Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները էներգետիկ ոլորտում պատերազմից հետո և դրանց ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում ԵՄ միջնորդական ջանքերի վրա. «ԼՈՒՅՍ»

Դեկտեմբեր 27,2022 12:22

Հոդվածաշարի այս մասում «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է էներգետիկ ոլորտում ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները 44-օրյա պատերազմից հետո և դրանց ազդեցությունը ԵՄ միջնորդական ջանքերի վրա Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում։

Ինչպես և կանխատեսելի էր, վերջին տարիներին Ադրբեջանի ազդեցությունը հատկապես մեծացավ այն երկրներում, որոնք հանդիսանում են ադրբեջանական էներգակիրների անմիջական կամ հեռանկարային շահառուներ։

Ուշագրավ է, որ ադրբեջանական գազի և նավթի հիմնական շահառուն՝ Իտալիան, վերջիններից էր, որ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այն էլ 44-օրյա պատերազմից հետո միայն՝ 2020թ․ դեկտեմբերին։

Կասպյան էներգակիրների մատակարարումը Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը, ԱՄՆ-ում միշտ վայելել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը, և այդ նախագիծը Վաշինգտոնի համար ռազմավարական կարևորություն ունի։

Հարավային Կովկասում ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ զուտ ԵՄ-ի շահերը խարսխվում են երեք հիմնական նպատակների վրա՝

ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը,

Հարավային Կովկասում ձևավորել այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որը տարածաշրջանից աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը,

խոչընդոտել Հարավային Կովկասում Իրան-ՌԴ ռազմաքաղաքական առանցքի ձևավորումը և Իրանի դերակատարության մեծացումը։

Ադրբեջանի նկատմամբ ԵՄ լոյալ մոտեցումը օրինաչափ է, եթե հաշվի առնենք վերջինիս տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Եթե միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն միայն Ադրբեջանից ներմուծված գազի համար վճարել է շուրջ 5 մլրդ եվրո, ապա, օրինակ՝ Հայաստանի հետ ԵՄ ամբողջ ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում չի հատել 1 մլրդ դոլարի սահմանը։ Պատահական չէ, որ 2022թ սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը շտապեց հայտարարել, որ ԵՄն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ գազային գործարքի չեղարկումը կամ սառեցումը։

Պետք է նկատի ունենալ, որ Արցախի հարցի այնպիսի կարգավորումը, որը հիմքեր կստեղծի ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետի երկարացման համար, չի բխում Արևմուտքի շահերից։ Բրյուսելի համար խիստ անցանկալի է նաև հակամարտության վերսկսումը այնպիսի մասշտաբներով, որը կարող է սպառնալիք ստեղծել Ադրբեջանից դեպի ԵՄ անցնող էներգետիկ ենթակառուցվածքների համար։

 Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ կարող ենք եզրակացնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող անտեսել տարածաշրջանում ԵՄ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Ամեն կերպ ՌԴին տարածաշրջանից դուրս մղելու ցանկությունը և Ադրբեջանի հետ վերջին տարիներին մեծացող էներգետիկ համագործակցությունը ԵՄին դարձնում են այս բանակցությունների շահագրգիռ մասնակից։ Որքան մեծանան ԵՄ ակնկալիքներն Ադրբեջանից էներգակիրների մատակարարման հարցում, այնքան միջնորդության նժարը թեքվելու է դեպի ադրբեջանական շահերի տիրույթ։

 Նաև այս է պատճառը, որ Բաքուն, մերժելով, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, փորձելով չեզոքացնել համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ՌԴի, ԱՄՆի միջնորդական ջանքերը, հոժարությամբ համաձայնում է Բրյուսելի միջնորդությանը, քանի որ միջնորդի նկատմամբ ունի ազդեցության որոշակի լծակներ՝ ամեն օր դեպի ԵՄ մատակարարվող էներգակիրների տեսքով։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ նախապատվությունը տալիս Ադրբեջանի հետ բանակցությունների հենց բրյուսելյան հարթակին. ընդ որում այս միտումը հատկապես նկատելի է ուկրաինական ճգնաժամից հետո, երբ ՌԴ-ԵՄ հարաբերությունները գտնվում են աննախադեպ լարվածության փուլում։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031