Գյումրի քաղաքին 2023 թվականին հատկացվող դոտացիան կրճատվել է 248 միլիոն դրամով։ 2022 թվականին այս քաղաքին հատկացվել է 2 միլիարդ 796 հազար դրամ, իսկ գալիք տարվա ՝ 2023 թվականի համար նախատեսված է 2 միլիարդ 588,5 միլիոն դրամ։
Այսօր քաղաքի բյուջեն հաստատելիս՝ ավագանու նիստի ժամանակ այս թվերը հրապարակեց Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։
Քաղաքի բյուջեն, ըստ զեկուցողի, հավասարակշռված է՝ եկամուտներն ու ծախերը հիմնավոր են։
2023 թվականի բյուջեի եկամուտները կկազմի 4 միլիարդ 491,4 միլիոն դրամ, ծախսերը, ըստ Լենա Ջիլավյանի, հավասարազոր են, իսկ դոտացիան, ինչպես արդեն նշեցինք, կկազմի 2 միլիարդ 588,5 միլիոն դրամ։
Կարդացեք նաև
Լենա Ջիլավյանը նշեց, որ ծախսեր ու եկամուտներ հաշվարկելիս՝ հիմք են ընդունել անցած տարիների փաստացի տվյալները։ Ճշգրտված բյուջեն կներկայացնեն ամենաուշը փետրվարի վերջ ու արդեն իսկ պարզ կդառնա, թե որքան ազատ միջոցներ կունենա Գյումրին տարվա ընթացքում օգտագործելու համար։
«Բյուջեն բաղկացած է երկու մասից՝ ֆոնդային և վարչական։ Ֆոնդայինը մեր կապիտալ հնարավորություններին է վերաբերում, ֆոնդային միջոցները լրիվ այլ են, մեր հիմնական միջոցների օտարումից ստացած եկամուտներն են, և ծախսերը պետք է պարտադիր կատարվեն։ Իսկ վարչականը մեր սեփական եկամուտների մուտքերն են, և ծախսերը կատարվում են ընդհանուր դրույթներով»,-ասաց Լենա Ջիլավյանը։
Մշակույթի ոլորտին նախատեսել են 586,6 միլիոն դրամ, թանգարաններին՝ 76,9 միլիոն դրամ, սպորտին՝ 617, 6 միլիոն դրամ, դրա մեջ մտնում են գործուղումները և նվիրատվությունները։
Լենա Ջիլավյանի տեղեկացմամբ, 2023 թվականին քաղաքի ասֆալտապատման համար նախատեսել են 160 միլիոն դրամ։
«Քիչ ենք նախատեսել, քիչ, որովհետև մենք բավական սուբվենցիոն ծրագրեր ենք ներկայացրել կառավարություն և հավանական է, որ կառավարությունը դրանք կհաստատի։Եվ իր կողմից հաստատվող մասնաբաժնի հետ մենք կարող ենք սուբվենցիոն ծրագրերը օգտագործել քաղաքի կապիտալ ասֆալտապատման համար, կան նման ծրագրեր, նախատեսված են, ներկայացված են կառավարություն։ Եվ նաև մեր ֆոնդային բյուջեի գումարները կծախսենք այդ ուղղությամբ ու ազատ միջոցները նույնպես սուբվենցիայի հետ կօգտագործենք համայնքի նպատակների համար»։
Լենա Ջիլավյանը նշեց, որ տարին փակում են պարտքերով, դրանք ՀՈԱԿ-ների կոմունալ ծախսերն են։
«ՀՈԱԿ-ներից հաշիվ ֆակտուրաները պետք է ստանանք հունվարի 15-ից հետո, կարգն է այդպես։ Վճարելով գազի, լույսի, ջրի վարձերը՝ մենք պատրաստի թիվ կունենանք, թե մեզ ինչքան գումար կմնա որպես ազատ միջոց, որպեսզի կարողանանք ծախսել քաղաքի լրացուցիչ նպատակների համար», -ասաց զեկուցողը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ