Բայրամով-Լավրով հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բոյկոտեց, ճի՞շտ է արել արդյոք, բանակցությունները փակուղի՞ են մտել. այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին՝ ասաց. «Այսօրվա իշխանությունները այդ բանակցությունները տարել են այն ուղով, որն ուզում է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ իրենք հրաժարվում են Արցախից: Այն, որ հրաժարվում են գնալ բանակցությունների, դա անընդունելի է:
Ընդհակառակը՝ այդ բանակցությունների վայրը հարթակ է, որտեղ դու կարող ես պարզ բանակցային մարտավարություն, հնարամտություն օգտագործելով՝ համայն աշխարհին, նաեւ դիմացի նստած մարդկանց բացատրել՝ որոնք են հայ ժողովրդի շահերը: Իրենք այսպիսի վիճակում են հայտնվել, որովհետեւ երկակի խաղեր են տանում: ՌԴ-ն է, որն այսօր գետնի վրա՝ տեղում, միակ երաշխավորն է Արցախի՝ իր խաղաղապահ գործունեությամբ, չնայած այդտեղ էլ որոշակի խնդիրներ կան, թերություններ կան, բայց Արցախի ու հայ ժողովրդի շահերի համար պետք է պայքարել: Իսկ իրենք գնում են Արեւմուտք, վաշինգտոնյան պայմանավորվածությունների փաստաթուղթ եւ այլն…Չեմ ասում, որ պետք է չգնալ խաղաղության, Արեւմուտքի հետ հարաբերություններ չպետք է ունենալ, բայց պետք է ռեալ նայել այսօրվա իրավիճակին՝ այսօրվա ռեալ երաշխավորը Արցախում, որը կարող է տեղում համապատասխան գործիքակազմն օգտագործել՝ ՌԴ-ն է»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքն էլ տեղեկություններ ունի, որ այսօր Լաչինի միջանցքը հնարավոր է բացվի. «Ճանապարհը բաց թե փակ լինի, մենք պետք է ուղիներ ընտրենք, այն կարեւոր ուղիները, որոնք պետք է արցախցուն, հայ ժողովրդին համախմբեն: Հիմնական դերակատարը, որը Արցախին միանշանակ պետք է աջակցություն ցուցաբերի, ողջ հայ ժողովուրդն է, ՀՀ-ն է ու սփյուռքահայությունը: Պետք է սպասենք, տեսնենք երբ կբացվեն ճանապարհները, բայց այն, որ ճնշումները միջազգային հանրության, ՀՀ-ի կողմից պետք է շարունակվի Ադրբեջանի նկատմամբ եւ այն, որ արցախցին այսօր տեղում ցույց է տալիս՝ դա միակ ուղին է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ