Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կա լավ հնարավորություն՝ իրականացնելու այն դրույթը, որը գրված է ՔՊ ծրագրում․ ճանաչում՝ հանուն փրկության. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 27,2022 10:53
Zolyan

ՀՀ իշխանությունների կողմից գեներացվող հակառուսական քաղաքականության եւ դրա հնարավոր հետեւանքների մասին զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ։

– Նախ, ՀՀ արտգործնախարարի մերժումը, իսկ երեկ Փաշինյանը չհանդիպեց Ալիեւի հետ՝ փորձ է արվում կարծես ցույց տալու, թե Հայաստանն այլեւս չի վստահում ՌԴ միջնորդությանը, մինչդեռ թվում էր՝ նման իրավիճակում, երբ Լաչինը փակ է մոտ երկու շաբաթ, իշխանություններն ավելի զգույշ պետք է գործեին։ Ձեր կարծիքով, ընդդեմ Ռուսաստանի բարձրացվող այս ալիքի բուն նպատակը ո՞րն է։

– Չեմ կարծում, որ սա հակառուսական քաղաքականություն է, որովհետեւ դրա համար էլ մարդիկ պետք է ինչ-ինչ գաղափարներ ունենան։ Մենք ավելի շատ գործ ունենք ռեակտիվ գործունեության հետ, երբ չկա ո՛չ սեփական քաղաքականություն, ո՛չ սեփական օրակարգ։ Այս իշխանությունները բոլոր պարագաներում փորձում են մեղավորներ գտնել, բոլորը մեղավոր են, բացի իրենցից, այս անգամ, փաստորեն, ռուսներն են մեղավոր, դրա համար էլ սլաքներն ուղղել են։ Կարծիքներ կան, որ ինչ-որ բան է նախապատրաստվել․ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանից առաջարկությունների ինչ-որ փաթեթ են ստացել․ ում հետ պիտի քննարկվի, ինչ առաջարկներ են եւ այլն, մեզ համար անհասկանալի է։ Կարծում եմ՝ իշխանությունները փորձել են տարբեր ուղղություններով աշխատել, բայց չունենալով դիրքորոշում՝ տապալվել են։ Հիմա, խուսափել բանակցություններից՝ մի բան է միայն նշանակում՝ խուսափել պատասխանատվությունից։ Ես կհասկանայի, որ ձեւակերպվեր պայման, որ մասնակցությունը բանակցություններին կլինի, եթե վերականգնվի ստատուս քվոն, բացվի միջանցքը։ Բայց նման հայտարարություն չկա, որեւէ ձեւով չկա անդրադարձ սեպտեմբերյան դեպքերին, երբ հանձնվել են Լաչինն ու Աղավնոն։ Փաստորեն, մենք տեսնում ենք, որ այս զիջումները ոչնչի չեն բերում, պարզապես Ադրբեջանի ախորժակն է բացվում։ Հետեւաբար՝ ՀՀ իշխանությունների վերջին գործողությունները մի քանի բան են նշանակում՝ մեղավորներ գտնել, երկրորդ՝ խուսափել պատասխանատվությունից, եւ երրորդ՝ որ մինչ այդ ապաշնորհ գործունեության պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, որը կարող է ցուգցվանգային համարվել։

Գուցե մեղավորներ կարգելու քաղաքականությունը ներքին տիրույթում աշխատում է, բայց չե՞ք կարծում, որ արտաքին գործընկերների հետ նման փոխհարաբերությունները պետության համար լի են վտանգներով։ Եթե անգամ ճիշտ են՝ ռուսները թերանում են, իշխանությունն ունի՞ այլընտրանք։

– Գիտեք, եթե դու մի պետության համար համարվում ես անհուսալի գործընկեր, քեզ նույն վերաբերմունքին կարժանացնեն նաեւ մյուս խաղացողները։ Եվ, այո, այս քայլերն արվում են ներքին լսարանի համար։ Ես վերջերս մի տեղ կարդացի, որ Արարատ Միրզոյանը գնացել է Մոսկվա։ Նյութի տակ կային հազարավոր մեկնաբանություններ (ինձ համար էլ էր զարմանալի, որ այդքան գրողներ կային)՝ հետեւյալ բովանդակությամբ, որ ապրես, Արարատ, կզզցրիր․ ում կզցրեց, ինչպես կզցրեց, ես չհասկացա։  Փոխարենը հասկանալի է, որ եթե կան նման հազարավոր մարդիկ, ուրեմն իշխանության հենարանը հենց նրանք են, եւ նրանց կարծիքն է որոշիչ իշխանությունների համար եւ ոչ թե միջազգային գործընկերների։

Այդուհանդերձ, պետք է ընդունել, որ Ռուսաստանն իսկապես ունի պարտավորություն, որ պետք է կատարի, եթե չի անում, ինչպե՞ս եք ելքը պատկերացնում։

– Իմ կարծիքով, մինչ այդ եղել են ինչ-ինչ պայմանավորվածություններ Բորելի հետ (ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորել՝ Լ․ Շ․), հետո՝ մի չկայացած հանդիպման պատմություն, որտեղ Ալիեւը պատրվակ ներկայացրեց, թե չկա պայմանավորվածություն Մակրոնի մասնակցության վերաբերյալ, հիմա՝ նոր պայմանավորվածություն, նոր փաթեթ, որի մասին տեսանք, թե Ադրբեջանն ինչ զգուշավոր ներկայացրեց․ արտգործնախարարը զերծ մնաց որեւէ քննադատությունից, ինչն արվում էր նախկինում։ Մեզ այս անորոշության մեջ մնում է սպասել, որ վիճակը կհստակեցվի։ Բայց ինչն է կարեւոր․ այսօր կա լավ հնարավորություն՝ իրականացնելու այն դրույթը, որը գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում․ ճանաչում՝ հանուն փրկության։ Ամբողջ աշխարհը կարող է համոզվել, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղն ապագա չունի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031