Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ՝ Ստեփանակերտում եւ այս օրերին Երեւանում կայացող հավաքները, ոչ թե ողբալու, այլ բռունցք դառնալու համար են». Աշոտ Մելքոնյան

Դեկտեմբեր 26,2022 22:11

«44-օրյա պատերազմի ամենադժվար պահերին, երբ մենք գիտեինք՝ հնարավոր է վաղը չլինի, ուրախ ենք եղել, այսպիսի տխուր դեմքեր չենք տեսել: Ես խնդրում եմ, ոչ մի դեպքում չմտածենք, որ վատ է լինելու: Ոչ, մենք հաղթելու ենք, Արցախի ժողովուրդը ստանալու է իր ինքնորոշումը, անկախ Արցախն իրականություն է լինելու»,- այսօր, ի աջակցություն Արցախին եւ արցախահայությանը, ընդդեմ արցախահայությանը սպառնացող վտանգի, Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում, արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված ցույցի ժամանակ ասաց միջազգայնագետ Հովհաննես Գեւորգյանը: Նա 44-օրյա պատերազմի մասնակից է: Խոսելով ցույցի սակավամարդության մասին, երիտասարդն անցորդներին հավաստիացրեց, որ այս պայքարն իսկապես արդար է եւ Արցախն այսօր իսկապես աջակցության կարիք ունի՝ հորդորելով միանալ պայքարին եւ պայքարել շարունակաբար, քանի որ թուրքերի ախորժակը միշտ էլ զսպելու կարիք է լինելու:

Ցույցի ընթացքում հնչում էին «Բերձորի միջանցքին ազատություն», «Թուրքին տալու հայրենիք չունենք», «Բացել կյանքի ճանապարհը», «Մենք ենք Արցախը» կոչեր: Ցուցարարները նաեւ համանման պաստառներով էին:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր ելույթում ասաց, որ նման պահեր, իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը շատ է տեսել եւ վստահեցրեց, որ այժմ, թեկուզ մի քիչ թուլացած, հուսահատ, դժնդակ բայց անհամեմատ ավելի լավ վիճակում ենք գտնվում, քանի որ ունենք հայոց երկու պետականություն՝ ՀՀ-ն եւ Արցախի հանրապետությունը: Իբրեւ պատմաբան, Աշոտ Մելքոնյանը վստահեցնում է՝ հայոց պատմության դասագրքերում մշտապես տեղ գտած թեզը, թե մենք երբեք պետականություն չենք ունեցել, կեղծիք է. «Համահայկական իմաստով, մենք չենք ունեցել պետականություն, տեղայնական իմաստով՝ միշտ էլ ունեցել ենք, որն արդեն հինգ հազար տարվա պատմություն ունի»: Ըստ պատմաբանի, մեր պետականության ողնաշարը Արեւելյան Հայաստանում Արցախն ու Սյունիքն են եղել, անգամ այն շրջանում, երբ Արարատյան դաշտավայրում կորցրել ենք պետականությունը: Հայերը, ըստ նրա, անընդհատ պետականություն են վերակերտել եւ այդ պետականությունը լինելու է, քանի որ Արցախը կանգուն է:

Երեկ՝ Ստեփանակերտում եւ այս օրերին Երեւանում կայացող հավաքները, ըստ Աշոտ Մելքոնյանի, ոչ թե ողբալու, այլ բռունցք դառնալու համար են: Աշոտ Մելքոնյանը հիշեց, որ մեկ ամիս առաջ Արցախում էր ու մարդկանց հետ շփումներից հասկացել է, որ բոլորն էլ գիտեին, որ գալու է այն օրը, երբ Բերձորի միջանցքը փակվելու է, բայց ոչ ոք իր երեխային չփախցրեց, երեկ էլ բռունցքվել էին Վերածննդի հրապարակում: Միայն կարծում է, որ Հայաստանում էլ է բռունցքվել պետք ու կգա այն օրը, երբ հարեւան երկրի ղեկավարը կզղջա իր խոսքերի համար, որովհետեւ՝ նորից ենք ազատագրելու մեր հայրենիքը: Աշոտ Մելքոնյանը հորդորեց՝ գլուխներից հանել այն միտքը, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, արցախցիների խնդիրն է, քանի որ դա համահայկական խնդիր է ու երբ մենք նորից գանք համահայկական մտածողության՝ նորից կհաղթենք: Նաեւ հորդորեց՝ կամք ունենալ ու հավատալ, որ հաղթանակի օրը գալու է:

Երգիչ Արմեն Հայրապետյանն էլ ասաց՝ ճնշվածություն է զգում, երբ մարդիկ տարանջատում են Արցախն ու Հայաստանը, բայց իր մտքում եւ սրտում ինքը դա երբեք չի արել՝ լինելով ծնունդով վանաձորցի, արմատներով՝ ալաշկերտցի: Նա վստահ է՝ ոչ ոք՝ ով որ կցանկանա արժեզրկել հայերի միասնականության եւ հայրենասիրության գաղափարները, չի հաջողելու եւ այդ երկու շարժիչ ուժերն են, որ մեզ առաջ են մղելու՝ դեպի հաղթանակ:

«Թուրքին ոչ մի թիզ հող, հայրենիք տալու ձեւ եւ հնարավորություն չունենք»,- ասաց երգիչ, արմատներով արցախցի Վարդան Բադալյանն՝ իր խոսքը երգի միջոցով շարունակելով՝ Արցախին նվիրված երգով:

Բանախոսները կոչ էին անում՝ չտրվել թշնամու ցանկություններին եւ ազգային օրակարգից չշեղվել, այս ճգնաժամը կարող է երկար տեւել, այլ ճգնաժամեր կարող են առաջանալ, բայց մենք անտրտունջ պետք է պայքարենք:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031