ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 29,886,500 դրամ գումար է հատկացվել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով հասցված վնասները վերականգնելու համար։
Տնտեսություններին աջակցման գումարը տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով մարզպետարանում ընդունեցի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին եւ Վարդենիս համայնքի անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչներին։
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել աջակցել 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով տուժած տնտեսություններին՝ հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված տվյալները եւ առաջարկությունները։ Գործընթացն արագ կազմակերպելու համար առաջիկա երեք օրերի ընթացքում պետք է ներկայացնել վճարման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համապատասխան գումարները ստանալուց հետո դրանց առնվազն 80%-ը պետք է բացառապես ծախսվի անասնագլխաքանակ ձեռք բերելու և տնտեսությունների վերականգնման ուղղությամբ։
Կառավարությունը հոգացել է ամեն բան, որպեսզի տնտեսությունները վերականգնեն կորսված անասնագլխաքանակը և զարգանան։
Հունվարի երրորդ տասնօրյակում մարզպետարանի կողմից կանցկացվի համապատասխան ուսումնասիրություն՝ տրամադրված գումարները նպատակային ծախսելու ուղղությամբ։
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը անասնապահական տնտեսությունների անունից հավաստիացրեց, որ տրամադրված գումարները կծախսվեն նպատակային, կվերականգնվի կորսված անասնագլխաքանակը, իսկ շահառու տնտեսությունները զարկ կտան անասնապահության զարգացմանը։
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան