն էր իշխանության գործողության եւ այդպիսի դաժան պարտություն կրած ղեկավարը նորից ընտրվում է եւ կարողանում է գնալ բանակցության»,- այսօր «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ, որը վերաբերում էր Հայաստանի հանրապետության եւ Արցախի հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերներին, կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Բանախոսի կարծիքով՝ հակաքաղաքագիտական թեզ է շրջանառվում, որ ողջ պատասխանատվությունն իշխանությանն է. «Ոչ, նաեւ ընդդիմությունն ունի պատասխանատվություն, որ ինքն այսօր մնացել է»: Իսկ պայքարը, Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, քաղաքական չի, այլ՝ ազգային-ազատագրական եւ մենք այսօր էլ ունենք պայքարի ռեսուրս:
Բանախոսը դիմեց Վեհափառին՝ հորդորելով ցույց տալ առաքելական եկեղեցու հավաքական ստորագրությունը, որ սա ազգային-ազատագրական պայքար է, որը հնչում է նաեւ տարբեր հոգեւորականների կողմից:
Կարդացեք նաև
«Տղամարդկային որակն այսօր պակասում է, պետք է խոսքին տեր կանգնել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
«Պատմությունն է ցույց տվել, որ մենք սիրում ենք մեր պետության տեսլականը, բայց որ պետություն ենք ունենում՝ չենք կարողանում պահել։ Մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը շատ կարեւոր է․ կարծում եմ, որ այս կառավարության ծրագրին պետք է հակադրել մերը՝ ազգայինը։ Ազգային գաղափարախոսությունը մեկ օրում չէ, որ ձեւավորվում է, բայց կարելի է ստեղծել 5-10 կետից կազմված ծրագիր, հավաքել մասնագիտական խումբ, ձեւավորել ու ժողովրդին ներկայացնել իսկապես ծրագիր։ Մի խնդիր կա, բոլորս հավակնոտ ենք, ասում ենք՝ առաջինը մենք լինենք: Բայց առաջինն ու վերջին չպետք է լինի, բոլորս մի խնդիր պետք է լուծենք՝ մեր միասնության խնդիրը»,- իր ելույթում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ