«Երբ Տիգրանակերտն այդպես անպատվաբեր հանձնվեց թշնամուն, մարդիկ ինձ տեսնում էին՝ ասում էին՝ դու դեռ սա՞ղ ես… Ես մտածում եմ, որ մենք ուժեղ ենք այն ժամանակ, երբ մեր վիճակը շատ վատ է»,- այսօր, ի աջակցություն Արցախին եւ արցախահայությանը, ընդդեմ արցախահայությանը սպառնացող վտանգի, Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում, արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված ցույցի ժամանակ ասաց Արցախի Տիգրանակերտի պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:
Արցախն ու Հայաստանն իր գնահատմամբ մշտապես ընդառաջ են գնացել եվրոպական հումանիստական սկզբունքներին եւ թեեւ Արցախը միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ չէր, Արցախի խորհրդարանը միշտ ընդունել է միջազգային փաստաթղթերը, որոնք պաշտպանում են մշակույթի իրավունքը, մեր դարավոր մշակույթի դասերին զուգահեռ փորձել ենք հասկանալ այն ամենն՝ ինչ առաջարկում է հումանիտար Արեւմուտքը. «Եվ այսօր, ես մեծ տարակուսանքի մեջ եմ. ինչո՞ւ մեր վիճակն այսպիսինն է, իսկ Արեւմուտքը սահմանափակվում է հայտարարություններով»:
Պատմական էքսկուրս կատարելով՝ մշակութային համատեքստում, Համլետ Պետրոսյանն ասաց, որ թշնամին փորձում է զրկել մեզ մշակույթից՝ ներկայացնելով այն աղվանական, ուդիական ու ստեղծված իրավիճակում, եթե մենք որոշել ենք, որ չպետք է լինենք՝ այլ հարց, «բայց եթե մենք որոշել ենք, որ այն ենք, ինչ-որ կանք, մեր ուժը ամենածանր եւ ամենաբարդ իրավիճակում աշխատելն է»: Իր պատմական զուգահեռներում նա նաեւ հանգեց այն մտքին, որ մեր մշակույթը հաճույքի համար չէ, իսկ մենք տրվեցինք այդ հաճույքին. «Ես ամեն ինչ արել եմ Տիգրանակերտում, որ այս օրը չգա, դուք արե՞լ եք այդ ամենը:
Ես, սահմանի վրա, 15 տարի աշխատել եմ եւ տեսել եմ, թե ինչպե՞ս են այդ դաշտերը բանակի բենզինով հերկել… Հիմա ծանր իրավիճակ է, ես չեմ ուզում հակասությունների մասին խոսել: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր որ այսօր են ուժեղ»: Ապա նկատեց, որ երբ քրիստոնեությունը Հայաստանում տարածվում էր, հայերն այն ժամանակ էլ լավ օրի չէին, բայց քրիստոնեությունը մի բան էր սովորեցնում՝ թույլը կարող է ուժեղ լինել, արժանապատիվ ապրել, հպարտություն ունենալ եւ հայերը մտածեցին, որ դա է, որ կարող է իրենց փրկել. հիմա մենք նմանատիպ վիճակում ենք եւ այսօր եկել է մեր ամենաուժեղ լինելու պահը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ