Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք դատավորն այսօր պաշտպանված է. Արա Զոհրաբյան

Դեկտեմբեր 27,2022 11:18

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՐԴՅՈ՞Ք ԴԱՏԱՎՈՐՆ ԱՅՍՕՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է

Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցման լուրը խիստ անհանգստացնող է:

Չեզոք դիտորդի մոտ Բարձրագույն դատական խորհրդի հիշյալ որոշումը պետք է կարծիք ձևավորի, որ առկա են եղել ծանրակշիռ հիմքեր դատավորի լիազորությունների դադարեցման համար և որ այդպիսի հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը կդադարեցներ ցանկացած այլ դատավորի լիազորություն:

Հարց է ծագում՝ արդյո՞ք դատավորը պաշտպանված է:

Իմ կարծիքով հիմնական խնդիրը թաքնված է 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության մեջ:

2015թ. փոփ. Սահմանադրությամբ՝
Բարձրագույն դատական խորհրդի կազմը սահմանվել է 10 անդամից, որոնցից միայն 5-ին է ընտրում դատական համայնքը. այսինքն դատավորները մեծամասնություն չեն կազմում.
դատավորի անձեռնմխելիությունը չի գործում, եթե դատավորի ենթադրյալ հանցագործողությունը կատարվել է ոչ դատավորի կարգավիճակում. այսինքն, եթե դատավորը մասնավոր կյանքում ենթադրյալ հանցագործություն է կատարում (օրինակ ծեծում է իրեն վիրավորած անձին), ապա իրավասու մարմինը քրեական հետապնդում հարուցելիս և դատավորի կալանավորման հարցը բարձրացնելիս շրջանցում է բարձրագույն դատական խորհրդին:
……………………….
2015 թվականին մինչև Սահմանադրության փոփոխություններն ընդունելը, նախագիծը մշակող հանձնաժողովին ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը ներկայացրել է իր կարծիքը նաև նշված խնդիրների վերաբերյալ:

Տես կարծիքը՝

ԲԴԽ կազմի համամասնության մասով Աշխատանքային խումբը նշել է (Տես՝ 97-րդ էջ)՝ «..Սակայն դատավորների նշանակման գործընթացում խորհրդի աշխատանքը, նույնիսկ խառը կազմ ունենալու դեպքում, չի կարող ենթարկվել Ազգային ժողովի մեծամասնության կամ գործադիր իշխանության ազդեցությանը, և պետք է անկախ լինի քաղաքական կուսակցությունների շահերից, որպեսզի Խորհուրդը կարողանա երաշխավորել արդարադատության հիմնական սկզբունքներն ու արժեքները:
……
Նախագծի տարբերակը թողնելու դեպքում, դատական իշխանության ներկայացուցիչները բարձրագույն դատական խորհրդում մեծամասնություն չեն կազմի, ինչը կհակասի նաև իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին։ Հատկանշական է, որ դատական իշխանությունը չպետք է կախվածության մեջ գտնվի գործադիր և օրենսդիր իշխանություններից։
…….
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մեծամասնությամբ օժտել դատական իշխանության ներկայացուցիչներին։»:

Աշխատանքային խումբն առաջարկել էր՝
• Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել 11 անդամից, որոնցից 4-ին ընտրում է Ազգային ժողովը, իսկ 7-ին` դատավորների ընդհանուր ժողովը` դատավորների թվից.
• Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ընտրել դատավոր անդամների կազմից:
Դատավորի անձեռնմխելիության հարցով Աշխատանքային խումբը նշել է (Տես՝ 91-րդ էջը)՝ «դատավորի անձեռնմխելիությունը` իրավունքի գերակայությանն ու դատավարության արդարացիությանն ուղղված նրա մասնագիտական գործունեության ապահովման կարևորագույն միջոց է: Հետևաբար, դատավորի անձեռնմխելիությունը ոչ թե նշված պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելություն է, այլ անկողմնակալ, արդար և օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմնարար իրավունքի բաղադրատարր է, ուստի պետք է հանդիսանա այդ բաղադրյալ իրավունքի յուրաքանչյուր կրողի առանձին իրավունք-երաշխիք:

… Այլ խոսքով` բոլոր այն դեպքերում, երբ դատավորին վերագրվող իրավախախտումը ենթադրաբար կատարվել է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում, անկախ այն հանգամանքից, թե մեղսագրվող արարքն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե՝ ոչ, գործում է դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը: »:

Աշխատանքային խումբն առաջարկել է սահմանադրական նորմը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ՝

• «Դատավորը չի կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց բարձրագույն դատական խորհրդի համաձայնության:..»:

ԱՄՓՈՓՈՒՄ
Ցավոք, նախորդ իշխանությունը 2015 թվականին հաշվի չառավ ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խմբի հեռատես առաջարկությունները և իր ինքնավստահության պտուղներն այսօր բոլորով ենք քաղում:

Իրավական կարգավորումը պետք է այնպիսի անվտանգության բարձիկներ պարունակի, որ նույնիսկ ամենավատ կիրառողի ձեռքում դատավորը պաշտպանված լինի:

Այսօրվա իշխանությունը նույնպես պետք է գիտակցի, որ ամեն ինչ ժամանակավոր է:

Փաստաբանները միշտ կարևորել են դատավորի անկախությունը, քանի որ միայն իրական անկախ դատավորը կարող է արդարադատություն իրականացնել անկախ եղանակի տեսությունից և քաղաքական փոփոխություններից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031