Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանին տեղական նոր տուրք է սահմանում

Դեկտեմբեր 27,2022 13:43

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է Երեւան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։ Քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը զեկուցեց, որ «Տեղական տուրքի եւ վճարերի մասին» օրենքում ավելացել է նոր տուրքի տեսակ եւ ըստ այդմ՝ նախատեսվում է համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություններ մատուցող օբյեկտին հարակից տարածքում ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային եւ ձմեռային սեզոնների համար հանրային սննդի ծառայության մատուցման թույլտվություն, եւ որպես տուրք է սահմանվում յուրաքանչյուր մետրի համար 30 հազար դրամ։

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարց հնչեցրեց՝ շատ սրճարաններ մայթերը զավթում են, օրինակ` Կասկադի եւ Սարյան փողոցների որոշ հատվածներում անհնար է տեղաշարժվել։

Արման Ջհանգիրյան

Ջհանգիրյանն ի պատասխան ասաց, որ իրենց մասնագետները գնում են, տեղում ուսումնասիրում, եթե մայթի զավթում կա՝ թույլտվություն չի տրվի։

Նման խնդիր հնչեցրեց նաեւ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Նա օրինակ բերեց կրկին Սարյան փողոցը, Արամի փողոցը, որտեղ սրճարաններից մեկը մայթի վրա կապիտալ կոնստրուկցիաներով շինարարություն է անում եւ սա մտահոգիչ է, քանի որ քաղաքացիների տեղաշարժին խանգարում են, հատկապես մանկասայլակով կանայք չեն կարողանում տեղաշարժվել այդ հատվածներում։ Աբգարյանը նաեւ նշեց, որ այդ սրճարանների ներսում ծխելու արգելքի պատճառով, այցելուները դուրս են գալիս, կանգնում մայթերին՝ ծխելու, սա եւս խանգարում է մարդկանց ազատ տեղաշարժին․ «Կարող եք տուրքեր փոխել, բայց առաջին հերթին պետք է ապահովել մայթով տեղաշարժը»։

Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք մայթերին սեղան-աթոռ դնելու համար հստակ չափանիշներ կան, ինչին ի պատասխան՝ Ջհանգիրյանն ասաց՝ օրենքը չենք փոխում, պարզապես կարգավորում են դաշտը, նախկինում չի եղել նման տուրք․ «Հիմա կարգավորում ենք, որպեսզի մայթերի զավթում չլինի»։

Պարզվեց, որ այս պահին չափանիշներ չկան, բայց փոխքաղաքապետն ասաց, որ նախագիծը մշակվել է, փորձաքննությունն անցել է, առաջարկներ են եղել, եւ տարեսկզբին կբերվի նիստի քննարկման։

Ըստ նախագծի, առաջարկվում է տեղական տուրք uահմանել՝ 1) հիմնական շենքերի եւ շինությունների համար` մինչեւ 300 քմ ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական տների, ինչպեu նաեւ մինչեւ 200 քմ մակերեu ունեցող հաuարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար` 105 հազար դրամ, 200-ից մինչեւ 500 քմ-ի դեպքում՝ 210 հազար դրամ, 500-ից մինչեւ 1000 քմ-ի դեպքում՝ 350 հազար դրամ եւ այլն։ Մանրամասներն՝ այստեղ 

Նախագծով փոփոխություն է կատարվում նաեւ արտաքին գովազդ տեղադրելու ոլորտում։ Օրինակ՝ Երեւանում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քմի տեղական տուրքը սահմանվում է`

1) ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչեւ 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 6000 դրամ,

2) թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոu) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 10500 դրամ,

3) այլ արտաքին գովազդի համար` 4500 դրամ,

4) սոցիալական գովազդի համար` 0 դրամ,

5) դատարկ գովազդային վահանակների համար` Երեւանում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով,

6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել եւ տարածել է իր կազմակերպության գովազդը` Երեւանում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի չափով:

Ջհանգիրյանն այս առնչությամբ ասաց՝ նախկինում սահմանած դրույքաչափերը որոշակի շեղում ունեին օրենքով սահմանված դրույքներից․ «Մենք ուղղակի համապատասխանեցրել ենք օրենքի կարգավորումներին, չենք ավելացրել տուրքը»։

Նա նաեւ հավելեց, որ օրենքով արտաքին գովազդի տեղադրման համար՝ ըստ վարչական շրջանների, գոտիականություն սահմանված չէ, այսինքն` տուրքի նույն չափն է լինելու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031