Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Իրավիճակը նման է ժայթքման պատրաստ հրաբխի, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի եւ պատել ամբողջ Հարավային Կովկասը»

Դեկտեմբեր 26,2022 18:35

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում է ժայթքման պատրաստ հրաբուխի հետ, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի եւ պատել ամբողջ Հարավային Կովկասը: «Այս պայմաններում նրանք, ովքեր զրկված են ինքնապաշտպանությունից, դիմադրողականությունից, ընդհանրապես կարող են կորցնել պետականությունը: Ցավոք, այդ ցանկում առաջինը Հայաստանն է:

Ի՞նչ ծրագիր է իրականացվում: 2018 թվականի հոկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան, իսկ դա 1997 թվականից հետո այդ մակարդակի պաշտոնյայի առաջին այցն էր, նա տվեց  ցուցում-հանձնարարություններ. Ամերիկան կօգնի Հայաստանին, եթե նոր իշխանությունը կարողանա տեղավորվել ամերիկյան` եվրոպական, օրակարգում, որի առաջին կետն էր` առավելագույնս չեզոքացնել եւ Իրանի, եւ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, ապա պետք է լուծել Արցախի հարցը»,-ասաց նա:

Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդրին` ասելով. «Եթե հիշում եք, հարձակողական բնույթ կրող թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո Թուրքիան անթաքույց հայտարարեց, որ զորամիավորումները մնալու են Արաքսի հովտում, քանի դեռ չի լուծվել Զանգեզուրի միջանցքի հարցը: Հասկանալի է, որ Զանգեզուրի միջանցքի հարց լուծել նշանակում է ամբողջ տարածաշրջանը, մասնավորապես, Հարավային Կովկասը, դարձնել եռացող կաթսա, որովհետեւ Իրանը ոչ մեկ անգամ ու նաեւ ոչ դիվանագիտական լեզվով միշտ ասել է, որ որեւէ մեկի թույլ չի տա իրականացնել այդ նպատակը եւ պատրաստ է ամեն ինչի, այդ թվում նաեւ ռազմական քայլերի:

Այս պահին Արցախը միջոց է: Եթե թվարկենք ով` ինչ շահ է հետապնդում, կտեսնենք, որ Թուրքիան թքած ունի թե Արցախի, թե Ադրբեջանի ամբողջականության վրա: Թուրքիան կարողանում է Արցախի հարցը որպես միջոց օգտագործել, որպեսզի իրականացնի իր դարավոր ծրագիրը` Զանգեզուրի միջանցքի խնդիրը, որը մեկ դար առաջ Գարեգին Նժդեհի շնորհիվ հնարավոր եղավ թույլ չտալ»:

Բանախոսը, ըստ էության Ադրբեջանին համարում է գործիք Թուրքիայի ձեռքում` վստահ լինելով, որ տեղի ունեցողի հեղինակն ու սցենարի հեղինակը Թուրքիան է:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031