Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Տպավորություն ունեմ, որ իշխանությունը տրամադրված չէ մեծ ուժ ու եռանդ ներդնել սահմանադրական բարեփոխումների կայացման մեջ»․ Դանիել Իոաննիսյան

Դեկտեմբեր 26,2022 20:35

«Առհասարակ տպավորություն ունեմ, որ իշխանությունը տրամադրված չէ շատ մեծ ուժ ու եռանդ ներդնել սահմանադրական բարեփոխումների կայացման մեջ»,- «Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Քննարկումը կազմակերպվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ:

Ըստ նրա՝ դա առաջին հերթին կապված է անվտանգային միջավայրի հետ ու նշեց․ «Բոլորի համար է անվտանգային միջավայրն առաջնային խնդիր։ Բայց մյուս կողմից իշխանությունները չեն գիտակցում, որ կարևոր է իրոք ունենալ նոր Սահմանադրություն։ Սահմանադրությունը ներառում է այն հիմնական խաղի կանոնները, որով հասարակությունը խաղում է։ Այդ խաղի կանոնները, որոնցով մենք հարաբերվում ենք, մեզ պարտադրված են։ Մենք չենք որոշել։ Իշխանությունը 2015-ի ընտրությունները կեղծել է, մեզ պարտադրել են։ Դրա արդյունքում է, որ ՀՀ-ում օրենք խախտելը ոչ միայն ամոթ չէ, այլև մոդայիկ»։

Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ու հանձնաժողովը մեղմ ասած դանդաղ ու չգոհացնող արագությամբ են գործում։

Ըստ նրա՝ այս հարցում էլ է հիմնական խոչընդոտը անվտանգային միջավայրը։ Դանիել Իոաննիսյանի փաստմամբ՝ ի տարբերություն, օրինակ, ոստիկանական բարեփոխումների, սահմանադրական բարեփոխումներն առանց հանրային ներգրավվածության հնարավոր չէ իրականացնել, եթե չենք ուզում, որ դա լինի այնպես, ինչպես  2013-2015-ին էր, ինչն ավարտվեց հանրաքվե կեղծելով։ Նա նշեց․ «Ուզում ենք, որ լինի ռեալ գործընթաց։ Իրական հանրությունը գնա ընտրատեղամաս, մասնակցի ընտրության, լինի իրական ներգրավվածություն։ Սակայն, ցավոք, այս անվտանգային գործընթացում հանրությանը ներգրավելը շատ դժվար է»։

Դանիել Իոաննիսյանի համար միանշանակ է, որ հնարավոր չէ թույլ տալ, որ խիստ սահմանափակ թվով մարդկանցով որոշեն, թե պետությունն ինչպիսին է լինելու։

Նշենք, որ նոյեմբերի վերջին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից ընդունված որոշման համաձայն, նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ խորհրդարանական հանրապետություն: Միաժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խորհրդին են ներկայացրել Նախագահի լիազորությունների և կարգավիճակի հետ կապված առաջարկներ:

Այս առիթով Դանիել Իոաննիսյանը մանրամասնեց․ «Մեր հիմնական առաջարկությունն այն է, որ ՀՀ նախագահը իրական մասնակցություն ունենա, ոչ թե ուղղակի հաստատի կամ՝ ոչ, այլ նա նշանակի, իրական մասնակցություն ունենա դատական, հակակոռուպցիոն, ընտրական և այլ անկախ մարմինների ձևավորմանը։ Միաժամանակ ՀՀ նախագահն ընտրվի ոչ թե խորհրդարանի կողմից, օժտված լինի առաջնային մանդատով, ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, բայց որպեսզի հանկարծ երկիշխանության խնդիր չառաջանա, նա չփորձի գործադիր իշխանություն վերցնել իր ձեռքը, հստակ սահմանել տարբեր մեխանիզմներով, որ գործադիր իշխանության ղեկավարը բոլոր առումներով վարչապետն է։ Այն որոշ լիազորությունները, որոնք ունի նախագահը, փոխանցի վարչապետին, օրինակ՝ նախարարների նշանակումը»։

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ օրինակ, Վրաստանում, իրենց խորհրդարանը չի ընտրելու նախագահին․ «Հասկանում են, որ եթե խորհրդարանն ընտրի, դա քաղաքական մեծամասնությանը կից տարբերակ է դառնում։ Մինչդեռ Բուլղարիայի փորձը ցույց է տալիս, որ նախագահի կողմից դատական համակարգի նշանակումն այդքան խնդրահարույց չէ»։

Դիտարկմանը՝ հիմա գործում է նախագահի կողմից օրենքների վավերացման սիմվոլիկ ինստիտուտ և հարցին՝ արդյոք դա ևս վերափոխելու անհրաժեշտություն չունի՞, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Սա հիմա խորհրդում քննարկվում է։ Շատերը համարում են, որ նախագահը ինչ-որ առումով խորհրդարանի վերին պալատի նման լիազորություն պիտի ունենա»։

Քննարկման մոդերատոր, ԱլԳ ՔՀ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը հետաքրքրվեց՝ քննարկվո՞ւմ է դատավորների պաշտպանվածության՝ սահմանադրական արգելքի հարցը, քանի որ դատավորների պաշտպանվածության աստիճանն այնպիսին է, որ նրանց պատասխանատվության ենթարկելու լուրջ խոչընդոտներ կան, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Ես դատաիրավական բարեփոխումների մասնագետ չեմ։ Բայց գործընթացի մասով ասեմ, որ որևիցե հարց՝ կապված դատական իշխանության հետ այս պահի դրությամբ խորհրդում չի քննարկվել, և դա մեղմ ասած հարցեր է առաջացնում։ 2018-2019-ին, երբ եղավ դատարանների արգելափակումը, այն ժամանակ քննարկվում էր՝ արդյոք հնարավո՞ր է  իրականացնել վեթինգ առանց սահմանադրական բարեփոխումների։ Իշխանությունն ասում էր, որ հնարավոր չէ, և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվեց սահմանադրական բարեփոխումների իրականացում։ Սահմանադրական բարեփոխումների իրականացումը կարծես դատաիրավական բարեփոխումների բաղադրիչ լիներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031