Ermenihaber. Թուրքական մերձիշխանական «Sabah» թերթի վերլուծաբան Յավուզ Դոնաթը Կարս կատարած այցից հետո հրապարակել է մի հոդվածում, որտեղ անդրադարձել է Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ տեղացիների տրամադրություններին:
Հոդվածի հեղինակը գրում է, որ Կարսի բնակիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից խնդրում են բացել Հայաստանի հետ սահմանը։
Շրջելով Կարսում Յավուզ Դոնաթը իրեն պատահած արհեստավորներին, առևտրականներին, մասնագիտական միությունների ղեկավարներին, քաղհասարակության առաջնորդներին ու տուրիզմով զբաղվողներին հարցրել է՝ թե նրանք ինչ ասելիք ունն երկրի իշխանություններին: Ըստ հոդվածի հեղինակի՝ բոլորի ասելիքը, բոլորի խնդրանքը նույնն է եղել։
«Մեր հարգարժան նախագահից մի կարևոր խնդրանք ունենք. բացել արևելյան սահմանադուռը, բացել Հայաստանի հետ սահմանը»,- Կարսի բնակիչների անունից գրում է թուրք վերլուծաբանը։
Կարդացեք նաև
Մարդիկ կարծում և հավատում են, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի ցամաքային երթևեկության համար, ապա ներքին միգրացիայում հակառակ հոսքը տեղի կունենա, քաղաքացիները կսկսեն Ստամբուլից տեղափոխվել Կարս։
«Կարսեցիներն ասացին, որ Հայաստանն իր բոլոր անհրաժեշտությունները կհոգա Կարսից՝ սնունդ, շինանյութ, գյուղատնտեսական գործիքներ, հագուստ, այն ամենը, ինչ կարող է անցնել մտքներովդ»,- փոխանցում է հոդվածագիրը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի կողմից պաշտոնապես ճանաչվել է 1991թ. դեկտեմբերի 24-ին, բայց առ այսօր հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։ Իսկ Հայաստանի հետ ցամաքային սահմանը Թուրքիան միակողմանիորեն փակել է 1993թ. ապրիլի 3-ին՝ որպես աջակցություն Ադրբեջանին ղարաբաղյան զինված հակամարտությունում։
Հայ-թուրքական 328կմ երկարությամբ միջպետական սահմանին կա 2 անցակետ՝ Իգդիրը, որը ցամաքային ճանապարհով տանում է դեպի Երևան, և Կարսը, որը երկաթգծով կապված է Գյումրիի հետ: