Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մեր ռազմագերիները բոլորը բոլորի դիմաց սկզբունքով չէին վերադարձվել, բանակցային ի՞նչ գործընթացի սկիզբ պետք է լիներ. Թևան Պողոսյան. «Փաստ»

Դեկտեմբեր 27,2022 10:27

Շրջափակված Արցախում դեկտեմբերի 25-ին համաժողովրդական հանրահավաք անցկացվեց: Արցախից հնչեցված ազդակների, շարունակվող շրջափակման մասին զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ:

«Արցախը աշխարհին ցույց տվեց, որ այնտեղի բնակիչները պատրաստ են պայքարել իրենց բոլոր խնդիրների լուծման համար, որ իրենք չեն պատրաստվում հանձնվել: Արցախն ամբողջ հայությանը ցույց տվեց, որ Արցախի համար 1988-ից ի վեր ազգային վերածննդի և ազգային երազանքի միացումը դեռ ուժի մեջ է, որ այդ երազանքը չի կորել, ու արցախցին լավ է պատկերացնում, թե ուր է ուզում գնալ: Հետևելով սոցիալական ցանցերում օգտատերերի գրառումներին՝ վստահ կարող եմ ասել, որ ՀՀ-ում, Երևանում շատ-շատերն իրենց զգում էին այնպես, ինչպես ֆիզիկապես կմասնակցեին Արցախի հանրահավաքին: Նաև կային մարդիկ, որոնք արհամարհեցին, անտեսեցին, փորձեցին նաև բացասական գույների ներքո ներկայացնել այս ամենը, ինչը ցավալի է: Բայց, անկախ այդ մարդկանցից, այնուամենայնիվ, այս ամենը ցույց է տալիս, որ ազգային միասնության, ազգային վերածննդի ծիլը, կրակը դեռ կա: Հուսամ, որ Արցախն իր այս պայքարի մեջ ունակ է լինելու գտնել այն ճիշտ ճանապարհները, որոնք համայն հայությանը դեպի միասնականություն կբերեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ Թևան Պողոսյանը նշեց, որ առկա իրավիճակը ժամանակին չնախաձեռնած գործողությունների հետևանքն է: Նրա խոսքով, երբ դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով 15 անձ փակել էր ճանապարհը, պետք չէր այն բացելուց հետո զուտ ասել՝ ինչ լավ է, վերջ, ամեն ինչ ավարտվեց. «Եթե աշխատեինք ու հարցը ՄԱԿ-ում դնեինք կամ միասնականությունը հենց այդ պահից ապահովեինք, երևի այս ամենը չլիներ: Ընդհանուր առմամբ, այսօր կատարվող յուրաքանչյուր երևույթի պատճառն այն է, որ նոյեմբերի 9-ի անգամ մի կետի չկատարման պարագայում ՀՀ իշխանությունները պատրաստ էին այլ կետեր կատարել, այն էլ՝ նաև ինչ-որ անհասկանալի բանավոր համաձայնությունների հիման վրա: Երբ մեր ռազմագերիները բոլորը բոլորի դիմաց սկզբունքով չէին վերադարձվել, բանակցային ի՞նչ գործընթացի սկիզբ պետք է լիներ: Էլ չեմ ասում, որ մեր բանակցողը պետք է փոխվեր, ու պարտված իշխանությունը պետք է հեռանար, որ նոր պարտություններ չունենայինք: Այստեղից է խնդիրը գալիս: Երբ մի անգամ մի տեղ զիջում ես, քեզանից այլ զիջումներ են ուզելու, և այդպես շարունակվելու է: Երբ առաջին իսկ օրվանից ասում ենք՝ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, նաև հենց այս հաշվարկներով էինք ասում»:

Տեղեկատվական դաշտում առկա մի օրինակ բերելով՝ Թևան Պողոսյանը կարևոր իրողության մասին մատնանշեց: «Երեկ առավոտվանից տարածվում էր տեղեկություն, թե դեկտեմբերի 26-ին ճանապարհը բացվելու է: Բայց որևէ մեկը չի հարցնում՝ եթե անգամ բացվի, ո՞վ է ասում, որ դեկտեմբերի 28-ին չի փակվելու: Մենք ազգովի կարող ենք ասել, որ միասնաբար պայքարելու ենք ու բացելու ենք ճանապարհը, և այն այլևս չի փակվելու միայն այն ժամանակ, երբ կհասցնենք այնպիսի սցենարային լուծման, որտեղ ճանապարհի վերահսկողությունը կիրականացնի ԱՀ ՊԲ-ն կամ հայկական ԶՈւ-ն: Մինչդեռ այդ սցենարի մասին չենք խոսում, նպատակ չենք դնում ու չենք գիտակցում, որ ամեն ինչ պետք է անենք հենց նշվածին հասնելու համար: Այս դեպքում ժամանակ առ ժամանակ նորից ճանապարհը կփակվի՝ մի անգամ ուժային գործողությամբ, մի անգամ քաղաքացիական հագուստներով անձանց կողմից, մի անգամ բնապահպանների կամ այլ խմբերի կողմից: Այս ամենը շարունակվելու է, որովհետև թշնամին պրպտում է, իր վերջնական նպատակը դրել է, մինչդեռ մեր նպատակը չունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների կողմից չի ասվում, որ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչի համար պայքար է լինելու:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031