Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով «Կարմիր Խաչի» միջոցով Արցախ տեղափոխվող բեռների մասին՝ ասաց. «Ես ամենօրյա կապի մեջ եմ Արցախում գտնվող իմ ընկերների ու այստեղ գտնվող գործընկերների հետ: Մենք կազմ ու պատրաստ ենք՝ միասին իրականացնելու այն խնդիրները, որոնք կառաջադրվեն: Այսօր խնդիրն ավելի շատ դիվանագիտական հարթության մեջ է եւ մենք, որպես տնտեսության համար պատասխանատու կողմ, որեւէ անմիջական անելիք այս պահին չունենք»:
Նա ասաց, որ Արցախ տեղափոխվող բեռների մասին գիտի այնքան, ինչքան ԶԼՄ-ները:
Քերոբյանը գրառում էր արել, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կդառնա 6600-6800 դոլար եւ մենք կհասնենք Թուրքիայից առաջ կանցնենք: Այս գրառումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: Քերոբյանը բացատրեց. «Այո, այդպիսին են թվերը: Այս տարվա համար թե՛ ԱՄՀ-ն, թե՛ Համաշխարհային բանկը տեսնում են, որ մենք 6600-6800 դոլարի միջակայքում կլինենք: Դա նշանակում է, որ մենք պետք է որպես երկիր փոխենք մեր մտածելակերպը, փոխենք մեր ինստիտուտների որակը, որ կարողանանք որպես արդեն այլ կլասսի երկիր աճել, աշխատել»:
Կարդացեք նաև
Նա օրինակ բերեց. «Պատկերացրեք ,դուք ունեք մի տեսակի մեքենա, հետո անցնում եք այլ՝ ավելի բարձր դասի մեքենայի՝ ավելի լավ շարժիչով, լավ ակերով, բայց արգելակները, հսկողական այլ համակարգերը մնում են հին մեքենայինը: Այդտեղ առաջանում են տարբեր խնդիրներ: Հիմա կարիք կա, որ մենք մյուս պետական ինստիտուտները համապատասխանեցնենք: Օրինակ, տեսչական մարմիններին կարող է դա վերաբերվել: Դրա շնորհիվ է, որ մենք կարող ենք փոխել մեր երկրում ապրող քաղաքացիների կյանքի որակը»:
Երբ լրագրողներն ասացին, որ մեքենան փոխում են այն դեպքում, երբ կյանքը լավանում է, բայց մարդիկ ասում են՝ չեն զգում, որ իրենց կյանքը լավացել է՝ Քերոբյանն արձագանքեց. «Դուք խոսում եք մի քանի մարդկանց մասին, մենք խոսում ենք ընդհանուր երկրին վերաբերվող թվերի մասին: Ես էլ ձեզ կասեմ՝ գնացեք խոսեք ցանկացած բիզնես անող մարդու հետ ու կտեսնեք, թե իրենք ինչպիսի առաջընթաց են գրանցում: Բիզնեսները փոխել են իրենց կլասսը առեւտրի առումով, արտահանման առումով, տեխնիկական հագեցվածության, մարդկային ռեսուրսների առումով: Մեր երկրում աշխատող բիզնեսների մեծ մասը էական առաջընթաց է արձանագրել»:
Քերոբյանը մասնավորապես նշեց հաջողակ բիզնեսներից մի օրինակ. «Շաբաթ օրը ես այցելել եմ «Երեւանի շոկոլադի գործարան», արտահանումը 3 անգամ աճեցրել է, երկուսուկես անգամ առեւտրաշրջանառությունը մի տարվա մեջ ավելացրել : Հիմա իրենք իրենց պատվերները չեն հասցնում կատարել»:
Խոսելով իր «չոր նավահանգստի» կամ արդյունաբերական պարկի. «Վարչապետի մոտ կայացած Հանրային ներդրումային կոմիտեում չոր նավահանգստի նախագիծը նախնական հավանության արժանացավ եւ մենք հիմա թեւակոխում ենք խորացված տեխնիկատնտեսական փուլ, որին կհաջորդի արդեն ներդրումային ծրագրի իրագործումը: Այն նախատեսում է, որ կարվի պետություն-մասնավոր գործընկերություն ընթացակարգով»: Նախատեսվում է, որ ԱՄԷ-ից որոշ ընկերությունների հետ կհամագործակցեն, եվրոպական ու ասիական մի շարք ընկերությունների հետ նախնական քննարկումներ են արել:
Սոցցանցերում այս նախագծի հետ կապված բազմաթիվ հումորներ ու մեմեր են տարածվել: Քերոբյանն արձագանքեց. «Պարզ է, որ սոցցանցերում ինքնառեալիզացման համար կարող են ծաղրել եւ այլն: Էկոնոմիկայի նախարարությունը արդեն բազմաթիվ նախագծեր, որոնք անիրատեսական էին թվում, արդեն իրագործել է: Լեռնադահուկային համալիրն էլ ես հիշում եմ, թե ինչպիսի ծաղրանքի էր արժանացել, բայց հիմա այնտեղ ճոպանուղին աշխատում է եւ շուտով դահուկ կարող ենք միասին քշել: Դա համաշխարհային առաջատար կանադական ընկերության նախագծած լեռնադահուկային ավան է, որ Հայաստանը դարձնելու է գրավչության շատ լուրջ նպատակակետ՝ այդ գործունեությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ